ՌԴ-ում տասնյակ ՀԿ-ներ որակվել են «օտարերկյա գործակալ» և փակվել. «Ամերիկայի ձայն»

Jan 25, 2018 Comments Off on ՌԴ-ում տասնյակ ՀԿ-ներ որակվել են «օտարերկյա գործակալ» և փակվել. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանում կոշտացվել է օրեսնսդրությունն այն կազմակերպությունների և մամուլի միջոցների նկատմամբ, որոնք օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներն են կամ ֆինանսավորում են ստացել դրսից: Դրանք դիտարկվում են այսուհետ «օտարերկրյա գործակալներ»: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Արդյունքում օրինակ հանրաճանաչ «Մեմորիալ» իրավապաշտպանական կազմակերպությունը, որը դեռևս խորհրդային ժամանակներից ակտիվորեն ներգրավված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, 2015 թվականին Ռուսաստանում ստացել է «օտարերկրյա գործակալ» կարգավիճակը, քանի որ ֆինանսավորվել է օտարերկրյա կառույցների կողմից, ներառյալ ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Եվրոպական հանձնաժողովի կողմից: Շատերի համար «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրությունը հիշեցնում է ստալինյան շրջանի բարքերը: «Նման որակումը վերցված է ստալինյան բռնության ժամանակներից»,- ասում է «Մեմորիալ» հիմնադրամի իրավական հարցերով տնօրեն Կիրիլ Կոռոտեևը: Նույն կարգավիճակ ստացած կազմակերպություններից է «Լևադա» կենտրոնը: Վերջինիս արգելել են դիտորդական առաքելությամբ հանդես գալ գալիք նախագահական ընտրություններին: «Ոչ ոք չի փորձելու ճշտել, թե ինչի համար են օգտագործվել օտարերկրյա այդ միջոցները: Ամենակարևորն այն է, որ որակումը տրված է, որը նշանակում է, որ տվյալ կազմակերպությունն աշխատում է օտարերկրացիների համար, իսկ եթե այդպես է, ապա այն գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- նշում է Դենիս Վոլկովը «Լևադա» կենտրոնից: Պաշտոնական Մոսկվան նշում է, որ նման օրենսդրության նպատակն է կանխել օտարերկրյա ներգրավումը Ռուսաստանի քաղաքական կյանքում: Իսկ անցկացված հարցումների ժամանակ շատերը հրաժարվում են խոսել այս թեմայով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: