Քոչարյանին դատարան կանչելը ոչ միայն Նիկոլի, այլ նաև իշխանության ցանկությունն է

Mar 14, 2018 Comments Off on Քոչարյանին դատարան կանչելը ոչ միայն Նիկոլի, այլ նաև իշխանության ցանկությունն է

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել  է Նիկոլ Փաշինյանի՝ Գլխավոր դատախազություն ուղղված միջնորդությանը, ըստ որի՝ Մարտի 1-ի գործով անհրաժեշտ է հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին:

Ի պատասխան Վիկտոր Սողոմոնյանը 2-րդ նախագահի կայքում հայտարարել է,  որ տեղի է ունեցել Հայաստանի պատմության ցինիկ երևույթներից մեկը, երբ Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը խորհրդարանական լսումներ է կազմակերպել այդ թեմայով և վարել է նիստը՝ ԱԺ նախագահի աթոռին նստած:

Քոչարյանի գրասենյակի ղեկավարի այս հայտարարությանը բավականին օպերատիվ արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ  Քոչարյանը վաղ թե ուշ պարտավոր է բացատրություն տալ 10 տարի առաջ Մարտի 1-ի մասին արած իր հայտարարության համար: Խոսքը, հիշեցնենք, երկրորդ նախագահի այն հեռուստահայտարարության մասին է, որտեղ նա ասում է, որ մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ցուցարարները դուրս են գալիս ավտոբուսների հետևից, կրակում իրավապահների վրա և կրկին թաքնվում: Նիկոլ Փաշինյանը պահանջում է պարզել՝ որտեղից է  Քոչարյանն ստացել այդ ինֆորմացիան, ինչ փաստերի հիման վրա է նման հայտարարություն արել, եթե Մարտի 1-ի դատավարության գործով չի ներկայացվել այդպիսի որևէ ապացույց, որ ցուցարարները կրակել են իրավապահների վրա: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի անձնական դերակատարմանը Մարտի 1-ի ժամանակ, ապա ինչպես ինքը՝ պատգամավորն է նշել, իր գործողությունները եղել են հրապարակային և բոլորի աչքի առաջ:

Մարտի 1-ի թեմայով ծավալված հրապարակային բանավեճը վստահաբար ավելին է, քան Ռոբերտ Քոչարյանի-Նիկոլ Փաշինյան  հակամարտությունը: Կողմերից մեկը անշուշտ Ռոբերտ Քոչորյանն է, սակայն հակառակ կողմում չի կարելի դիտարկել միայն Նիկոլ Փաշինյանին, որովհետև բացի Նիկոլից՝ նման տեսակետ հայտնելր նաև ՀՀԿ ներկայացուցիչ, Մարտի 1-ի հարցերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Այսինքն՝ Քոչարյանին դատարան կանչելը ոչ միայն Նիկոլի, այլ նաև իշխանության, մասնավորապես Սերժ Սարգսյանի ցանկությունն է: Քոչարյանի պատասխանի մեջ այս մեսիջն անուղղակիորեն արտահայտված է: Սողոմոնյանի հեգնանքը, թե Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը ԱԺ նախագահի աթոռին նստած Մարտի 1- լսումներն է վարում, շատ նուրբ ակնարկ է, որ ԱԺ-ում, առանց Սերժ Սարգսյանի գիտության և համաձայնության, նման լսումներ չէին կարող տեղի ունենալ:

Իսկ ինչու է Սերժ Սարգսանը Մարտի 1-ի թեման քաղաքական օրակարգ մտցրել հենց այս փուլում, երբ առջևում ապրիլի 9-ի քաղաքական վերադասավորումներն են, երբ Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարումը փաստացի ստանձնելու է երրորդ անգամ: Ըստ էության ապրիլի 9-ին տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան 10 տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածության դեֆակտո առ ոչինչ հայտարարումը: 10 տարի առաջ Քոչարյանը իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին, և եթե խաղի կաննոներն ու նախնական պայմանավորվածությունները դեռ ուժի մեջ լինեին, այսօր արդեն Քոչարյանը կա՛մ պիտի ներգրավված լիներ իշխանության մեջ, կա՛մ էլ պիտի ետ ստանար երկրի ղեկավարումը իր ժառանգորդից:

Գուցե Սերժ Սարգսյանը դեռ մտավախություններ ունի, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է իրեն ինչ-ինչ պահանջներ ներկայացնել իրեն, այդ պատճառով էլ շրջանառության մեջ է դրել Մարտի 1-ի թեման՝ պրոֆիլակտիկ նկատառումներով: Կամ էլ մենք գործ ունենք հերթական քաղաքական կրկեսի հետ, որի նպատակն ու իմաստը այս պահին դժվար է հասկանալ: Ի վերջո, Մարտի 1-ը այն թեման է, որը միշտ կարելի է շրջանառել՝ քաղաքական օրակարգը լցնելու համար:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: