Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում հնչել են կրակոցներ. կան բերման ենթարկվածներ

Mar 14, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում հնչել են կրակոցներ. կան բերման ենթարկվածներ

Մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալից Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ կատարել են սահմանային գոտու ռեժիմի խախտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր մեկնած Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչներ, 26-ամյա Հարություն Կարապետյանը, 32-ամյա Հակոբ Բաղդասարյանը և 19-ամյա Սամվել Հովսեփյանը, խախտելով սահմանային գոտու կանոնները, առանց թույլտվության, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնտեղ Հ. Կարապետյանը իր մոտ ապօրինի պահվող, համագյուղացի 36-ամյա Արտեմ Ավետիսյանին պատկանող «ՍԿՍ» տիպի որսորդական ակոսափող հրազենով որս կատարելու նպատակով սահմանային գոտում կրակոցներ է կատարել:

Ոստիկանները Հ. Կարապետյանի մոտ հայտնաբերել են նաև 7.62 մմ տրամափաչի 2 փամփուշտ:

Երեկ՝ մարտի 13-ին, Հ. Կարապետյանը, Հ. Բաղդասարյանը և Ս. Հովսեփյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություններ են տվել, որից հետո հետաքննիչի կողմից բաց են թողնվել:

Բաղրամյանի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ Ա. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: