Ո՞վ է պահանջելու իշխանություններից հաշվել Հայաստան երկրին հասցված վնասի չափը

Nov 08, 2018 1 Comment

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: ITAR-TASS գործակալության տվյալներով, օրակարգային հիմնական թեմաներն եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջիկա գագաթաժողովը և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը:

Վաղը Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովն է կայանալու: Իսկ պաշտոնական Երևանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է տեղեկությունը, թե կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում մտադիր է առաջադրել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը:

1999-2000 թվականների ընթացքում Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարած Հարությունյանի թեկնածության մասին ոչ պաշտոնական լուրերը շրջանառվում են արդեն մի քանի օր: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը երեկ «Ազատությանը» միայն փոխանցել է, թե պաշտոնապես չի կարող հաստատել այդ տեղեկությունը․ – «Տեղյակ եմ, որ նման տեղեկատվություն է շրջանառվում, բայց այս պահին դեռ պաշտոնապես չեմ կարող հաստատել այն»:

Այս թեմայի շուրջ այսօր Ազգային ժողովում փոքր-ինչ ավելի է խոսել փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Հարցին, թե արդյոք հաստատում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է, դիվանագետը պատասխանել է․ «Ես չեմ կարող որևէ բան հաստատել կամ հերքել այս առումով: Նշեցի, որ խնդիրները քննարկվում են, տեղի են ունենում խորհրդակցություններ: Հայաստանի համար շատ էական է ՀԱՊԿ գործունեության անընդհատությունը և այդ կազմակերպության հեղինակությունը»:

Նազարյանն ակնկալում է, որ Աստանայում նոյեմբերի 8-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում հստակություն կառաջանա․ – «Գիտեք, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ: Գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Դրա մասին այստեղ արդեն խոսել է արտգործնախարարը: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք այս պահին ընթանում են: Ես չէի ցանկանա կանխատեսել ամսի 8-ի քննարկումները․ դրանք, ինչպես գիտեք, փակ են»:

ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածի համաձայն, դաշինքնի գլխավոր քարտուղարը պաշտոնավարում է երեք տարի: Հաշվի առնելով, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը պաշտոնավարում էր 2017թ. ապրիլի 14-ից, ենթադրվում է, որ մինչև 2020թ. ապրիլը պաշտոնական Երևանը ներկայացնող անձը պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այս հարցի առնչությամբ նշել է․ «Եկեք երկու օր սպասենք: Որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ ես ուղղակի տեղյակ չեմ: Իմ սկզբունքային մոտեցումը նա է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»:

Մինչդեռ ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, ներկայում կազմակերպությունում քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը: Մասնավորապես օրերս, մոսկովյան Коммерсант-ը, հղում կատարելով դաշինքի անդամ երեք երկրներում դիվանագիտական իր աղբյուրներին, հայտնեց, որ դաշինքում քննարկվում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը և որ, ամենայն հավանականությամբ, Զասն է զբաղեցնելու կազմակերպության գլխավոր քարտուղարի աթոռը: Սակայն հարցն իր վերջնական լուծումը կստանա Աստանայում այս նոյեմբերի 8-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը նախօրերին պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում քննարկվում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը, միայն պատասխանել է, թե կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը «հավանաբար կքննարկվի ՀԱՊԿ նոյեմբերի 8-ի գագաթնաժողովի ընթացքում»:

Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:

Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով: Նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Վաղը ՀԱՊԿ-ականները կպատասխանեն Հայաստանի իշխանությանը, թե ինչպես են ընդունել Փաշինյանի հասցրած «թիկունքից հարվածը»՝ ՀԱՊԿ-ը հեղինակությանը: Ակնհայտ է, որ Լուկաշենկոն հարմար առիթի էր սպասում և այժմ ամեն ինչ անելու է Բելառուսի թեկնածուին առաջ մղելու համար: Խաչատուրովի շուրջ աղմուկից հետո նա առաջին արձագանքողն էր՝ «բա որ ասում էի ՀՀ ներկայացուցիչ չընտրենք» բացատրությամբ…

Եթե վաղը ՀԱՊԿ-ում այլ երկրի ներկայացուցիչ գլխավոր քարտուղար ընտրվի, մենք ի՞նչ ենք շահելու այս ամենից: Հայաստանի իշխանությունը չէ՞ր կարող ավելի նուրբ գտնվել, հաշվարկեր իրավիճակն ավելի զգույշ: Այս մասին բազմիցս է ասվել. մի՞թե հնարավոր չէր Խաչատուրովին որևէ այլ պատճառաբանությամբ հետ կանչել, որից հետո միայն Մարտի 1-ի գործը առաջ մղել…

Վաղուց ժամանակն է, որպեսզի մեր իշխանությունները արտաքին քաղաքական հարցերում ավելի լուրջ ու զգույշ քաղաքականություն վարեն՝ հաշվարկելով Հայաստան պետության շահը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ո՞վ է պահանջելու իշխանություններից հաշվել Հայաստան երկրին հասցված վնասի չափը” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    amen pan pjajuj nikol ter al bidi chrunage mnjev hayastan anhdana yv verj inj yk sbasum ays tavajanin hrajnlu yv jer yrgir prgelu artyok aykan struk ygaj yk ???…