Մենք նկատում ենք նաև հայացքների բախում և խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը

Jun 13, 2018 Comments Off on Մենք նկատում ենք նաև հայացքների բախում և խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Թավշյա, ոչ բռնի, սիրո, հանդուրժողականության հեղափոխություն, իսկ շարունակությունը` հույս, ժպիտ, ոգևորություն, բայց ոչ` պարզվում է, որ դա բոլորի համար չէ կամ գոնե մարդկանց այն խմբի` մի կոլեկտիվի, որ դա նաև իրենն է համարում: Մեկ ամսից մի քիչ ավել և` հուսահատություն… Ինչու?:
1993թ.-ից ՀՀ–ում գործում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, որտեղ հիմնադրման օրվանից աշխատում էր կազմակերպության այժմյան նախագահը` Լիլիթ Արզումանյանը Lilit Arzumanyan : Նա նախագահ էր 5 տարի, որի աշխատանքի արդյունավետությանը մենք քաջ տեղյակ էինք, սակայն ընդամենը մեկ օրվա ընթացքում հնչած զանգերից հասկացանք, թե որքան գոհ են նրա աշխատանքից գիտնականների տարբեր խմբեր, անհատներ, նույնիսկ այնպիսիները, որոնց հետ բախումներ ենք ունեցել:
Սա Լիլիթ Արզումանյանի մասին. ում մասին որպես մարդ, որպես ղեկավար կարելի է շատ երկար խոսել, բայց չչարաշահենք: Հիմա զավեշտի մասին. հունիսի 12-ին աշխատանքային օրը ԲՈՀ-ում սկսվեց ինչպես միշտ, սակայն ժամը 12-ից հետո սկսվեցին զանգերը տարբեր կազմակերպություններից, անհատներից և զարմանքով հնչող հարցը նույնն էր. <<Ինչ է, Արզումանյանին ազատել են աշխատանքից>> և ստանալով բացասական պատասխան, առաջարկում էին ուսումնասիրել կայքերը: Մենք այլ կերպ չէինք էլ կարող պատասխանել, որովհետև Լիլիթ Արզումանյանը պաշտոնավարում էր` ոչ ոք նրան չէր տեղեկացրել աշխատանքից ազատման մասին, գոյություն չուներ աշխատանքից ազատման հրաման: Սակայն ՀՀ կառավարության կայքում դրված էր Վարչապետի որոշումը` ոմն Սմբատ Գոգյանի ԲՈԿ-ի նախագահ նշանակման մասին: Այ քեզ զավեշտ…
Հարգելի Վարչապետ, բոլորն էլ կյանքում սխալներ ունեն և սխալ է` սխալը չուղղելը: Մի անգամ Ձեր ղեկավարությամբ ընթացող Կառավարության նիստը լսելիս, քննարկվող հարցը մի քանի անգամ կրկնել տվեցիք և շատ իմաստուն հարց տվեցիք.<<Միթե չեք նկատում մտքերի բախում…>>: Հիմա մենք նկատում ենք նաև հայացքների բախում և խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը` Սմբատ Գոգյանին ԲՈԿ-ի նախագահ նշանակելու վերաբերյալ, որովհետև նման պաշտոնում միայն գիտնականի բարձր համարում, տաղանդ ունենալը շատ քիչ է, իսկ որոշ դեպքերում դա նույնիսկ խանգարում է վարչարարությանը:
Լիլիթ Արզումանյանից լավ նա հաստատ չի կարող ղեկավարել և ինչու տուն ուղարկել արդյունավետ աշխատող, սիրված և հաստատ տեսլական ունեցող, հեղափոխությամբ ոգևորված մարդուն, ում թոշակի անցնելու տարիքը դեռևս չի լրացել:
Ուսումնասիրելով համապատասխան կայքերը, տեսնում ենք, որ Սմբատ Գոգյանն արդեն բազմազբաղ է, ունի իր անձնական հետաքրքրությունները և հաջողությամբ կյանքի է կոչում և դրանք ոչ մի հատման եզրեր չունեն գիտական աստիճանաշնորհման համակարգի հետ:

Հ.Գ. Արայիկ Հարությունյանը արդեն մեկ ամիս աշխատում է ԿԳ նախարար, սակայն ծանոթ չէ, օրինակ իր ղեկավարության տակ գտնվող ԲՈՀ-ի /այժմ` ԲՈԿ/ կոլեկտիվին: Ընդամենը մեկ ժամ ԲՈՀ-ի 25-ամյա հոբելյանի հանդիսության ժամանակ դիտելով ԲՈՀ-ի մասին պատմող ֆիլմը, ԿԳ նախարարը եզրակացրել է, որ գործող նախագահը տեսլական չունի, սակայն ասել է նաև, որ անմասն է նրա աշխատանքից ազատման վերաբերյալ կայացված որոշմանը:
Հարգելի Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, մենք հետևում ենք, որ Դուք սրտի թրթիռով եք վերաբերվում յուրաքանչյուր քաղաքացու հույսին և հավատին, և խնդրում ենք մեզ էլ ներառեք այդ քաղաքացիների ցանկում` չենք ուզում հուսախաբ լինել:
Չի կարելի որոշում կայացնել առանց հաշվի առնելու երկար, արդյունավետ ճանապարհ անցած ղեկավարին և կոլեկտիվին:
Ինչով ենք արժանացել նման արհամարհանքի:

ՀՀ ԲՈՀ-ի կոլեկտիվ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: