Աբխազիայի ճանապարհն ու Հայաստանը

Apr 21, 2017 Comments Off on Աբխազիայի ճանապարհն ու Հայաստանը

 

Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում, որ բացվի տարանցիկ հաղորդակցությունը Աբխազիայով դեպի Հայաստան, և որևէ առարկություն չունի, որ բեռների փոխադրումը Հայաստանի և Աբխազիայի միջև վերականգնվի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սուխումիում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո։
Լավրովի խոսքով՝ հաղորդակցության վերականգնման համար կա անհրաժեշտ իրավական հիմք։ Մասնավորապես խոսքն այն պայմավորվածությունների մասին է, որ ձեռք էին բերվել Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011 թվականին. «Մենք այդ հարցին անդրադարձել ենք այսօրվա հանդիպման ժամանակ: Ռուսաստանը ոչ մի խնդիր չի տեսնում տարանցումը վերականգնելու համար: Կան նաև իրավական հիմքեր դրա համար: Դրանք պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի և ԱՀԿ-ի միջև 2011 թվականին, երբ մենք միացել ենք այդ կառույցին,- ասել է Լավրովը և շարունակել.- գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են տարանցման վերականգնումով: Աբխազիան դրան դեմ չէ: Դա կախված է ոչ թե մեզանից, այլ այն երկրներից, որտեղ նման տարանցումը կարող է լինել»,- նշել է նա:

Աբխազիայի նախագահ Խաջիմբան, իր հերթին, հայտարարել է, որ Աբխազիան պատրաստ է Ռուսաստանից Հայաստան բեռների փոխադրմանը և շահագրգռված է դրանում, քանի որ այդ տարանցիկ փոխադրումները հավելյալ միջոցներ կբերեն աբխազական բյուջե։ «Մենք ինքնիշխան, ճանաչված պետություն ենք, և այդ հարցերը պետք է կարգավորել քաղաքակիրթ ճանապարհով։ Եթե վրացական կողմը պատրաստ լինի, ես չեմ կասկածում, որ հարցը կլուծվի, և Աբխազիան դրանից միայն կշահի»,- ասել է նա:
Աբխազական ճանապարհի վերականգնումը իսկապես օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին: Այն Հայաստանը ռուսական կողմին կապող ամենաարդյունավետ ցամաքային ճանապարհն է, սա նաև երկաթուղային կապ է Ռուսաստանի հետ, որը կարող է լրջագույն էֆեկտ ապահովել հայ-ռուսական ապրանքաշրջանառության ծավալներին՝ նվազեցնելով փոխադրումների վրա ծախսվող գումարներն ու ժամանակը: Ինչպես հայտնի է, աբխազական տարանցիկ ճանապարհը դադարել է գործել վրաց-աբխազական կոնֆլիկտի պատճառով: Աբխազիայի անկախացումից հետո Սոխումիով դեպի Հայաստան եկող ճանապարհը, որն անցնում է Վրաստանով, փակվեց և արդեն ավելի քան երկու տասնամյակ չի գործում: Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն այժմ Լարսի ճանապարհն է, որը արդյունավետության տեսանկյունից չի կարող համեմատվել աբխազական ճանապարհի հետ: Լարսի ճանապարհը աշխարհագրական ռելիեֆի առումով դժվարամատչելի է, նեղ է և չի ապահովում բավարար թողունակություն, իսկ ձմռանը օերեր շարունակ փակվում է, և բեռներն ու ուղևորները մնում են ճանապարհին:
Կովկասն, իսկապես, ինչպես իրավացիորեն նկատել է Աբխազիայի նախագահը, կարող է տնտեսապես շահել աբխազական ճանապարհի և երկաթուղու բացվելուց: Բայց բոլոր տեսակի տնտեսական շահերի հիմքում դրված են նաև քաղաքական շահեր, և սոսկ ցանկությունն այս դեպքում բավական չէ: Քննարկվե՞լ է արդյոք աբխազական ճանապարհը հայկական կողմի համար բացելու հարցը Վրաստանի իշխանությունների հետ: Այս մասին ո՛չ Լավրովը, ո՛չ էլ Ռաուլ Խաջիմբան ոչինչ չեն հայտարարել՝ թերևս այս մասով հուսադրող ասելիք առայժմ չկա: Հաջորդ կարևոր հարցն այն է, թե աբխազական ճանապարհի բացման հարցով ով պետք է բանակցություններ վարի Վրաստանի հետ: Քանի որ այս ճանապարհի ուղղակի շահառուն լինելու է Հայաստանը, ապա ՀՀ իշխանությունները պետք է առաջինը նախաձեռնեն Վրաստանի կառավարության հետ նման օրակարգով բանակցություններ: Եթե այդ բանակցությունների նախաձեռնությունը մեր իշխանությունը որոշել է թողնել Ռուսաստանի հույսին, ապա վստահաբար Լավրովն առաջնորդվելու է Կրեմլի պլաններով և Հայաստանի անունն էլ հիշատակվել է ռուսական շահերի համատեքստում: Սա այն հարցն է, որին Ռուսաստանի խառնվելը միմիայն կարող է վնաս բերել: Հայաստանի իշխանությունը հայ-վրացական հարաբերությունների օրակարգում պետք է օր առաջ մտցնի այդ հարցը:
Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: