Անհասկանալի բարդություններ ու տարօրինակ խորհրդավորություն

Oct 22, 2017 Comments Off on Անհասկանալի բարդություններ ու տարօրինակ խորհրդավորություն

Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ԵՄ հանձնաժողովի կողմից թարգմանվել է Եվրամիության բոլոր լեզուներով, բացի իռլանդերենից, այս մասին Tert.am-ը պարզաբանում ստացել է Եվրահանձնաժողովի լրատվական ծառայությունից:

Պարզաբանման մեջ նշվել է, որ թարգմանություններն արվել են ոչ թե երկրների կողմից, այլ՝ Եվրահանձնաժողովի: «Իռլանդական իշխանությունների հետ համաձայնության արդյունքում, ներկայումս ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն»,- նշված է պարզաբանման մեջ: Եվրահանձնաժողովը նաև ներկայացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի Եվրամիության լեզուների թարգմանության էջը:

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԵՄ անդամ որոշ երկրներ չեն թարգմանել Եվրամիության հետ Հայաստանի ստորագրվելիք համաձայնագիրը, ինչը կարող է թեև որպես տեխնիկական խոչընդոտ, այնուամենայնիվ, արգելափակել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը:

Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ հոկտեմբերի սկզբին Երևան Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն իր այցի նախօրեին «Առավոտ»-ին բացառիկ հարցազրույցում ևս չէր նշել՝ կոնկրետ, արդյոք հենց նոյեմբերի 24-ին կայանալիք գագաթնաժողովում է ստորագրվելու ՀՀ-ԵՄ փաստաթուղթը:

Օգոստոսի վերջին, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ ոչինչ չի խանգարում այդ համաձայնագրի ստորագրմանը՝ հասկացնելով, որ գոնե պաշտոնական Երևանը որևէ խնդիր չունի:

Ուրեմն, խնդիրը ԵՄ-ո՞ւմ է… Ըստ ամենայնի՝ այո:

Եվրահանձնաժողովը, երեկ, փաստացի հերքել է տեղեկությունը, որ ԵՄ անդամ երկրներ չեն հասցրել թարգմանել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ու դրա պատճառով կարող է կողմերը չհասցնեն ստորագրել համաձայնագիրը, նոյեմբերի 24-ի Բրյուսելյան Վեհաժողովի ընթացքում: Բայցև, մյուս կողմից, ասվում է, որ չի թարգմանվել միայն իռլանդերեն:

Ընդ որում, Եվրահանձնաժողովը կրկին խուսափում է կոնկրետ նշել, որ համաձայնագիրը լիարժեք պատրաստ է նոյեմբերի 24-ի գագաթնաժողովին՝ ստորագրման համար:

Մնում է, փաստացի մի մեծ հարց՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրելո՞ւ են համաձայնագիրը նոյեմբերի 24-ին կայանալիք գագաթնաժողովում, թե ոչ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: