Պուտինի անկումը. Կարո՞ղ է «պայթել» Ռուսաստանը

Oct 12, 2018 Չի մեկնաբանվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակում է կտրուկ նվազել: Դա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի հարցման՝ երկուշաբթի օրը հրապարակված արդյունքները: Դրանց համաձայն՝ ռուսաստանցիների միայն 39 տոկոսն է այսօր վստահում երկրի ղեկավարին:

Ուշագրավ է, որ ընդամենը 10 ամսում Ռուսաստանի նախագահի վստահության վարկանիշը նվազել է 20 տոկոսով: 2017 թվականի նոյեմբերին «Լևադա» կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն՝ Պուտինին վստահում էր հարցված ռուսաստանցիների 59 տոկոսը:

«Մի քանի ամիս առաջ արդեն նկատելի էր, որ Ռուսաստանի նախագահի վարկանիշը նվազում է: Հունիսին այդ ցուցանիշը կազմում էր 48 տոկոս, իսկ վերջին 4 ամիսներին Պուտինի վարկանիշը նվազել է ևս 9 տոկոսով», ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ արձանագրում են ռուսաստանցի սոցիոլոգները` հավելելով․ – «Կտրուկ կերպով նվազում է նաև Ռուսաստանի նախագահի մերձավոր թիմակիցների վարկանիշը»:

Այսպես, «Լևադա» կենտրոնի մասնագետների կողմից սեպտեմբերին անցկացված հետազոտության համաձայն՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վարկանիշը 2017-ի նոյեմբերից մինչև այս տարվա սեպտեմբեր նվազել է ավելի քան 8 տոկոսով` 23-ից հասնելով 15 տոկոսի:

Կառավարության ևս մեկ առաջատար անդամի` արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին այսօր վստահում է ռուսաստանցիների միայն 10 տոկոսը` նախորդ տարվա նոյեմբերին արձանագրված 19 տոկոսի դիմաց: Նվազել է նաև նախկին նախագահ, գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանց այդ էլ ցածր վարկանիշը՝ այսօր նրան վստահում է Ռուսաստանի բնակիչների միայն 10 տոկոսը:

«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, ի դեպ, Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի ամենացածր վստահության մակարդակ ունեցող գործիչն է: Եթե հավատանք հարցման արդյունքներին, ապա կառավարության ղեկավարին չի վստահում Ռուսաստանի բնակչության 31 տոկոսը` 2017-ի նոյեմբերի 19 տոկոսի դիմաց:

Փոխարենը՝ նվազում է այն ռուսաստանցիների թիվը, որոնք հայտարարում են ընդդիմադիր գործիչների հանդեպ տածած կտրուկ հակակրանքի մասին: Այսօր ռուսաստանցիների միայն 3 տոկոսն է հայտարարում, որ չի վստահում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն` նախորդ տարվա աշնանը արձանագրված 10 տոկոսի դիմաց: Քսենիա Սոբչակին մեկ տարի առաջ կտրականապես չէր վստահում ռուսաստանցիների 14, իսկ այսօր՝ միայն 4 տոկոսը:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ռուսաստանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Պուտինի վարկանիշի անկումն, արդեն Ռուսաստանի հասարակության շրջանում ակնհայտ փաստ է, այն քննարկվում է լայնորեն, ինչը, աննախադեպ երևույթ է:

Ի դեպ, սոցիալական ցանցերում ռուս օգտատերերի մոտ որոշակիորեն զուգահեռներ են տարվում այս տարի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, այն առումով, որ թվում էր, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ էր կայուն և ուժեղ, բայց ինչ կատարվեց մի քանի օրում: Ռուսաստանյան քննարկումներում հասարակությունն ազատորեն քննարկում է այդ թեման դեռ մինչև հիմա:

Իհարկե, Պուտինը կգտնի ելքեր՝ վարկանիշի բարձրացման ուղղությամբ: Թե՛ ներսում, թե՛ դրսում նա կգնա քայլերի, որոնց արդյունքում նա կձգտի մեծացնել հասարակության վստահությունն իր նկատմամբ:

Հարցը նրանում է, թե ինչպիսին կլինեն նրա քայլերը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Պուտինի անկումը. Կարո՞ղ է «պայթել» Ռուսաստանը”

Մեկնաբանել