Սամվել Բաբայանի նկատմամբ անողոք  գտնվելու բազում պատճառներ կան

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

Սամվել Բաբայանի և մյուսների գործով նոյեմբերի 13-ին  կայացած դատական նիստում մեղադրող դատախազը պահանջեց 7 տարվա ազատազրկման դատապարտել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին:Մեղադրական ճառում Արամ Արամյանը նշեց, թե Բաբայանին պետք է մեղավոր ճանաչել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գումար է ձեռք բերել:

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր էր, ավելին, այդ դաշինքի ստվերային առաջնորդը և ձերբակալվել էր մարտի 22-ին, խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Նրա ձերբակալությունն իսկզբանե  համարվեց քաղաքական, քանի որ Բաբայանը ըստ տեղեկությունների՝ հետընտրական թեժ զարգացումներ էր պատրաստում, որի մասին ակնարկում էին նաեւ ՕՐՕ-ի ներկայացուցիչները:Արամյանը դատարանից նաև պահանջեց մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անփոփոխ թողնել ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը։ Մեղադրական ճառում դատախազը նշեց, թե պաշտպանական կողմն անհաջող փորձեր է կատարում ստվերելու գործի քննությունը։Դիցուք,  Սամվել Բաբայանը «տրուբա» է անվանում «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ Վրաստանից փոխադրված «Իգլա»-ն իրականում հնարավոր է գործարկել․ – «Հրթիռը պիտանի է մարտական կիրառման համար, և նույնիսկ դրա պահպանման և տեղափոխման կանոնների չնչին խախտումը կարող է հանգեցնել պայթյունի»: Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասել է, որ մեղադրող դատախազի 7 տարվա պահանջին կհակադարձի հաջորդ երկուշաբթի՝ իր պաշտպանական ճառում։ Իսկ Բաբայանը ողջ ընթացքում մեղադրական ճառը լսել է ժպիտով:

Այս գործով առանցքային մեղադրյալներից է համարվում Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը։ Ըստ մեղադրանքի, նա Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» համալիրը։ Մի քանի նիստ առաջ Գաբրիելյանը հայտարարել էր, որ նախկին նախարարը կապ չունի այս նախաձեռնության հետ, և ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով:Մեղադրող դատախազը Գաբրիելյանի համար 4 տարվա ազատազրկում է պահանջել:
«Իգլայի» գործով մեղադրվող Արմեն Պողոսյանի համար դատախազը պահանջեց 3 տարվա ազատազրկում։ Մյուս 4 ամբաստանյալները արդեն անցնում են ներկոտված եվրոների գործով։ Ըստ մեղադրանքի, նրանք օժանդակել են Սամվել Բաբայանին, ով փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված, օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով:Ամբաստանյալ Կարեն Քոչարյանի համար դատախազը պահանջեց 3 տարվա ազատազրկում, Դավիթ Հարությունյանի համար՝ 2 տարվա, իսկ Անդրանիկ Քոչարյանի և Ժորա Զաքարյանի համար դատախազն պահանջեց 2 տարվա ազատազրկում՝ առաջարկելով պայմանականորեն պատիժը չկիրառել, փոխարենը սահմանել 3 տարվա փորձաշրջան։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: Բաբայանի եւ մյուսների գործով դատավարության ողջ ընթացքում թե վկաները, թե մեղադրյալները իրենց ցուցմունքների ժամանակ վեր հանեցին մի շար ուշագրավ փաստեր, որոնք ցույց տվեցին, որ գործը կարված է քաղաքական նկատառումով եւ պարզ ասած՝ անհիմն է: Վկա Աշոտ Շուշանյանը օրինակ  սեպտեմբերի քսաներեքի նիստում հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։

Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։  Սակայն  Բաբայանի վերաբերյալ դատարանի որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանում արդարադատությունը իրականացվում է մի կենտրոնից, մի մարդու ցուցումով ու կամքով: Բաբայանը ըստ ամենայնի 7 տարի կազատազրկվի, բնականաբար, տարիներ անց նրան ներում կշնորհվի Սերժ Սարգսյանի կողմից, որը պատրաստվում է վարչապետ դառնալ եւ նոր Սահմանադրությամբ ներումները շնորհվելու են վարչապետի կողմից եւ բոլորը կասեն՝  կեցցե, բարի Սերժ Սարգսյանը: Իսկ հիմա բազում պատճառներ կան Բաբայանի նկատմամբ անողոք գտնվելու համար: Նախ որ երկրում բողոքի օջախներ են բոցկլտում՝ ի դեմս տարկետման իրավունքի վերացման դեմ ու կարելի է շատ հանգիստ նոր շարժում հրահրել, եւ ամենակարեւորը՝ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ասոցացմանն ընդառաջ Հայաստանն այժմ առավել քան միջազգային հանրության ուշադրության ներքո է, իսկ մեղմ պատիժ տալ Բաբայանին, կնշանակի ապացուցել մեղադրանքները, որ գործը քաղաքական է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Սամվել Բաբայանի նկատմամբ անողոք  գտնվելու բազում պատճառներ կան”

Մեկնաբանել