Մեղրամիսի ավարտը. «Կաթսան» սկսել է եռալ

«Ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում։ Նրանց գլխավոր գործառույթը մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանությունն է», -երեկ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցած շաբաթ հնչեցրած հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հույս էր հայտնել, որ ռուսաստանցի խաղաղապահները 2025 թվականին կհեռանան Լեռնային Ղարաբաղից։

«Հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը՝ խաղաղապահների գործունեությունն այժմ է՛լ ավելի պահանջված է», - հակադարձել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։ «Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային ուժերի՝ այդ թվում Թուրքիայի շահերից։ Այդ առթիվ մենք ընդգծում ենք այն կարևոր համագործակցությունը, որ ծավալվում է մեր թուրք գործընկերների հետ Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում», - հայտարարել է Մարիա Զախարովան։

Մոսկվայի արձագանքը հստակ է` Անկարան չի կարող որոշել, թե երբ պետք է ռուս խաղաղապահները դուրս գան Լեռնային Ղարաբաղից, նշել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը։ Ռեջեփ Էրդողանը վերջերս ասել էր, թե ռուսական զորակազմը Արցախը պետք է լքի 2025-ին։

«Անկարան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ: Հենց այս փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և այս փաստաթղթում են հստակ նշված տարածաշրջանում նրանց մնալու և երկարաձգման ժամկետները», - շեշտել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է 5 տարի ժամկետով ու հերթական հնգամյա ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չհայտարարի այդ դրույթը դադարեցնելու մտադրության մասին:

Մինչև վերջերս Ադրբեջանից էին պարբերաբար հիշեցնում, որ ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայված Լեռնային Ղարաբաղում, բայց նրանց դուրս գալու ցանկության մասին դեռ ուղիղ չի հայտարարել։

Այսպես, Արցախում ռուս խաղաղապահների առաջին ժամկետի ավարտին մնացել է երկու տարի։ Հրադադարի պարբերական խախտումների, Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Հայաստանից, նաև Արցախից ռուս խաղաղապահների անգործության մասին հնչող դժգոհություններին ֆոնին՝ Մարիա Զախարովան պնդել է, թե զորակազմը, որի հիմնական գործառույթը հրադադարի պահպանումն է, շարունակում է կարևոր կայունացնող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում։

Ավելին, նա հավելել է, թե հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ ռուս խաղաղապահների գործունեությունն այժմ էլ ավելի պահանջված է: Իսկ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի պատասխանել հայ լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվան կարող է կոչերից բացի, այլ միջոցներ ձեռնարկել և ստիպել Բաքվին բացել Լաչինի միջանցքը։ Փոխարենը Զախարովան կրկին ընդգծել է, թե ՀԱՊԿ առաքելությունը սահմանին, Հայաստանի տարածքում կարող է օգտակար լինել։ «Ամեն դեպքում գնդակը հայերի դաշտում է», - կրկնել է Զախարովան, նշելով, որ այդ որոշումը պետք է Երևանը կայացնի։

Հայաստանի իշխանությունները անցած սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո նախ և առաջ Բաքվի ներխուժման առնչությամբ քաղաքական գնահատական էին պահանջել Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինքից և դա չստանալով առկախել ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը։

Ի դեպ, հայ լրագրողը երեկ Զախարովային հարցրեց, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը պարբերաբար օգնում է Ուկրաինային։ Ռուս դիվանագետն արձագանքել է, թե բոլոր, այդ թվում՝ վիճահարույց հարցերը ուղիղ քննարկում են Բաքվի հետ, և իրենց դրա համար միջնորդներ պետք չեն։

Երեկ մի տեղեկություն էլ հայտնի դարձավ...Հայ-ադրբեջանական կարգավորումից խոսելիս Զախարովան, իր խոսքով, լավ լուր հայտնեց՝ ասելով, թե լավ հնարավորություն կա Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համար։ Սակայն նա կոնկրետ ժամկետ չնշեց։

Իր հերթին, ռուսաստանցի մեկ այլ պաշտոնյա էլ է երեկ անդրադարձել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով․ հումանիտար ճգնաժամը խորանում է, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում։

«Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի վերսկսման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու համար։ Կարծում ենք նաև, որ այս պայմաններում մեծանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ փոխհամաձայնեցման կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Հիմք ենք ընդունում այն, որ սույն համաձայնագրի անբաժան մաս պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ կատարումը, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ըստ 1lurer.am-ի, ասել է Լուկաշևիչը:

Նա վերահաստատել է ռուսական կողմի տրամադրվածությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջխաղացմանը։ «Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի Մոսկվայում կայանալիք եռակողմ գագաթնաժողով՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման նպատակով»,- եզրափակել է դիվանագետը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3291 անգամ
Լրահոս
Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Գեղամյան «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն և Jeep Grand Cherokee-ն Հայաստանը՝ հոգեդարձության հույսին Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի. նոր մանրամասներ իրանական ավտոբուսի վթարից Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար Այսօր սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am