Ռուս-ամերիկյան հետաքննական կրքեր. «վհուկների որս» ընդդեմ Թրամփի՞

May 20, 2017 Չի մեկնաբանվել

Ռուս-ամերիկյան` դեռ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների փուլում հետաքննական թոհուբուհը շարունակվում է, և հանդարտվելու միտում չունի…

Նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի թիմակիցների և Ռուսաստանի իշխանությունների կապերի մասին տեղեկությունները հետաքննելու է ամերիկյան հատուկ ծառայությունների ամենահարգված և ազդեցիկ վետերաններից մեկը` Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 12 տարի շարունակ` 2001-2013թթ.` թե’ հանրապետական Ջորջ Բուշի և թե’ դեմոկրատ Բարաք Օբամայի օրոք:

Ռուսաստանի և Թրամփի կապերի հետաքննության գծով հատուկ դատախազի պաշտոնում Մյուլերին նշանակելու որոշումը չորեքշաբթի ուշ երեկոյան հրապարակեց Արդարադատության նախարարությունը: Ամերիկյան քաղաքական շրջանակներում Մյուլերի նշանակման առաջին արձագանքները, ընդհանուր առմամբ դրական են, հայտնեց «Ազատությունը»:

«Ես շատ, շատ ուրախ եմ, որ հատուկ դատախազ է նշանակվել, և որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Ռոբերտ Մյուլերը`անառարկելի հեղինակության տեր հիանալի մի անձնավորություն», ասել է Քոնեկտիկուտից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Հայմսը: «Սա լավ սկիզբ է ճիշտ ուղղությամբ մի իրավիճակում, երբ նորընտիր նախագահը հայտնվել է ճգնաժամային կացության մեջ: Շաբաթներ շարունակ նորանոր փաստեր էին ի հայտ գալիս, և ես ուրախ եմ, որ այս ֆոնին ի վերջո նման նշանակում կատարվեց», – նշել է Միչիգանից ընտրված կոնգրեսական Ջոն Քոնյերսը:

Օկլահոման ներկայացնող սենատոր Ջոն Լանկֆորդի խոսքով, այս նշանակմամբ Արդարադատության նախարարությունը կարողացել է ապահովել հետաքննության շարունակականությունն ու անկախությունը․ «Սա լավ համադրում է, որը մի կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին թույլ է տալիս շարունակել աշխատանքը, մյուս կողմից` վերջնական որոշումների կայացման լիազորությունները շնորհում է անկախ գործչի»:

Ռոբերտ Մյուլերի նշանակմանը զուգահեռ Սպիտակ Տունը տարածեց նախագահ Թրամփի հայտարարության տեքստը, որում ԱՄՆ ղեկավարը պնդում էր․«Բազմիցս նշել եմ, որ մանրակրկիտ հետաքննությունը կապացուցի այն ամենը, ինչն արդեն իսկ հայտնի է: Որևէ գաղտնի գործարք իմ նախընտրական թիմի և օտարերկրյա որևէ պետության միջև գոյություն չի ունեցել»:

Թրամփի այս հայտարարության հրապարակումից հաշված ժամեր անց, սակայն, Reuters գործակալությունը հրապարակեց սեփական հետաքննության արդյունքները: Reuters-ի տեղեկություններով, ամերիկյան նախագահական ընտրություններին նախորդող ամիսներին Թրամփի խորհրդականների և ռուսաստանցի պաշտոնյաների միջև շփումների առնվազն 18 դրվագ է արձանագրվել, որոնց մասին գործող նախագահի թիմակիցները Հետաքննությունների դաշնային բյուրոյին չեն հայտնել: «Ռուսաստանցի պաշտոնյաների հետ շփումների հիմնական թեմաներն էին տնտեսական կապերի բարելավումը և երկկողմ դիվանագիտական ջանքերի համադրումը», – նշում են հետաքննության հեղինակները: Նրանց տեղեկություններով, 2016-ի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թրամփի մերձավոր զինակիցներից մեկը` հետագայում կարճ ժամանակահատվածով նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում աշխատած Մայքլ Ֆլինը, Թրամփի մյուս թիմակիցները ևս, թվով վեց հեռախոսազրույցներ են ունեցել Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ:

«Ընտրություններից հետո Ֆլինի շփումները Կիսլյակի հետ ակտիվացել են: Նրանք փորձել են ընտրված նախագահ Թրամփի և ՌԴ նախագահ Պուտինի միջև շփումների ստվերային մի խողովակ ստեղծել, որը կշրջանցեր ամերիկյան հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին: Ռուսական կողմը լուրջ մտավախություններ ուներ, որ ամերիկյան ազգային անվտանգության համակարգի ներկայացուցիչները կարող են խաթարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղված ջանքերը», – նշել է հետաքննության հեղինակներից Reuters-ի թղթակիցը:

Reuters-ը, սակայն, միևնույն ժամանակ ընդգծել էր․ «Հետաքննությունների դաշնային բյուրոյին մոտ կանգնած աղբյուրները Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև գաղտնի պայմանավորվածություններին կամ [ռուսների հետ շփումներին] Թրամփի ներգրավվածության մասին ապացույցներ չունեն»:

Դոնալդ Թրամփը Twitter-ում անմիջապես արձագանքել է վերջին զարգացումներին` նշելով․ «Սա քաղաքական գործչի դեմ իրականացվող ամենամեծ վհուկների որսն է ամերիկյան պատմության մեջ»:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ռուս-ամերիկյան հետաքննական կրքեր. «վհուկների որս» ընդդեմ Թրամփի՞”

Մեկնաբանել