Մի կաթիլ մեղր չդառնա Փանիկի միջադեպը. ինչ է առաջարկում Արմեն Աշոտյանը

Jul 19, 2018 Comments Off on Մի կաթիլ մեղր չդառնա Փանիկի միջադեպը. ինչ է առաջարկում Արմեն Աշոտյանը

Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գհանատականներ հնչեցնելը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ ՌԴ զինվորականների մասնակցությամբ:

«Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր:

Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր: Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական ԶԼՄ-ների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ: Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»,- գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,-ասաց նա՝ հավելելով, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: