Կառավարությունում թերթեր չեն բաժանորդագրվում-կարդում՝ թերթ կարդացող-պատմողներ են պահում

Jul 14, 2018 Comments Off on Կառավարությունում թերթեր չեն բաժանորդագրվում-կարդում՝ թերթ կարդացող-պատմողներ են պահում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մամուլի, ազատ խոսքի, հանրությանը իրազեկելու հարցերի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը գնալով ուշագրավ դրսեւորումներ է ստանում։ Նախ, երիտասարդ իշխանավորները որոշեցին, որ անձամբ են իրականացնելու հանրային իրազեկումը եւ, սկսած վարչապետից, վերջացրած վարչությունների պետերով ու  նախարարներով, սկսեցին Ֆեյսբուքում «լայվեր» մտնել, ստատուսներով հաղորդել ամենակարեւոր ինֆորմացիան՝ դրանով նախ անիմաստ դարձնելով գերատեսչություններում աշխատող մամուլի եւ հասարակայնության հետ կապերի հսկայական ծառայությունների աշխատանքը, ապա մամուլը մղելով հետին պլան։ Հասկանալի է սոցցանցերի դերակատարումը մեր կյանքում, բայց պետական պաշտոնյան չի կարող լրատվամիջոցների աշխատանքը ստվերել, լրագրողներին հարցազրույցներ չտալ եւ հանրային իրազեկման քաղաքակիրթ հարթակները՝ ԶԼՄ-ները, չօգտագործել։ Ապա պարզվեց, որ երիտասարդ պաշտոնյաները դեռ չեն թոթափել ընդդիմադիրի իրենց արտոնյալ կեցվածքը եւ կարծում են, որ մարդիկ իրենց միայն պետք է գովերգեն ու փառաբանեն։ Եվ ըստ այդմ՝ սվիններով են ընդունում ցանկացած քննադատություն։ Հատկապես սոցցանցերում բանակներ պահող ջահելները։ Իսկ երեկ մեզ մի նոր անակնկալ էր սպասվում․ մեզ հետ կապվեց թերթերի վաճառքով զբաղվող կազմակերպություններից մեկը եւ ասաց, որ կառավարությունը հրաժարվում է թերթերի բաժանորդագրություններից։ Ընդ որում՝ ոչ միայն «Հրապարակի», այլեւ գրեթե բոլոր թերթերի։ Երբ թերթերի իրացնողները կապվել են այս խնդիրներով զբաղվող կառավարության ներկայացուցչի, այս պարագայում՝ կառավարության գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանի հետ, վերջինս անչափ ուշագրավ պատասխան է տվել։ Ասել է՝ մենք թերթ բաժանորդագրվելու-ստանալու կարիք չունենք, մենք 150 հոգանոց մեծ ՊՈԱԿ ենք պահում, էդ 150 հոգին ինչո՞վ պետք է զբաղվի, թող ամեն օր կարդան թերթերը, կառավարության անդամներին զեկուցեն, թե ինչ է գրում մամուլը։ Խոսքը, հավանաբար, «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է, որը ձեւավորվեց ՀՀ նախագահի եւ կառավարության համապատասխան կենտրոնների միավորումից եւ պետք է զբաղվի լուրջ վերլուծական աշխատանքով, Հայաստանի տեղեկատվական քաղաքականությունը մշակի դրսում եւ ներսում։ Այս հսկա մարմինը, փաստորեն, ըստ Աճեմյանի, այնքան պարապ է, որ զբաղված է միայն օրվա թերթերը կարդալով եւ կառավարության անդամներին մամուլի տեսություններ տրամադրելով։ Հիշեցնենք, որ այս անձը՝ գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը, մի քանի օր առաջ հայտնվել էր աղմկոտ սկանդալի կենտրոնում՝ պարզվել էր, որ նա «Կյանքի խոսք» եկեղեցու անդամ է։ Գուցե այս տեմպերով գնալու պարագայում ՀՀ կառավարությունում ոչ թե «Հրապարակ», «Ժողովուրդ», «Առավոտ» եւ «Փաստ» թերթերը կարդան, այլ «Կյանքի խոսք» եկեղեցու հիմնադիր Ուլֆ Էկմանի կամ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արթուր Սիմոնյանի աշխատությունները։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: