Բացի հայկականից, այլ շահեր էլ կան. ո՞րն է Լարսին այլընտրանք ունենալու իրականությունը

Feb 06, 2018 Comments Off on Բացի հայկականից, այլ շահեր էլ կան. ո՞րն է Լարսին այլընտրանք ունենալու իրականությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը 2011թ. վրաց–ռուսական պայմանագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել: Պայմանագիրը Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկման մասին է: ԱԳՆ–ն նշել է, որ իրենք չկան այդ պայմանագրում, և քանի որ չկան, պայմանագիրը հաջողություն չի կարող ունենալ: Հայկական կողմը Վերին Լարսին այլընտրանք ունենալու անհրաժեշտության մասին ևս հայտարարել է:  Վերոնշյալ հայտարարությունն ի չի՞ք է դարձնում այլընտրանքի հնարավորությունը: Ջոնի Մելիքյանը նկատում է՝ դիվանագիտությունը նուրբ ոլորտ է, իսկ այս պարագայում հայտարարությունը զուտ հռետորական է: «Բանակցությունները 7 տարի ձգձգվում էին, բայց վրացական կողմն իր մասով անցած տարվա վերջում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության հետ ստորագրեց համաձայնագիրը: Այժմ ունենք հետևյալ իրականությունը՝ նախ՝ վրացիները ստորագրել են: Թեև Աբաշիձե–Կարասին վերջին հանդիպման առումով մի քիչ բացասական ֆոն էր ստեղծվել, ռուսական կողմի ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ առաջիկայում ռուսական կողմն էլ նմանատիպ փաստաթուղթ կստորագրի շվեյցարացիների հետ: Այսինքն՝ գործընթացը մի կողմից շարունակվում է, բայց մյուս կողմից էլ պիտի փաստենք, որ բոլոր կողմերը փորձում են մաքսիմալ օգտագործել իրենց հնարավորությունները և կոշտացնել իրենց պահանջները: Աբխազական ու հարավօսական կողմերը պարբերաբար հայտարարում են այդ համաձայնությունների մի մասը լինելու մասին: Այդուհանդերձ՝ 2011թ. կոնսենսուսը տեղի ունեցավ: Ըստ իս՝ այսօրվա դրությամբ ՌԴ–ն ու Վրաստանը այդ համաձայնագիրն իրականացնելու ցանկություն ունեն: Այդ պատճառով չէի ասի, թե մենք պետք է վերոնշյալը որպես վատ լուր ընդունենք»,–ասաց նա՝ նշելով, որ այն զուտ ֆիքսում է հարավօսական կողմի դրքորոշումը: Նրա խոսքով՝ հայկական կողմը կարող է դրական արդյունքի սպասել, բայց նաև պետք է պրագմատիկ լինենք. «Դրական արդյունքի հնարավորություն կլինի, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ սա երկար գործընթաց է: Այսինքն՝ կողքից այլ հարցերով ու այլ ուղղություններով պետք է լուծենք մեր խնդիրները: Այսօր հայկական կողմը պարբերաբար բարձրացնում է Լարսին այլընտրանք ունենալու հարցը: ՌԴ–ն ու Վրաստանն այդ կոչին արձագանքում են: Հայտարարվել է, որ ռուսական կողմը մոդեռնիզացնելու է Վերին Լարսի անցակետը, ինչն ավելի արագ սպասարկելու հնարավորություն կտա: Այս խնդիրը չկա վրացական կողմում, այնտեղ արագ սպասարկում է, բայց վրացական կողմն էլ նոր կամուրջներ է սարքում, որ դեպի սահման գնացող ճանապարհն ավելի անվտանգ լինի: Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ լաստանավային այլընտրանքային ուղի ևս ունենք: Իհարկե, պարզ է, որ ցամաքային ճանապարհն ավելի էժան է, բայց լաստանավով որոշ ապրանքների տեղափոխման տուրքերը բավականին իջեցվել են: Այսօրվա դրությամբ մենք պետք է համակերպվենք այս իրականության հետ, և փորձենք այդ ուղղություններով ևս աշխատել: Ի վերջո պետք է հասկանանք, որ, այո՛, մենք շահագրգռված ենք, բայց պակաս շահագրգռված չեն նաև Վրաստանն ու ՌԴ–ն: Հայերի ցանկությունն ու խնդրանքը կա, բայց եթե վրացիների ազգային շահից չբխեր, իրենք չէին գնա այդ քայլին: Մեծ հաշվով՝ բացի հայկականից, այլ շահեր ևս կան: Նույն վրացական ապրանքների համար ռուսական շուկան համար մեկն է: Վրաստանից ՌԴ բեռնափոխադրումներ ևս կատարվում են, և աճն ահռելի է: Իսկ հայկական կողմը դիվանագիտական լծակներով իր գործը կատարում է: Հայկական կողմի անելիքը սա է: Ես չէի ասի, թե ՀՀ կառավարությունն այս առումով անգործություն է դրսևորում: Մենք իրենց պետք է միշտ հիշեցնենք, որ ՌԴ–ն ու Վրաստանն առևտրի աճող ցուցանիշ ունեն, և իրենց օգուտն է, որ ՀՀ–ից Վրաստանի տարածքով բեռներ գնան ՌԴ»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: