Նիկոլի «Լույսն» ու ստվերը

Sep 19, 2018 Comments Off on Նիկոլի «Լույսն» ու ստվերը

Լույս դաշինքի ներկայացուցիչները այնքան տարօրինակ քարոզարշավ են վարում, մի տեղ գովում են իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանին, մյուս տեղում՝ Նիկոլ Փաշինյանին, որ այդպես էլ չի հասկացվում, թե Նիկոլ Փաշինյանի եւ դաշնակիցներ Արամ Սարգսյանի ճանապարհները մի՞թե բաժանվել են ու այդ պատճառով են նրանք Լույս դաշինքի անվան տակ առանձին մասնակցում ընտրություններին, թե այս բաժանումը մարտավարական քայլ է, որը փորձարկում են ընտրություններին: Պետք է արձանագրել, որ բոլոր առումներով էլ այսպես կորված շահողը լինելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ հակառակ կողմում կհայտնվեն դաշնակիցները: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը իր տեսակին հավատարիմ մնալով որոշել է երբեմնի դաշնակիցների հետ ճանապարհը շարունակել կոնկրետ ստուգարքից հետո, երբ պարզ կդառնա, թե ընդհանրապես իրենցից ինչ են ներկայացնում առանց Փաշինյանի: Այո, համապետական ընտրություններին ԵԼՔ դաշինքով նրանք անցան խորհրդարան, սակայն դաշինքներում չգրված օրենք կա, որ հաջողությունը չի վերագրվում անհատներին, պարտությունը նույնպես, այստեղ հավասարը հավասարի սկզբունքն է գործում: Եւ խորհրդարանական ընտրություններից հետո Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը ճիշտ նույն դիրքերում էին: Սակայն ապրիլին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո, անհերքելի է, որ բոլորովին այլ բեւեռներում են հայտնվել նրանք՝ Նիկոլ Փաշինյանը ձիու վրա է, իսկ մյուս երկուսը՝ ներքեւում: Ընդ որում կողմերի միջեւ հեռավորությունը ավելին է, քան երեւում է, քանի որ հիշենք, որ դուետը չէր կիսում Նիկոլ Փաշինյանի հեղափոխական պլանները ու վերջինիս կողքին հայտնվեց միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Այս համատեքստում առավել քան օրակարգային էր նրանց համար ստուգարքի հարցը: Այդպիսով՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե ընդհանրապես, որքան է ոչ հակահեղափոխականների քաշը: Սակայն, բոլոր դեպքերում կշահի Փաշինյանը: Նախ հասկանալի է, որ գրեթե հրաշք պետք է կատարվի, որպեսզի Լույսը հաղթի ավագանու ընտրություններին, թեկուզ հենց այն պատճառով, որ հետհեղափոխական էյֆորիան դա թույլ չի տա, այնպես որ ընտրություններից հետո հնարավոր կոալիցիան Փաշինյանի Իմ Քայլի հետ այլընտրանք չունի: Պարզապես որքան ցածր ցուցանիշ ունենա Լույս-ն այդ ընտրություններից հետո, այնքան ավելի աղոտ կլինի Փաշինյանի հետ հետագա համագործակցության, հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասին գնալ-չգնալու հարցը, այդ պարագայում հնարավոր է մի քանի տեղ հատկացնելով ՝ վարչապետը փակի նախկին դաշնակիցների էջը:

Ի դեպ, կա ՀՀԿ-ական մի ստվար զանգված, որ թեեւ մեծ համակրանք ունի Մարուքյանի ու Սարգսյանի թիմի նկատմամբ, սակայն կաշկանդված է, քանի որ համարում է, որ Լույսը Փաշինյանի դաշնակիցն է եւ եթե ինքը ձայնը դա այս դաշինքին, վերջնարդյունքում այդ ձայների կապիտալիզացիան իրականացնելու է Փաշինյանի թիմը: Եթե լինի հստակ երաշխիք, ապա գուցե լինի նաեւ աջակցություն: Բայց Լույս-ի լիդերների քարոզարշավից գոնե նման երաշխիքներ չեն հնչում, եթե չասենք հակառակի մասին, որ իրենք Փաշինյանի ամենամոլի պաշտպաններն են:

Իսկ սա դաշինքի համար գրեթե ինքնասպանության հավասար մի բան է: Ի վերջո, եթե պաշտպանելու են Փաշինյանին, ինչու պիտի ընտրողն իրենց ձայն տա, այդ դեպքում ձայնը կտա հենց Փաշինյանի թեկնածուին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: