Արթուր Բաղդասարյանը միացել է շարժմանը

Apr 26, 2018 Comments Off on Արթուր Բաղդասարյանը միացել է շարժմանը

ՕԵԿ-ը՝ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, միացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը։

Հիշեցնենք,որ  օրեր առաջ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դիմել էր  հրատապ, համընդգրկուն քաղաքական օրակարգ ձեւավորելու կոչով։

Հայտարարությունում ասվում էր. «Երեւանում եւ հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են տասնյակ հազարավոր մարդկանց ցույցերը եւ խաղաղ անհնազանդության  գործողությունները: Իրավիճակը շարունակում է մնալ լարված եւ պայթյունավտանգ:

Ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին եւ հանրությանը` վերահաստատելով նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության երեք հայտարարությունները, որով միակ եւ ընդունելի քաղաքական հանգուցալուծում էր առաջարկվում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դիմում եմ հրատապ, համընդգրկուն քաղաքական օրակարգ ձեւավորելու կոչով` նոր եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քանիցս հրապարակայնորեն հնչեցված տեսակետը, համաձայն որի նրա կողմից որպես քաղաքական հանգուցալուծման վերջնակետ է դիտարկվում նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, վերստին կոչ ենք անում իշխանություններին եւ բոլոր շահագրգիռ ուժերին ձեւավորել հրատապ քաղաքական օրակարգ` նշված հարցի շուրջ։

Որպես Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար եւ 20-ամյա խորհրդարանական քաղաքական հետագիծ ունեցող կուսակցության նախագահ պատրաստ եմ, հնարավորության դեպքում, հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկելու իր իսկ առաջարկությունը` իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգ ձեւավորելու շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: