Արմավիրի մարզպետը միջամտում է արհմիությունների գործունեությանը

Sep 19, 2018 Comments Off on Արմավիրի մարզպետը միջամտում է արհմիությունների գործունեությանը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիության հայտարարությունը Արմավիրի մարզում արհմիությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ

Վերջերս ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 10 պատգամավորներ ներկայացրել են «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հիմնավորում են իբր արհմիություններին գործատուներից անկախացնելու անհրաժեշտությամբ: Այդ քաղաքական ուժի մտահոգությունների պատճառները կասկածանքների տեղիք են տալիս, քանի որ դրա հետ մեկտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը պաշտոնին նշանակվելուց հետո, արգելել է մարզպետարանի աշխատողներից արհմիության անդամավճարի գանձումը և փոխանցումը արհեստակցական կազմակերպությանը, ինչը խոչընդոտ է հանդիսանում արհեստակցական կազմակերպության գործունեության համար։

Մարզի կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն, գերազանցելով իր պաշտոնական լիազորությունները, մարզպետը անօրեն միջամտում է նաև մարզում գործող այլ արհմիությունների գործունեությանը: Չարաշահելով պաշտոնական դիրքը՝ մարզպետը պարտադրել է համայնքապետերին տեղեկություններ տրամադրել կոլեկտիվ պայմանագրերի առկայության կամ բացակայության մասին, պահանջել է դրանց առկայության դեպքում իրեն տրամադրել պայմանագրի լուսապատճեները, ինչպես նաև հորդորել է կոլեկտիվ պայմանագրի բացակայության դեպքում չփոխանցել արհմիության անդամների անդամավճարը, ինչը ևս դիտարկում ենք, որպես միջամտություն և խոչընդոտում արհմիությունների գործունեությանը:

Հիշեցնում ենք, որ համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի՝ պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, իսկ վերջինիս խոչընդոտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահություն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: