Ինչո՞ւ էր «գունավոր հեղափոխություններից» ահաբեկված Պուտինը զուսպ

May 23, 2018 Comments Off on Ինչո՞ւ էր «գունավոր հեղափոխություններից» ահաբեկված Պուտինը զուսպ

Սպասելի էր, որ Պուտինը լիովին կաջակցի Սարգսյանին և ՀՀԿ-ին, բայց…

Ապրիլ ամսին ռուսամետ ավտոկրատ առաջնորդ Սերժ Սարգսյանը բախվեց ընդդիմության զանգվածային ցույցերի հետ, որոնք հիշեցնում էին Արևելյան Եվրոպայում այս դարի առաջին տասնամյակին տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները»: Ինչպես 2000թ. Սերբիայի, 2003թ. Վրաստանի, 2004թ. Ուկրաինայի քաղաքական հեղափոխությունները, Հայաստանում ցուցարարները փակեցին մայրաքաղաքը՝ մարտահրավեր նետելով արմատացած ավտոկրատ վերնախավին՝ գրում է Foreign Affairs հեղինակավոր պարբերականը՝ «Ինչո՞ւ Պուտինը չմիջամտեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը» խորագրով հոդվածում, որը ներկայացնում է aravot.am-ը:

Նախկին լրագրող և քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ցուցարարները փորձում էին տապալել Սարգսյանին և նրա Հանրապետական կուսակցությանը, որը իշխանության ղեկին գտնվել է վերջին երկու տասնամյակում, գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ Սարգսյանն առաջին անգամ ընտրվել է 2008թ.՝ փոխարինելով Ռոբերտ Քոչարյանին:

Թվում էր՝ նման ցույցերը ֆունդամենտալ մարտահրավեր են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որն ահաբեկված է սեփական երկրում հակաբռնապետական զանգվածային շարժումների հավանականությունից և վաղուց կառչած է տարածաշրջանում «գունավոր հեղափոխությունների» վտանգից: Հոդվածագիրը հիշեցնում է, որ Պուտինը կանգնեց Ուկրաինայի բռնապետ Վիկտոր Յանուկովիչի թիկունքին, երբ վերջինս 2013-2014թթ. բախվեց բողոքի զանգվածային ալիքի հետ, ինչպես նաև միջամտեց 2006թ. Բելառուսի նախագահական ընտրություններին:

Ռուս որոշ մեկնաբաններ մտավախություն ունեին, որ հայաստանյան ցույցերն ուղղորդված էին Արևմուտքից, որոնց նպատակն էր Ռուսաստանի հարևանությամբ ուսանողական հեղափոխություն իրականացնել, իսկ ընդդիմությունը կարող էր Հայաստանը հանել Ռուսաստանի դեմ: Սարգսյանը Ռուսաստանի անսասան դաշնակիցն էր: 2015թ. տեղի տալով Ռուսաստանի ճնշմանը՝ նա Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Ռուսաստանն իր հերթին վաղուց աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ տրամադրելով բնական գազ, ինչպես նաև ռազմական օգնություն: Ռուսաստանը Հայաստանում տեղակայել է 5000 զինվորական և օգնում է հսկել Թուրքիայի հետ սահմանը: Հաշվի առնելով Ռուսաստանի խաղադրույքը ռեժիմի վրա և տարածաշրջանում միջամտության պատմությունը՝ սպասելի էր, որ Պուտինը լիովին կաջակցի Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը:

Փոխարենը, երբ Սարգսյանը ստիպված հրաժարական տվեց ապրիլի 23-ին, Ռուսաստանը կուլիսների հետևում փորձեց իշխանությունը փոխանցել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում Ռուսաստանի կողմից վերահսկվող «Գազպրոմ»-ի նախկին ղեկավարին: Ռուսաստանի կողմից վերահսկվող մամուլը ցույցերը որակեց որպես «մեկ այլ մայդան»՝ ուղղորդված Արևմուտքից:

Բայց երբ Հանրապետական կուսակցությունը չկարողացավ իշխանությունը փոխանցել Կարապետյանին, Պուտինը անսպասելի լուռ էր: Ռուսական մամուլը դադարեց Փաշինյանին վարկաբեկելու ջանքերը, իսկ Ռուսաստանի իշխանությունները չփորձեցին ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա՝ ստիպելով ուժ կիրառել ցուցարարների ցեմ, ինչպես 2014թ. Ուկրաինայում: Երբ մայիսի 7-ին Փաշինյանն ընտրվեց վարչապետ՝ Հանրապետական կուսակցության 13 պատգամավորների աջակցությամբ, Պուտինն առաջիններից էր, որ շնորհավորեց Փաշինյանին, չնայած վերջինիս նախկին քաղբանտարկյալ և ընդդիմության ղեկավար լինելուն: Ինչո՞վ է պայմանավորված, որ Պուտինն ակնհայտորեն ընդունեց Եվրասիական վերջին հեղափոխությունը:

Պուտինի զսպվածության պատճառները Փաշինյանի հանդեպ

Պուտինի պահվածքը հասկանալու համար կարևոր է շտկել Ռուսաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանում վերջինիս ազդեցության վերաբերյալ մի քանի մասնակի սխալները: Առաջին հերթին, չնայած իր ավտոկրատ հեղինակությանը, Պուտինին ավելի շատ հուզում է իշխանության աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, քան Ռուսաստանից դուրս գտնվող երկրների ժողովրդավար կամ ավտոկրատ լինելը: Ուստի, Պուտինն անհետևողական է Ռուսաստանի սահմաններից դուրս ավտոկրատ ռեժիմներին աջակցելու հարցում: (Ռուսաստանի ներսում դա լրիվ այլ պատմություն է):

Ռուսաստանը փորձել է տապալել ժողովրդավարությունն այնպիսի երկրներում, ինչպիսին Ուկրաինան է, որտեղ գերակշռում են հակառուսական ուժերը: Պուտինն աջակցել է ռուսամետ բռնապետերին հակառուսական մարտահրավերներում, ինչպես 2004թ. Ուկրաինայի առաջնորդներ Լեոնիդ Կուչմային, 2013-14թթ. Յանուկովիչին և 2009թ. Մոլդովայում Վլադիմիր Վորոնինին: Այն բանից հետո, երբ 2009թ. Ղրղըզստանի ավտոկրատ նախագահ Կուրմանբեկ Բաքիևը հրաժարվեց իր խոստումից և Միացյալ Նահանգներին թույլ տվեց տեղակայվել «Մանաս» ռազմաբազայում, ռուսական մամուլը սկսեց բացասական պատմություններ հրապարակել Բաքիևի մասին՝ շեշտադրելով Ղրղըզստանում վառելիքի բարձր գինը, ինչն էլ հանգեցրեց բողոքի ալիքների, որոնց արդյունքում 2010թ. ապրիլին Բաքիևի իշխանությունը տապալվեց: Կրեմլն իր աջակցությունը հայտնեց ավելի ժողովրդավար նախագահներ Ռոզա Օթունբաևին և Ալմազբեկ Աթամբաևին:

Նույն կերպ Պուտինն արեց գրեթե ամեն ինչ, որպեսզի տապալի Վրաստանի հակառուսական և բռնապետ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և ողջունեց ժողովրդավար իշխանափոխությունը 2013թ, որի հետևանքով իշխանության եկավ Գիորգի Մարգվելաշվիլին: Պուտինն ակնհայտորեն չի խթանում ժողովրդավարություն և եթե ընտրելու հնարավորություն ունենա, անկասկած կնախընտրի գործ ունենալ բռնապետությունների հետ…

Հայաստանում Պուտինի զսպվածությունը Փաշինյանի հանդեպ պայմանավորված էր այն փաստով, որ ի տարբերություն 2013-14թթ. ուկրաինական ընդդիմության, Փաշինյանը հանձն առավ պահպանել աշխարհաքաղաքական ստատուս-քվոն : (Չնայած այն փաստին, որ Փաշինյանի «Ելք» խմբակցությունը նախկինում կոչ էր արել ավելի սերտ հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ): Ցույցերին չկային Եվրամիության դրոշներ կամ այլ նշաններ, որոնք կվկայեին այն մասին, որ նոր ուժերը մարտահրավեր կնետեն Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը: Ավելին, Հայաստանի միջազգային խոցելի դիրքը և կախվածությունը Ռուսաստանի ռազմական օգնությունից չափազանց թանկ կարժենա հայ ցանկացած առաջնորդի համար, որը կորոշի դուրս գալ Ռուսաստանի ուղեծրից, այս փաստով է պայմանավորված Ռուսաստանի հանգստությունը ցույցերի ժամանակ…

Կրեմլի պահվածքը հասկանալու համար պետք է շտկել նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մեկ այլ սխալ պատկերացում. Պուտինն արտաքին քաղաքականության գրոսմայստեր է և ի վիճակի է կառավարել քաղաքական իրողություններն ինչպես Ռուսաստանի հարևան երկրներում, այնպես էլ ավելի հզոր երկրներում, ինչպես Միացյալ Նահանգներն է: Փաստորեն, Պուտինը Փաշինյանին ընդունեց, քանի որ զգաց՝ ՀՀԿ իշխանությանը փրկելու ցանկացած փորձ կձախողվեր: Վերջ ի վերջո ռուսական միջամտությունը հաջողության համեմատաբար ցածր վարկանիշ ունի հետխորհրդային տարածաշրջանում…

2004թ. Պուտինը հսկայական ռեսուրսներ և սեփական հեղինակությունը ներդրեց՝ աջակցելու Ուկրաինայի այդ ժամանակվա վարչապետ Յանուկովիչին նախագահական ընտրարշավում: Բայց նրա գործողությունները հակառակ արձագանքը տվեցին և օգնեցին Նարնջագույն հեղափոխության բռնկմանը, ինչն էլ հանգեցրեց Յանուկովիչի տապալմանը: Մեկ տասնամյակ անց ռուսական միջամտությունը չկարողացավ կանխել, որ Ուկրաինայում իշխանության գա հակառուսական կառավարություն… Հնարավոր է, որ ուկրաինական փորձից հետո Պուտինը մտավախություններ ուներ, որ Հայաստանում ոչ ժողովրդական ռեժիմին աջակցելը կվերաճեր նման հակառակ արձագանքի:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: