Այս շաբաթ կլսեք կադրային փոփոխությունների մասին. Հայկ Մարության

Oct 21, 2018 Comments Off on Այս շաբաթ կլսեք կադրային փոփոխությունների մասին. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է «Էրեբունի 2800» հուշարձանի բացմանը և շնորհավորել երևանցիներին տոնի կապակցությամբ:

«Երևան 2800. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հինավուրց, հիանալի քաղաքում ենք ապրում, ինչ մեծ պատմություն ունեցող քաղաքում ենք ապրում մենք»,-ասաց նա և նշեց, որ հասցրել է շրջել քաղաքում և նկատել է ժպտացող դեմքեր, ուրախ մարդիկ, երջանիկ երևանցիներ: «Սրանից մեծ երջանկություն, նվեր Երևանին չի կարող լինել»,-ասաց նա:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է երեկ քննարկել նախկին քաղաքապետների հետ, ում ինքն էր հրավիրել, Հայկ Մարությանն ասաց, որ դա փորձի փոխանակում էր: «Շատ հետաքրքիր զրույց ստացվեց, շատ կոնստրուկտիվ, և դա շարունակական բնույթ է կրելու»,-հավելեց նա:

Հարցին՝ սպասվո՞ւմ է, որ նրանք ևս պաշտոն կստանան քաղաքապետարանում, Հայկ Մարությանն արձագանքեց, որ այդպիսի խոսակցություն չի եղել, բայց ամեն ինչ հավանական է:

Նա նշեց նաև, որ կադրային փոփոխություններ սպասվում են: «Այս շաբաթ դուք կլսեք այդ մասին»,-հավելեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: