Ղարաբաղյան առաջին զանգը՝ Փաշինյանի համար

May 19, 2018 Չի մեկնաբանվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ կայքում հաղորդագրության համաձայն՝ համանախագահները և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տարբերակները: Կասպրշիկը հաղորդել է, որ շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է:

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել որքան հնարավոր է շուտ սկսել ակտիվ բանակցությունները: Նշվում է, որ համանախագահներն ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպել հունիսին:

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար։ Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ հայտնել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Փարիզում կայացած հանդիպումից հետո:

«Հանդիպմանը ընդգծվեց ինտենսիվ բանակցությունները շարունակելու կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ընտրական գործընթացներն արդեն ավարտվել են», – ասել է արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով՝ նախարար Մամեդյարովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է դրան:

Ըստ ադրբեջանական կողմի, հանդիպմանը քննարկվել են նաև այն քայլերը, որոնք մտադիր են ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները՝ կարգավորումն առաջ տանելու համար:

Եվ ահա, Փաշինյանի վարչապետության պաշտոնից մեկ շաբաթ անց պաշտոնական Բաքուն ցույց է տալիս, թե շտապում է, անհրաժեշտ է համարում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների անցկացումը:

Հետաքրքրական է, որ համանախագահներն արդեն իսկ իրենց համատեղ հայտարարության մեջ ֆիքսել են, որ ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպել հունիսին: Այսինքն, կոնկրետ ժամկետ կա:

Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հանդիպումն անձամբ ծանոթանալ ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում բանակցությունների սեղանին առկա առաջարկներին, բոլոր նրբություններին, ընդհանուր իրավիճակին՝ կարգավորման գործընթացում ու տրամադրություններին, և, իհարկե, տարածաշրջանային իրադրությանը:

Դատելով ԼՂ Պաշտպանության բանակի հրապարակած հաղորդագրություններից՝ Ադրբեջանը ակնհայտորեն ցույց է տալիս, որ հակված է լարման, ռազմական գործողությունների վերսկսման և, այդ իսկ պատճառով ռազմական տեխնիկայի կուտակումների էր գնում՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարմանը զուգահեռ:

Փաշինյանը, փաստորեն, օրերս Պուտինի հետ հանդիպմանն առանձնապես չի ծանրացել ԼՂ խնդրի վրա, նա հասկացնել է տվել, որ հպանցիկ է այդ հարցը քննարկել Պուտինի հետ:

Ղարաբաղյան առաջին բանակցությունները Փաշինյանի համար կլինեն առաջին զանգը: Դրանից հետո Բաքվի պահվածքից հնարավոր կլինի հասկանալ, թե որ ուղղությամբ է շարժվելու Ադրբեջանը՝ բանակցություննե՞ր, թե՞ շարունակական լարում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ղարաբաղյան առաջին զանգը՝ Փաշինյանի համար”

Մեկնաբանել