Ում կամ ինչի համար Դավիթ Հարությունյանը շիլաշփոթ ստեղծեց

Dec 23, 2017 Comments Off on Ում կամ ինչի համար Դավիթ Հարությունյանը շիլաշփոթ ստեղծեց

Սահմանադրական օրենք է արդյո՞ք դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը hարցը քողարկված կրքեր է բորբոքել ՀՀԿ-ի ներսում:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հակադարձելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին,երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ նախագիծը սահմանադրական չէ,հետեւաբար դրա ընդունման համար ամենեւին 63 ձայն անհրաժեշտ չէր,ինչը փորձում էր ապահովել իշխող հանրապետականը։ ԱԺ-ում երեկ ՀՀ Դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկության շուրջ տեղի ունեցած խառնաշփոթին մամուլը մի քանի բնութագիր  տվեց՝ իրավական ոչ կոմպետենտություն կամ անձնական հարաբերությունների բախում: ԱԺ նախագահը նախագիծը քննարկման ներկայացնելիս՝ հենց այնպես չէր կարդում, որ դա սահմանադրական նախագիծ է, հետո ԱԺ-ից էլ պարզաբանում տվեցին, որ Բաբլոյանին այդպես էր տրամադրվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, որի նախագահը մասնագիտությամբ իրավաբան Հրայր Թովմասյանն է: Հարությունյանը պնդում էր, որ այդ նախագիծը ոչ թե Սահմանադրությունից բխող նոր օրենսգիրք է, այլ ընդամենը գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծ:  Պարզ ասած՝ Հարությունյանը փորձում էր սխալ հանել կուսակից գործընկերոջը, որի հետ սակայն, ըստ մամուլի հրապարակումների, ջերմ հարաբերություններ չունի: Վերջին տարիներին իշխանության ներսում, որպես իրավաբաններ, նրանք մրցակիցներ են եղել, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել են նույն՝ արդարադատության նախարարի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնները եւ օպոնենտներ են եղել: Արդարադատության նախարարին այսօր հակադարձեց նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի ՀՀԿ պատգամավոր,նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պնդելով, որ միանշանակ սահմանադրական էր այս օրենքը. « Կառավարությունը չի որոշում՝ մենք որ ռեժիմով պետք է օրենսգիրք ընդունենք, թե չընդունենք: Հիմա եթե սահմանադրական օրենք է ընդունում, ու կառավարությունը գտնում է, որ սովորական ռեժիմով պետք է քննարկվի, հո՞ չպետք է մենք սովորական ռեժիմով քննարկենք, մենք ենք որոշում և մենք էլ որոշել ենք այդպես, որ սահմադրական օրենք էր և օրենք է և քննարկվել և քննարկվելու է բացառապես սահմանադրական օրենքին բնորոշ իրավական ռեժիմով»,-հայտարարեց նա: Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թյուրիմացության մեջ գցեց բոլորին՝ հայտարարելով, որ Դատական օրենսգրքում կատարվող փոփոխությունները սահմանադրական օրենք չեն կարող համարվել, Կոստանյանը պատասխանեց, որ Դավիթ Հարությունյանը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, իր տեսակետն է հայտնել:
Հարցին, թե ինչո՞վ է Կոստանյանը բացատրում տեսակետների տարբերությունը, պատգամավորը պատասխանեց կարճ՝ «իրավագիտության բնույթով»:

Մյուս հարցին, թե անձնական խնդիր չկա՞, ինչպես մամուլն է մեկնաբանում, Կոստանյանը պատասխանեց. «Չէ, կարծիքների հակասությունը այնպես չէ, որ անձնական բնույթ պետք է պարտադիր կրի: Եթե մենք երկու մասնագետ ենք, ունենք տարբեր կարծիքներ, հո էդ չի՞ նշանակում, որ իրար թշնամի ենք ու դրա համար թշնամաբար ենք մոտենում»:
Մինչդեռ փաստն այն է, որ նույն կուսակցության երկու իրավաբաններ նույն կարծիքին են, իսկ նախարարը որոշել է պատվազրկել օրենսդիր կառույցը՝ փորձելով ցույց տալ, թե ԱԺ-ում իրվաբան ու օրենքից հասկացող չկա:
Ի դեպ, ՀՀԿ-ում խոսում են, թե Հարությունյանի գրոհը ոչ այնքան Թովմասյանի դեմ էր, այլ Արա Բաբլոյանի, որի փոխարեն Հարությունյանը ցանկանում է տեսնել իր մտերիմ Արփինե Հովհաննիսյանին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: