Հաշվել, հետո «ցատկել»

Sep 14, 2018 Comments Off on Հաշվել, հետո «ցատկել»

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով կմեկնի Ֆրանսիա, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

Օրեր առաջ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը այցերի մասին տեղեկատվություն կտրամադրեն այցերից միայն մեկ-երկու օր առաջ:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման օրակարգին՝ նշել է. «Եղան հրապարակումներ, թե Փաշինյանը մեկնում է Փարիզ՝ «Վեոլիա ջրի» հետ կապված, պետք է հիասթափեցնեմ։ Այս այցի մասին պայմանավորվածությունը դեռ Բրյուսելում էր ձեռք բերվել վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպման ժամանակ, և սա ծրագրված այցելություն է», – նշեց նա։ «Ֆրանսիայի հետ մենք ծավալում ենք համագործակցություն քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական բնագավառներում և բոլոր հարցերը լինելու են օրակարգում», – ընդգծել է նա։

Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով հոկտեմբերին ժամանելու է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, սա իհարկե, այցելությունների բարձրագույն մակարդակն է, և խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների միջև բարձր մակարդակը:

Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի լարվածության ու անորոշության ֆոնին, ժամանակն է, որ Փաշինյանը արևմտյան երկրների հետ հարաբերություններում կոնկրետություն մտցնի, ներկայացնի իր տեսլականը, թե ինչպես է պատկերացնում հարաբերությունների խորացումը: Թե՞ թողնում է ամեն ինչ ինքնահոսի, այնպես, ինչպես նախկինում էր:

Տևական ժամանակ ամեն ինչ արվում էր, որպեսզի կազմակերպվի Փաշինյան-Թրամփ հանդիպումը, այդ նպատակով կոնգրեսականների նամակի մասին տեղեկություններ հրապարակվեցին:

Սակայն դիվանագիտական աշխատանքների որոշ մանրամասներ պետք է փակ լինեն, որովհետև նպատակը կարող է և չիրագործվել, հետևաբար, նախօրոք համոզվածություն ստեղծել, թե կայանալու է Փաշինյան-Թրամփ հանդիպումը՝ մարտավարական սխալ է կառավարության կողմից: Իսկ այդ հանդիպումը կարող է և չկայանալ: Իհարկե, այդ հանդիպումը կարող է տեղի չունենալ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով և դա կարող է կապված չլինել Փաշինյանի անձի հետ, այլ պայմանավորված նրանով, որ Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրություն դարձնելու գլոբալ իմաստ չի տեսնում Վաշինգտոնը:

Սակայն այս ամենը պետք էր կարողանալ հաշվել, կանխատեսել:

Հետևաբար, թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա կառուցելու նպատակով հարկավոր է իսկապես պրոֆեսիոնալիզմ դրսևորել: Ակնհայտորեն, առայժմ այդ հարցում «կաղում» ենք:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: