«Ցավոտ զիջումների» մասին ռուս-ադրբեջանական «երգեր»

Nov 14, 2017 Comments Off on «Ցավոտ զիջումների» մասին ռուս-ադրբեջանական «երգեր»

Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների հետ համակարգմամբ, պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ խնդրի կարգավորման համար փոխադարձ ընդունելի, կոնսենսուսային հիմքի մշակման հարցում կողմերին աջակցելուն, արել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ ի պատասխան Մինսկի խմբի համանախագահների ելույթի։ «Ակնկալում ենք, որ համանախագահների առաջիկա շփումները հավելյալ խթան կհաղորդեն այդ երկարատև հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Լուկաշևիչը։

Նրա խոսքով՝ տևական դադարից հետո Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը դարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի նշանակալի արդյունք։ «Կարևոր էր, որ գագաթնաժողովի արդյունքներով կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել բանակցային գործընթացը։ Վստահ ենք, որ դա կնպաստի կողմերի միջև վստահության հետագա ամրապնդմանը և առաջընթացին՝ դեպի կարգավորման էական ասպեկտներով փոխզիջում։ Հուսով ենք, որ Ժնևում նախագահների հանդիպման արդյունքներով արձանագրված կառուցողական մթնոլորտը բանակցությունների ժամանակ կպահպանվի։ Ակնկալում ենք արդյունավետություն մինչ տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ համանախագահների հանդիպումներից»,-ասել է Լուկաշևիչը։ ԵԱՀԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայման է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության ու կայունության աջակցումը։

Երկու օր առաջ էլ լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էր նշել, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Նման շփումները ծրագրված են հոկտեմբերի 16-ի Ժնևյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպում ծրագրվում է: Երբ լինեն հստակ ժամկետներ, երբ ուրվագծվի հանդիպումը, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց Զախարովան: Նա հավելել էր նաև, որ արցախյան հիմնախնդրի թեմայով տարբեր ձևաչափերում շփումները բացառված չեն, դրանք մշակման փուլում են:

Այս հայտարարությունից առաջ էլ ՌԴ ԱԳՆ-ից էին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մինչև տարեվերջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ԱՊԱ-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: «Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները՝ համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպում: Իսկ մինչ այդ հանդիպումը համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին-առանձին: Այս պահին Ռուսաստանի համանախագահը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ աշխատանքներ է տանում խորհրդակցությունների վայրը և ժամկետները հստակեցնելու շուրջ»,- գրել էր ԱՊԱ-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում պատրաստվում է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին: Նա նաև հայտնել էր, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում է նախապատրաստվում, ինչը պաշտոնական Երևանը չհաստատեց:

Հիմա, տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն ու Մոսկվան միահամուռ ուժերով դրդում են պաշտոնական Երևանին՝ «գործնական քայլերի», կարծես, ստիպում են հանդիպման, այն պայմաններում, երբ ակնհայտ է, որ բանակցությունների սեղանին Ալիևի հետ քննարկելու կոնկրետ թեմա չկա, քանի դեռ նա չի կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունների պայմանավորվածությունները:

Մոսկվան ու Բաքուն իրենց արհեստական «շտապողականությամբ» ինչ-որ բան են հասկացնում Երևանում: Նրանք ճնշման ինչ-որ հնարք են բանեցնում հայկական կողմի ուղղությամբ:

Բոլորովին պատահական չեն այս օրերին ռուսական փորձագիտական շրջանակների մեկնաբանություններն այն մասին, թե ղարաբաղյան խնդրի լուծումը «ցավոտ է լինելու կողմերի համար», թե՝ «ցավոտ զիջումներ են սպասվում» և այլն… Մյուս կողմից ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե ինչ պայմաններ կարող է դնել Պուտինը Ալիևի առաջ՝ Ղարաբաղի դիմաց:

Հավելենք նաև, որ Ադրբեջանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործնական քայլեր է ակնկալում՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ակտիվացման նպատակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական պատվիրակությունը նոյեմբերի 9-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ: Ադրբեջանական պատվիրակությունը, ողջունելով բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ համանախագահների ջանքերը, Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անվանել է ճիշտ ուղղությամբ արված քայլ: «Հանդիպումն ապացուցեց, որ առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները դատապարտված են տապալման: Մենք, ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հանդիպման փաստը և դրա արդյունքները, ինչն արտահայտվել է համատեղ հայտարարությունում: Մենք համանախագահներից ակնկալում ենք գործնական քայլեր բանակցությունների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է ադրբեջանական պատվիրակության հայտարարությունում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: