Լևոն Ալթունյանը փող է տնտեսում հոգեկան խնդիրներով հիվանդների առողջության հաշվին

Oct 13, 2017 Չի մեկնաբանվել

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մոտ 300 շահառուներ արդեն տևական ժամանակ բողոքում են պետության կողմից անվճար հիմունքներով իրենց տրվող հայկական արտադրության «Օլանզապին» դեղի որակից և պահանջում այն փոխարինել նախկինում իրենց տրված ամերիկյան կամ այլ երկրի արտադրության «Զիպրեքսա» դեղով: Սակայն հիվանդների դժգոհություններն առայժմ մնում են անարձագանք: 2015-2016 թվականներին առողջապահության նախարարության կողմից  իրականացված պետական ծրագրի շրջանակում Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի 300 շահառուները ստացել են «Զիպրեքսա» դեղորայք և փաստում են, որ դրա ազդեցությունն իրենց վրա դրական է եղել: 2016 թվականի ծրագիրը 2017 թվականի փետրվարին ավարտվել է, և այդ օրվանից սկսած առողջապահության նախարարությունը նրանց առաջարկում է տեղական արտադրության «Օլանզապին» և որպես հումանիտար օգնություն այլ երկրներից ներկրված դեղորայք, որոնցից հիվանդները դժգոհ են: «Այս ընթացքում շահառուներին նախ ինչ-որ կանադական դեղ էին տալիս, որից բոլորը դժգոհ էին: Մենք նաև ճշտեցինք, որ այդ դեղը իրենց երկրում արգելված է՝ չի օգտագործվում: Հետո ամերիկյան դեղ էին տալիս, որ նույնպես, որպես հումանիտար օգնություն հատկացվել էր մեր երկրին: Դրանցից մարդիկ վատանում են »,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թուխիկյանը՝ շեշտելով, որ իրենք բազմաթիվ դիմումներ և գրություններ են գրել և՛ առողջապահության նախարարին, և՛ վարչապետին՝ նախկին ծրագիրը վերականգնելու խնդրանք-պահանջով, սակայն ոչ մի արդյունք:
Կարինե Թուխիկյանի խոսքով՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անձամբ իրենց հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պետությունը ֆինանսներ խնայելու խնդիր ունի, այդ պատճառով էլ չի կարող հոգեկան հիվանդություն ունեցող անձանց «Զիպրեքսա» տրամադրել, ուստի նրանք այսուհետ պետք է բավարարվեն այն ամենով, ինչը պետությունը կարող է տալ. «Նախարարի հետ մենք այս տարվա ընթացքում 2 անգամ հանդիպել ենք՝ մարտի 14-ին և մայիսի 31-ին: Նա մեզ ասաց՝ բյուջեում փող չկա, մենք չենք կարող դա առնել: Նախկինում արել են, լավ են արել, հիմա մենք չենք կարող անել»,- պատմում է Կարինե Թուխիկյանը և հավելում, որ նույն պատասխանը ստացել են նաև վարչապետի խորհրդական Գևորգ Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ:
Վերջին անգամ Կարինե Թուխիկյանը՝ մի քանի շահառուների հետ միասին առողջապահության նախարարություն է գնացել հոկտեմբերի 10-ին՝ հոգեկան առողջության համաշխարհային օրը՝ նախարարի հետ հանդիպման: Կարինե Թուխիկյանի խոսքով՝ իրենք դեռևս օգոստոսին գրությամբ դիմել էին նախարարություն և պահանջել նախարարի հետ հանդիպում՝ հուսալով, որ միգուցե նախարարությունն այս ընթացքում ինչ-որ քայլեր է ձեռնարկել. «Պարզվեց՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Ավելին՝ հոկտեմբերի 10-ին, ի թիվս այլ քաղաքացիների, մենք հրավիրվել են քաղաքացիների ընդունելության, սակայն նախարարը մեզ չընդունեց: Մեզ ասացին՝ դուք սպասեք, վերջում կմտնեք, իսկ վերջում նա հեռացավ՝ առանց մեզ ընդունելու: Ես՝ իբրև քաղաքացի, այդ վերաբերմունքից վիրավորված եմ »,- նշեց Կարինե Թուխիկյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին առողջապահության նախարարության կողմից պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, ըստ որի՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանձնարարել է ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին՝ իրականացնել տեղական արտադրության օլանզապին դեղի կենսահամարժեքության փորձաքննություն: Նույն հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում դիսպանսեր հսկողության տակ գտնվող հայկական օլանզապին ստացող 198 հիվանդների շրջանում երբևէ որևէ դժգոհություն չի եղել: Կարինե Թուխիկյանը անհնար է համարում, որ հոգեկան առողջության կենտրոնի բոլոր հիվանդները գոհ լինեն օլանզապինից: Նա վստահ է, որ նախարարությունը նման հայտարարություն անելուց առաջ այդ հիվանդներին չի էլ հարցրել՝ նրանք գո՞հ են, թե՞ոչ:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Լևոն Ալթունյանը փող է տնտեսում հոգեկան խնդիրներով հիվանդների առողջության հաշվին”

Մեկնաբանել