Աղմկահարույց բացահայտում. Աշտարակի անձնագրային բաժանմունքի ապօրինի գործունեության հետևանքով քաղաքացիները հատել են պետական սահմանը

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև, հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր:

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Քննությամբ հիմնավորվել է, որ նշված 55 անձանցից 43-ը կեղծ հիմքերով ստացած անձնագրերը ներկայացնելով` հատել են ՀՀ պետական սահմանը տարբեր սահմանային անցակետերով: Պարզվել է նաև, որ կեղծ հիմքերով անձնագրեր ստացած անձանց մեջ եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Բացի այդ, պարզվել է, որ անձնագրավորված անձանցից ոմանց կենսագրական տվյալները մտացածին են:

Կատարված նախաքննության ընթացքում նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գ. Ք.-ն երկու անձանցից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն, որի դիմաց կազմել, տպագրել և հանձնել է կեղծ հիմքերով նույնականացման քարտեր և կեղծ տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագրեր:

Այսպիսով, ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու, իրացնելու, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև Գ. Ք.-ի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և վերջինիս ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ 1-ին մասերով, 3111-րդ հոդվածի 1-ին մասով ու 3-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Աղմկահարույց բացահայտում. Աշտարակի անձնագրային բաժանմունքի ապօրինի գործունեության հետևանքով քաղաքացիները հատել են պետական սահմանը”

Մեկնաբանել