«Մրսած» Պուտինն ընդհատակ է անցել, իսկ ռուսներ, այնուամենայնիվ, զոհվել են ԱՄՆ-ի հարվածներից

Feb 19, 2018 1 Comment

Մոսկվան ի վերջո խոստովանեց, որ Սիրիայում «հնարավոր է» ռուսներ են զոհվել:

Վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հայտնում է Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին։ «Մրսած է, բայց կշարունակի աշխատել», – հայտարարում էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Վլադիմիր Պուտինը, ինչպես նկատում է մամուլը, թերևս նախկինում էլ եղել են դեպքեր, երբ մրսել է, վատառողջ է եղել, բայց այդ մասին պաշտոնական աղբյուրները հրապարակավ երբեք չեն խոսել։

Ինչո՞ւ են Պուտինի մրսածության մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվում և քննարկվում. Արևմտյան մամուլը հեգնում է՝ նախագահ Պուտինի մրսածության լուրերը կասկածի տակ են դնում ռուսաստանցի առաջնորդի տոկունության, դիմացկունության մասին լեգենդները՝ հատկապես այս նախընտրական շրջանում։

Ռուսաստանի նախագահը վերջին անգամ հանրությանն է ներկայացել «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի ավարտին։ Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ Պուտինը վատառողջ է՝ նրա ձայնը սովորականի պես չէր, փոքր-ինչ խռպոտ էր, և նա հաճախ հազում էր։

Ռուսաստանյան մամուլը նկատում է, որ նախագահը գրեթե նույն վիճակում էր նաև անցյալ շաբաթ Սիբիրում՝ նախընտրական այցի ժամանակ։ Նա դժվարությամբ էր խոսում, երբեմն էլ` խոսքում վրիպում։ Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմը, վերջին մի քանի օրվա ընթացքում Պուտինը ստիպված է եղել հետաձգել կամ չեղարկել մի շարք հանդիպումներ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, շտապել է հերքել լուրջ հիվանդության մասին ենթադրությունները՝ նշելով, որ Պուտինը շարունակելու է աշխատանքը Կրեմլում կամ մերձմոսկովյան նստավայրում՝ Նովո-Օգարյովոյում։

«Մրսած է, բայց օրակարգը պահպանվում է։ Ձմեռ է, ինքներդ եք հասկանում», – ասել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի հիվանդության լուրը ռուսաստանյան համացանցի ամենաքննարկվող թեմաներից է։ Օգտատերերից շատերն են նկատում, որ Պուտինի հիվանդության մասին լուրեր հաճախ են շրջանառվել, հատկապես, երբ նրան պետք էր երկար ժամանակով բացակայել, սակայն երբեք պաշտոնապես չէր հաստատվում։

Գուցե մարտավարությունը շատ ավելի պարզ է. ցույց տալ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը սովորական մարդ է, և իր խնդիրները ռուաստանցիների խնդիրներին մոտ են։

Այսպես, Պուտինի նախընտրական «մրսածությունն» համընկավ մի շատ ուշագրավ, եթե չասենք սկանդալային իրադարձության հետ:

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ռուսաստանյան և արևմտյան լրատվամիջոցները հետևողականորեն պնդում էին, թե Դեր էզ Զորում տասնյակ ռուսաստանցիներ են զոհվել՝ Սիրիայի նախագահ Ասադին աջակցող ուժերի և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի միջև բախումների հետևանքով: Ամերիկյան կողմը պնդում է, թե սկսել է օդային հարվածներ հասցնել, երբ կառավարամետ ուժերը հարձակվել են Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերի վրա:

Եվ ահա, Մոսկվան ի վերջո խոստովանեց՝ Սիրիայում «ենթադրաբար» ռուսներ են զոհվել: Օրեր շարունակված հերքումներից հետո պաշտոնական Մոսկվան երեկ առաջին անգամ հաստատել է, որ անցած շաբաթ Սիրիայում «ենթադրաբար» հինգ ռուսաստանցի է զոհվել: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, միաժամանակ, ապատեղեկատվություն է որակել արևմտյան լրատվամիջոցների հաղորդումները ռուսական բանակի մեծածավալ կորուստների մասին, ընդգծելով՝ զոհերը Ռուսաստանի զինված ուժերի հետ որևէ կապ չեն ունեցել:

Համաձայնեք, որ վերջին իրադարձություններն, իսկապես, սկանդալային են. Մոսկվան ի սկզբանե հակված է եղել ցույց տալ, թե այդ տարածքում ռուսներ չեն եղել, սակայն մեկ շաբաթ անց, երբ միջազգային մամուլը համառորեն գրում էր ռուսական կողմի ունեցած զոհերի մասին՝ Մոսկվան ստիպված դա խոստովանեց:

Իսկ ի՞նչ պատասխան քայլի կդիմի փոքր-ինչ «մրսած» Պուտինը՝ ցույց կտա ժամանակը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “«Մրսած» Պուտինն ընդհատակ է անցել, իսկ ռուսներ, այնուամենայնիվ, զոհվել են ԱՄՆ-ի հարվածներից” հրապարակմանը

  1. Լևոն Մ says:

    Ջհանդամը