«Նոր» Պուտինի ուսերի ծանր բեռը

Mar 21, 2018 Comments Off on «Նոր» Պուտինի ուսերի ծանր բեռը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների 70-ից ավելի տոկոս քվեներ:

Թեև, իրավապաշտպան կազմակերպությունների դիտորդները հաղորդում էին հազարից ավելի ընտրախախտումների մասին, ռուսական մի շարք լրատվամիջոցներ նկարահանել էին բազմաթիվ լցոնումներ, ուղղորդումներ, սակայն Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի էին:

Վլադիմիր Պուտինը Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքում շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին, ապա ելույթ է ունեցել իր նախընտրական շտաբում։ Պուտինն ասել է, որ դեռ չի ծրագրում փոխել Սահմանադրությունը և դեռ «առարկայական» չի մտածել նոր վարչապետի թեկնածության շուրջ։ Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կպահպանի իր աթոռը։ Եվս մեկ նախագահական ժամկետի մասին հարցը Պուտինը «մի փոքր ծիծաղելի» է որակել.- «Ես ի՞նչ է հարյուր տարի եմ նստելու։ Ո՛չ»։ «Դուք եք մեր թիմը։ Այսօր քվեարկողները բոլորը մեր մեծ, համազգային թիմի մասն են»,- Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած «Ռուսաստան։ Սևոստոպոլ։ Ղրիմ» հանրահավաքի ժամանակ ասել է Պուտինը։

Որքան էլ տարօրինակ հնչի, Ռուսաստանում երեկ կայացած նախագահական ընտրություններն ամենականխատեսելի էին: Առավել կարևոր է հարցը, թե «նոր» ընտրությամբ Պուտինն ինչ արտաքին քաղաքականություն է վարելու, որովհետև ներքինում ամեն ինչ պարզ է, նա վայելում է երկրի բնակիչների գերակշիռ մեծամասնության անվերապահ վստահությունը:

Իսկ ինչպիսի՞ն է լինելու «նոր» Պուտինը Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում…

Ռուսաստանում երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Պուտինի քաղաքականությունը արժանանում է երկրի բնակիչների անվերապահ վստահությանը, իսկ դա նշանակում է, որ Պուտինի քաղաքականությունը չի փոխվելու՝ աշխարհի հետ «խոսելու» և ոճի առումով: Սա միանշանակ:

Պուտինը վերջին մի քանի տարիներին իր համառությամբ ձգտում է ապացուցել աշխարհին, որ ԱՄՆ-ը գերտերություն է և իր հետ հաշվի պետք է նստեն բոլորը, նրա հետ պետք է բանակցեն: Այս էր նրա վերջին շաբաթների հարցազրույցների մեխը՝ Արևմուտքի հետ Ռուսաստանը պատրաստ է համագործակցության, բանակցությունների, բայց ուժի դիրքերից, կամ ինչպես ընդունված է ասել՝ «հավասարը հավասարի հետ» սկզբունքով:

Այսօր չնայած ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրմանը, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ հերթական պատժամիջոցների սահմանմանը՝ Եվրոպայում նկատելի է Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ դիրքորոշում դրսևորելու քաղաքական կողմնակիցների թվի աճ, չնայած որոշ եվրոպական երկրների իշխանության ներկայացուցիչների կոշտ դիրքորոշմանը Ռուսաստանի ու Պուտինի նկատմամբ:

Այո, սառը պատերազմն ակնհայտ է, բայցև ակնհայտ է, որ Պուտինը չի զիջելու, նա Ռուսաստանն ամուր, հզոր երկիր ցույց տալու խնդիր է դրել ու չի նահանջելու:

Ուրեմն, հարցը հետևյալն է ընդամենը՝ որքան շուտ կհասկանան աշխարհում այս իրողությունը, դրանից էլ կախված կլինի, թե երբ կհալչի առճակատման «սառույցը»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: