«Ելք» -ը պահում է թիկունքը, գրոհելու հերթը իշխանությանն է

Sep 13, 2017 Comments Off on «Ելք» -ը պահում է թիկունքը, գրոհելու հերթը իշխանությանն է

«Ելք» դաշինքն ԱԺ օրինագիծ է ներկայացրել՝ առաջարկելով ՀՀ-ն դուրս բերել ԵԱՏՄ-ից: Անկախ տարրակարծությունների, հատկապես, Նիկոլ Փաշինյանի դեմ դիրքորոշման, որը նա հայտնել էր ընդամենը մեկ տարի առաջ ԱԺ-ում, երբ Խաչատուր Քոքոբելյանը համանուն նախագիծ էր ներկայացրել, Ելք-ը միասնական որոշում է կայացրել ու նախագիծ դրել շրջանառության մեջ: Անկախ այն հանգամանքի, որ Ելք-ն իր նախընտրական ծրագրում չի ամրագրել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի կետը, խորհրդարանական ընդդիմությունը, փաստորեն, անակնկալ որոշման հանգեց: Հիշեցնենք, որ խնդիրը դրվեց, երբ ամռանը Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների հարցն առաջացավ: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԵՏՄ-ում Հայաստանի շահը ոտնահարված է, խախտված է տնտեսական ազատության սկզբունքը, Հայաստանն այդ դաշինքում չունի անելիք: Մարուքյանը հայտարարեց, որ նախաձեռնելու են ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց: Այս պայմաններում է, որ նախաձեռնության անկեղծության առումով բազում կասկածներ են հնչում առ այն, որ ԵԼՔ-ը գործում է ուղղորդված, եւ այս ձեռնարկը նախեւառաջ իշխանություններին է հարկավոր՝ Ռուսաստանի առջեւ թիկունքն ամրագրելու եւ որոշակի խնդիր լուծելու համար:

Ընդամենը շաբաթներ առաջ Հայաստանն անսպասելի հրաժարվեց Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց, տեղեկություններ սպրդվեցին, որ հետ պահողը Ռուսաստանն է, նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրում, կրկին կասկածներ կան, որ հերթական անգամ կխափանվի ԵՄ-ի հետ համագործակցությունը, ինչպես չորս տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանն անսպասելի կայացրեց սեպտեմբերյան որոշումը: Դրան գումարած Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը, ղարաբաղյան հարցում ոչ հայանպաստ դիրքորոշումը եւ այլն: Այս իրավիճակում իշխանությունը փորձելու է Հայաստանում հակառուսական տրամադրություններ բարձրացնելու միջոցով առնվազն զսպաշապիկ հագցնել Ռուսաստանին:

Եվ ահա, աշնանային նստաշրջանի մեկնարկին ՀՀԿ-ականները խուսափում էի հուժկու հակափաստարկներ ներկայացնել՝ կարծես թե հիմնավորելով բոլոր կասկածները, որ Ելք-ն առաջնորդվում է իշխանության ցուցումով: ՀՀԿ-ականերից միայն Արմեն Աշոտյանն է, որ անգիր արած տեքստ չարտասանեց, թե նախագծին կծանոթանամ, կարծիք կհայտնեմ: Աշոտյանը հայտարարեց, որ ներկայումս ԵՏՄ-ից դուրս գալը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։

Այսինքն, Աշոտյանը սկզբունքորեն ոչ թե քննադատեց «Ելքի» նախաձեռնությունը, այլ արձանագրեց, որ այն առաջնահերթություն չէ: Սակայն ՀՀԿ-ականները մինչեւ վերջերս գովաբանում էին Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը եւ քննադատում այն քննադատողներին: ԵԱՏՄ-ին կողմ քվեարկած ՀՅԴ-ն ավելի ռադիկալ գտնվեց: Արմեն Ռուստամյանը մեկնաբանել է, որ այդդ միությունը երաշխավորում է մեր անվտանգությունը, նա հստակ հայտնել է որ իրենք դեմ են դուրս գալուն: Նշենք, որ ԵԱՏՄ-ին կողմ քվեարկած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը , խոսելով ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի առաջարկի մասին, ասաց, թե հրահանգել է թիմակիցներին մասնակցել քննարկումներին:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ուրիշ երկրների կողմից ավելի լավ առաջարկներ չկան, որոնք ավելի մեծ ներդրումներ կխոստանան։ «Երևի մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում։ 200 միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկումը և ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել»: «Ես համոզված եմ, որ «Ելք» դաշինքը իշխող կոալիցիայի ապագա անդամ է։ Ես դրանում միանգամայն վստահ եմ։ «Ելք»-ը իշխանական կամ իշխանամետ նախագիծ է, այդ պատճառով պետք է ուշադիր լինենք իրենց հայտարարություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը` անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագծին։

Կոլերովը, միևնույն ժամանակ, «մեսիջ» է հղել, որ նմանատիպ ձևերով ՀՀ իշխանությունները չեն կարող առևտուր անել Կրեմլի հետ: Մնում է սպասել ու տեսնել, թե ինչպես կօգտագործի իշխանությունն այս շանսը, ամեն դեպքում Ելք-ն արդեն թիկունքն ամուր պահում է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: