Ո՞վ է հաշվում կորուստները

Oct 20, 2018 Comments Off on Ո՞վ է հաշվում կորուստները

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից Մոսկվա է տեղափոխվելու: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Նա հայտնել է, որ որոշումը պայմանավորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականով: «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի, այդ անկայուն վիճակը հոկտեմբերի վերջին կարող է ստեղծվել: Եթե իրավիճակը մեր պատկերացրած սցենարով զարգանա, մենք ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է և անտրամաբանական», – մեկնաբանել է Կալաշնիկովը՝ ասելով, որ ՀԱՊԿ ԽՎ-ն «կարելի է հանգիստ Մոսկվայում անցկացնել»: – «Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ կընկնի, մենք կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ», – հավելել է նա:

Երեկ պաշտոնական Երևանն անդրադարձել է այդ խնդրին՝ ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հարցով քննարկումները շարունակվում են, լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: «Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մեր ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա: ՀԱՊԿ հեղինակությունը Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի համար», – հայտարարեց Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը խնդիր չի տեսնում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշման մեջ: «Այս հարցերին պետք պրագմատիկ վերաբերվենք: Չգիտեմ՝ այս պահին խորհրդակցությունը մեր գործընկերների հետ ինչպիսին է, բայց մոտեցումը պետք է պրագմատիկ լինի: Որևէ խնդիր չեմ տեսնում», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա:

Հիմա պրագմատիզմ կարելի է դրսևորել ցանկացած հարցում, բայց պետք է հաշվել, թե Հայաստանի հանրապետությունը ինչ շահեց առհասարակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ այս աղմուկից:

Արդյոք չէր կարելի ռուսական կողմի հետ քննարկել հարցը, ապա Մարտի 1-ի գործով նոր գործընթացի սկսել Խաչատուրովի շուրջ: Առանց այն էլ ռուսական կողմը, այսպես ասած, բարդ գործընկեր է, չհաշված կազմակերպության այլ անդամ երկրների ջերմ հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Այնպես որ, պրագմատիզմը՝ պրագմատիզմ, բայց Հայաստանի շահն էլ պետք է հաշվել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: