Փուչիկների պես ներդրումներ, անհասկանալի և աննպատակ միջոցառումներ

Feb 25, 2018 Comments Off on Փուչիկների պես ներդրումներ, անհասկանալի և աննպատակ միջոցառումներ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2016թ. ընթացքում Հայաստանից 26.2 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել: 2017 թ. երրորդ եռամսյակի դրությամբ էլ /տարեկան ցուցանիշները դեռ չեն ամփոփվել ու հրապարակվել/, արտահոսքը կազմել է մոտ 17.1 մլրդ դրամ: Մինչդեռ այդ նույն վիճակագրությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին ոչինչ չի ասում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ վերջին տարիներին անգամ Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն, Հայաստանում ներդրումներ անելու փոխարեն, ընդհակառակը, հանել է կապիտալը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին ոչինչ չի զեկուցել, այն պարզ պատճառով, որ այդպիսիք թերևս չկան: Նախարար Կարայանը զեկուցել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ: Արտաքին շուկաներ մուտքը հայրենական արտադրողների և գործարարների համար դյուրացնելու նպատակով, Հանրապետության Նախագահի հանձնարարականի համաձայն, աշխատանքներ են իրականացվել թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվական հասանելիության ապահովման, ինչպես նաև վաճառքի առցանց համակարգերի գործարկման միջոցով:

Սուրեն Կարայանը նշել է, որ ավարտվել են Իրանի և Չինաստանի միջև համաձայնագրերի շուրջ բանակցային փուլերը: Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սինգապուրի հետ համաձայնագրերը բանակցային տարբեր փուլերում են: Կարևորվել է նաև Եվրոպական միության <<GSP+>> արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգ» (REX) ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Նախարարի հավաստմամբ՝ այս տարվա հունվարին արդեն սկսվել է արտահանողների գրանցումը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խոսքով՝ 2017 թվականին զբոսաշրջության բնագավառում արձանագրված խոստումնալից միտումները, մասնավորապես 2017 թվականին արձանագրված 18.7% աճը, թույլ են տալիս մեծ հավակնություններ ձևավորել առաջիկայի համար։

Ըստ նախարարի՝ գործարար միջավայրի բարելավման նպատակով 2017 թվականին իրականացվել է 47 միջոցառում, իսկ 2018 թվականի համար նախատեսված է 43 միջոցառում: Այդ շարքում առանձնակի կարևորվել են շինարարական թույլտվությունների ընթացակարգերի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմների, հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման և սնանկության ու պայմանագրերի կիրարկման ոլորտներում զգալի բարելավման աշխատանքները:

Նախարար Կարայանի հսկայածավալ զեկույցում ներդրում բառը ընդամենը մեկ անգամ էր օգտագործված՝ այն էլ պայմանավորված ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգմամբ: Այս գործիքի ներքո հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր՝ 220 մլրդ ՀՀ դրամ ներդրումներով։ Բայց սրանք ամենևին էլ օտարերկրյա ներդրումներ չեն, այլ ընդամենը արտոնյալ ռեժիմով ներմուծումներ:

Իսկ ո՞ւր մնացին օտարերկրյա ներդրումներն ու վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած ներդրողների ակումբների նախագծերը: Փաստորեն, դրանք պարզապես փուչիկ էին, ջրի պղպջակ, որ այլևս չկան: Ի ներջո ո՞ւմ են հետաքրքիր Սուրեն Կարայանի ու նրա ղեկավարած կառույցի՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 47, 43 կամ 147 միջոցառումները, եթե դրանց արդյունքում գոնե մեկ օտարերկրյա ուղղակի ներդրում չի կատարվել երկրում: Ավելի լավ չէ՞ր՝ ոչ միջոցառում էլ չլիներ, բայց գոնե մի քանի ներդրումային կոնկրետ ծրագրի անուն հնչեցվեր: Բայց, ինչպես ասում են, չեղած տեղից որտեղի՞ց հնարեին ներդրում:

 

 Հայկ  Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: