Ով է Քննչական կոմիտեի ձերբակալված պաշտոնյան. Արթուր Դավթյանը՝ աղմկահարույց ձերբակալությունների մասին

Feb 09, 2018 Comments Off on Ով է Քննչական կոմիտեի ձերբակալված պաշտոնյան. Արթուր Դավթյանը՝ աղմկահարույց ձերբակալությունների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ քննչական կոմիտեում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին՝ նշելով, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով այս պահին դատավարական կարգավիճակ ունի երկու պաշտոնատար անձ:

Արթուր Դավթյանն ասաց, որ քրեական գործով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաքննությունն ավարտվել էր, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատախազին, ով այն չի հաստատել:

«Խնդիրներ է տեսել գործի քննության լրիվությունն, օբյեկտիվությունն ապահովվելու ուղղությամբ և ուղարկել է լրացուցիչ նախաքննության: Արդյունքում՝ իմ կողմից քրեական գործի վարույթը վերցվել է Լոռու մարզի քննչական վարչությունից և ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը ՀԿԳ վարչությունում իրականացնելու առաջարկով, որը բավարարվել է, և մենք, ըստ էության, այս բացահայտումներն ունեցանք Քննչական կոմիտեի՝ Հատկապես կարևոր գործերի քննչական վարչությունում կատարված քննության արդյունքներով:

Ինչ վերաբերում է այդ գործի քննության ընթացքում պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությանը, ապա ձեզ հայտնի է՝ այդ փաստով էլ քրեական գործ է հարուցված, արդեն մեկ մեղադրյալ ունենք, ևս մեկ ձերբակալված պաշտոնատար անձ ունենք, և քրեական գործով իրականացվելու է բազմածավալ քննություն: Ամեն ինչ անելու ենք՝ հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար՝ ցանկացած ելքով՝ ով դրանում մասնակցությու ունեցած կլինի»:

Հիշեցնենք, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Վ.Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին փետրվարի 6-ին մեղադրանք էր առաջադրվել, և նա  կալանավորվել էր:Իսկ փետրվարի 7-ին ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության ծառայողը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: