Սերժ Սարգսյանը վերցնում է ուժայինները 

Mar 21, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը վերցնում է ուժայինները 

Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման  ժամանակ Սերժ Սարգսյանը հանգամանլից անդրադարձ է կատարել  պաշտպանության ոլորտի քաղաքականությանը նոր սահմանադրության պայմաններում:

Ըստ նախագահի՝ նոր սահմանադրությամբ փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության խորհուրդ-կառավարություն-պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը: Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը և վերահսկումը ևս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ: «Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ունենալու դերակատարություն պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ զինված ուժերի կյանքում: Վարչապետի առաջարկությամբ նա նշանակելու է Հայաստանի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին՝ գլխավոր շտաբի պետին, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումները:

Արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել պաշտպանության ոլորտի օրենսդրությունը վերանայելու ուղղությամբ, սակայն այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Պաշտպանության բնագավառի պաշտոնյաները պետք է լինեն ճկուն՝ համագործակցելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության իրենց գործընկերների հետ: Մեծ է անելիքը այս նոր պայմաններում ենթաօրենսդրական ակտերի մշակման և համապատասխանեցման գործում: Մենք պետք է ոչ միայն լավ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր գրենք, այլև լավագույնս իրականացնենք դրանք: Այս երկուսի միջև խզում կամ, առավել ևս, թերացում չպետք է լինի»,- ասել է նա: Ի պաշտոնե Սերժ Սարգսյանը որպես ՀՀ նախագահ և  գերագույն գլխավոր հրամանատար վերջին անգամ էր վարում  ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:Ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը նոր կարգավիճակով է  ղեկավարելու ռազմական ոլորտը և նա չի թաքցրել, որ այս ոլորտի վերահսկողությունը  չի պատրասռտվում զիջել . «Անցած տարիների ընթացքում ես մշտապես եղել եմ ձեր կողքին: Մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհի ընթացքում մենք ունեցել ենք հրճվանքի և ափսոսանքի պահեր: Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է: Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին և ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ամեն ինչ ասվել է պարզ ու հստակ՝ բանակը կշարունակի մնալ Սերժ Սարգսյանի ուղղակի վերահսկողության տակ: Բայց վարչապետի, թե՞ պաշտպանության նախարարի կարգավիճակով: Այս հարցը չհասցրեց անգամ շրջանառվել, քանի որ ՊՆ շենքում կայացած հավաքից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել Tert.am-ին և հիմնավորել իր վարչապետի պաշտոնում առաջադրվելու  անհրաժեշտությունը: Նույնիսկ կար տպավորություն, թե ընդամենը 1 հարցից բաղկացած այդ հարցազրույցն արվել է ի լրումն ՊՆ օպերատիվ հավաքի ժամանակ ունեցած ընդգրկուն ելույթի: Որոշումը հստակ է՝ Սերժ Սարգսյանը կվերցնի վարչապետի պորտֆելը և ըստ ոլորտային բաշխումների կշարունակի  ձեռքի տակ պահել բանակը և ուժային մյուս կառույցները, որովհետև առանց ուժայինների իշխանություն չի լինում: Իսկ, օրինակ, տնտեսությունն ու մյուս ոլորտները կարող են մնալ վարչապետի տեղակալներին:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: