Էրդողանը գրավում է Սիրիան. առջևում հայաբնակ Ղամիշլի՞ն է

Mar 25, 2018 Comments Off on Էրդողանը գրավում է Սիրիան. առջևում հայաբնակ Ղամիշլի՞ն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, թե կանգ չեն առնի, քանի դեռ չեն վերացրել «սահմանի մյուս կողմից եկող սպառնալիքները». «Մենք արդեն այդ ճանապարհին ենք, և ոչ ոք մեզ չի կանգնեցնի»:

«Թուրքիան և Միացյալ Նահանգները Մանբիջի շուրջ համաձայնության չեն հասել, բայց փոխըմբռնման են հասել», երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նշելով՝ աշխատանքային խումբը ճանապարհային քարտեզ է մշակել․ եթե ամերիկյան կողմն այն ընդունի, ապա արդեն հնարավոր կլինի խոսել համաձայնության մասին: Թուրքիայի ԱԳ նախարարի ներկայացրած ճանապարհային քարտեզի համաձայն՝ առաջին հերթին քրդական ուժերը պետք է դուրս բերվեն Մանբիջից, թուրքերն ու ամերիկացիներն էլ պետք է հետևեն այդ գործողությանը: Անկարան չի պահանջում, որ Մանբիջում գտնվող ամերիկյան զորախմբերը ևս դուրս գան այնտեղից: Չավուշօղլուն ասել է նաև, թե Մանբիջով չեն սահմանափակվելու՝ հերթը հասնելու է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող մյուս բնակավայրերին: Նրա խոսքով՝ Մանբիջը կարող է այդ շրջանում անվտանգությունը միասնաբար ապահովելու «մոդել» հանդիսանալ:

Անցած կիրակի Սիրիայի քրդաբանակ Աֆրինը գրավելուց հետո Թուրքիան այժմ էլ բարձրաձայնում է Աֆրինից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանբիջի հարցը: Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող «Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերին» Անկարան ահաբեկչական կազմավորում է համարում, պնդելով, որ նրանք աղերսվում են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ:

Սակայն երեկ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահականից արված հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերը եկել են համաձայնության: Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Դա շատ զվարճալի է, քանի որ այդ մասին որևէ համաձայնություն չի եղել», ասել է Նոյերթը:

Քրդերի հարցում Անկարան կոշտ դիրքորոշում է ցուցաբերում, հետևողականորեն պաշտպանելով իր շահերը: Անկարան մշտապես պնդել է, որ չի հանդուրժի քրդերի ամրապնդումը Եփրատի արևելյան ափին: Մանբիջը Եփրատից արևելք ընկած հատվածի ամենախոշոր բնակավայրն է: Այս տարվա հունվարի վերջին թուրքական զինստորաբաժանումները մտան Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններ: «Ձիթենու ճյուղ» կոչված ռազմական այդ գործողության նպատակը Եփրատից արևելք ընկած շրջանները քրդերի վերահսկողությունից ազատելն է:

Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկից մոտ երկու ամիս անց Թուրքիայի հովանավորյալ սիրիական ընդդիմադիր ջոկատները թուրքական զինված ուժերի աջակցությամբ գրավեցին Աֆրին քաղաքը: Էրդողանը հայտարարեց, որ թուրքական բանակը և Սիրիական ազատ բանակը «մաքրել են Աֆրինը ահաբեկիչներից»:

Թուրքիան Սիրիայում չի սահմանափակվելու միայն Աֆրինի գրավումով: Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը շարժվելու է նաև դեպի Ղամիշլի, որը հայաբնակ է և արդեն որոշ արևելագետներ հայտնել են իրենց մտահոգություններն այս առթիվ:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած վերջին այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մարտի վերջերին Վաշինգտոնում հանդիպեն երկու կողմերի աշխատանքային խմբերը: Սակայն Թիլերսոնի պաշտոնանկությունից հետո այդ բանակցությունները, հնարավոր է՝ հետաձգվեն, օրերս ասել էր Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: Անկարան հուսով է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մայք Փոմփեոյի թեկնածության հաստատումից հետո թուրք-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն: Ի դեպ, Չավուշօղլուն Միացյալ Նահանգներին կրկին մեղադրել է նախկինում տված խոստումները չկատարելու մեջ: Նրա խոսքով՝ դեռ 2016-ին ԱՄՆ-ն խոստացել էր, որ քրդական ջոկատները դուրս կգան Մանբիջից, ինչը տեղի չի ունեցել: «Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն չի կատարել իր խոստումը», – ասել է Չավուշօղլուն:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: