Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը

May 16, 2018 Չի մեկնաբանվել

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Նախարարը կարեւորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունը եւ նշել, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրողությունները համախմբված եւ համաձայնեցված հունով աշխատելու պատրաստակամություն են առաջացրել:

Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ ստեղծված հարաբերությունների մակարդակը եւ ՄԹ կառավարության կողմից վերահաստատել է Հայաստանի արդյունավետ կառավարմանն ուղղված աջակցությունը:

Նախարար Զեյնալյանն իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Թագավարության հետ նախանշված ծրագրերն իրականացվելու են՝ տեղի ունեցած նոր փոփոխությունների լույսի ներքո: «Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ միայն գործնականում բացառենք կոռուպցիան, այլ որ հասարակության համար ակնհայտ լինեն հակակոռուպցիոն պայքարի արդյունքները »,- ընդգծել է նախարարը:

Արտակ Զեյնալյանը դեսպանի հետ զրույցում հաստատել է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վճռականությունը: Նախարարի խոսքով, պետք է պահպանել եւ զարգացնել ընտրական գործընթացում ձեռքբերված հաջողությունը եւ բացառել ընտրակաշառքը՝ որպես կամքի ձեւավորման միջոց: «Պետք է վերաիմաստավորենք նաեւ դիտորդների մասնակցությունը ընտրությունների գործընթացում՝ ապահովելով վերջիններիս անաչառությունն ու նպատակային մասնակցությունը այս գործընթացում»,- նշել է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ բողոքարկման պրոցեսներն ընտրական գործընթացներում շատ անարդյունավետ են եւ փոփոխություններն ուղղված են լինելու նաեւ այդ բացը լրացնելուն:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաեւ դատական համակարգի խնդիրներին, Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հանրային ծառայությունները քաղաքացուն ավելի հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքին:

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու, փոխգործակցության ոլորտները նախանշելու եւ դրանց բարելավման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը”

Մեկնաբանել