Մոսկվան ու Վաշինգտոնը լուռ են 2 աղմկահարույց, բայց «խորհրդավոր» այցերի պատճառների մասին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենի երևանյան այցից ընդամենը 3 օր անց Հայաստան ժամանեց Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Նրան երեկ ընդունել է Նիկոլ Փաշինյանը, և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Երեկ ողջ օրը հայտնի չդարձավ, թե Նարիշկինը Երևանում էլ ո՞ւմ հետ է հանդիպել։
Ի դեպ, ռուսական մամուլը սահմանափակվեց հայաստանյան պաշտոնական տեղեկատվությամբ, սակայն թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում ուշադրություն են հրավիրում, որ արտերկիր հազվադեպ մեկնող Սերգեյ Նարիշկինի հայաստանյան այցը կայացավ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցից գրեթե անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Բըրնսին ուրբաթ օրը ընդունեցին Փաշինյանը ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դարձյալ՝ հայաստանյան պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, անվտանգության ոլորտում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր և երկկողմ օրակարգը։

Հետաքրքրականն այն է, որ ամերիկյան կողմն էլ լռություն է պահպանում Ուիլյամ Բըրնսի երևանյան այցի մասին։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունից արձագանքել են, թե չեն մեկնաբանում իրենց տնօրենի օրակարգը։

Բանը հասավ նրան, որ հայաստանյան մամուլում ու փորձագիտական հանրույթում տարբեր կարծիքներ հնչեցին Բըրնսի երևանյան այցի մասին, թե նա Հայաստանում էր ռուսական կողմի հետ փակ հանդիպման նպատակով, կամ այցը տարածաշրջանային էր, սակայն հայկական կողմի նախաձեռնությամբ՝ հայաստանյան այցը հրապարակային է դարձել։

Խոշոր հաշվով, հարցերը մնացին օդում, Արևմուտք-Ռուսաստան՝ աննախադեպ լարվածության ֆոնին՝ երկու գերտերությունների հետախուզական ծառայությունների ղեկավարները միմյանց հաջորդելով ինչո՞ւ շտապեցին Երևան, և արդյո՞ք Հայաստանի ղեկավարության հետ տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկումն էր նրանց այցի իրական նպատակը։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը կապված չէ Հայաստանի մայրաքաղաք ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս կայացած այցի հետ։

«Իմ այցը Երևան որևէ կերպ կապված չէ ամերիկացի պաշտոնակցիս այցի հետ։ Չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- երեկ Երևանում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է Նարիշկինը։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Հայաստան որևէ կապ ունի՞ ձեր այցի հետ, թե՞ դա ընդամենը պատահականություն է, հետաքրքրվել են ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ Երևանում գտնվող ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինից։ «Իմ այցն այստեղ՝ Երևան, հաստատ կապված չէ իմ ամերիկացի գործընկերոջ՝ այստեղ կատարած այցի հետ, բայց ես չեմ բացառում, որ նրա այցը կապված է հենց իմ այցի հետ»,- պատասխանել է Սերգեյ Նարիշկինը։

«Հանդիպման և բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասել է Նարիշկինը՝ ամփոփելով երևանյան բանակցությունները։

Բայց ուշագրավ է Նարիշկին երևանյան այցի ընթացքում ռուսաստանյան ԶԼՄ-ներ-ին տված այց մեկնաբանությունը. «Այսօր դժվարությունների առջև են հայտնվել ոչ միայն ԱՊՀ երկրները, այլև ամբողջ աշխարհը, որովհետև գտնվում ենք աշխարհակարգի վերաձևավորման՝ բազմաբևեռության անցման բարդ փուլում»։ Արևմտյան քաղաքական ուժերը, նրա խոսքով, ամեն ինչ անում են՝ գործող աշխարհակարգը պահպանելու համար, դրա համար պատրաստ են ցանկացած քայլի, այդ թվում՝ աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացմանը, ինչի օրինակներից մեկն Ուկրաինայում ներկայումս ծավալվող իրադարձություններն են։

«Ինչ վերաբերվում է ԱՊՀ-ին, ապա կառույցի անդամ երկրներն իրենց ավելի վստահ են զգում, որովհետև գոյություն ունեն ինտեգրացիոն միավորումներ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը։ Այս բոլոր միավորումները ստեղծվել են՝ հաշվի առնելով դրանց կազմում գտնվող բոլոր պետությունների շահերը։ Այս առումով այսպիսի ինտեգրացիոն պաշտպանական գործիքները լավ երաշխիք են կայունության ու անվտանգության պահպանման համար», ասել է Նարիշկինը։

Իսկ վերջում, նա հիշեցրել է ՌԴ-ի դերի մասին՝ դաշնակիցների հետ հարաբերություններում. «ՌԴ-ն ունի բավարար ուժ ու ռեսուրսներ՝ դժվար պահերին իր դաշնակիցներից ցանկացածին, լավ բարեկամներին ու գործընկերներին պաշտպանելու համար...»։

Հատկապես այս միտքը հայաստանյան համացանցում բավական քննարկվում է երեկվանից ու նման հարցադրումներ են արվում՝ «իսկապե՞ս», «լավ էհ...», «լո՞ւրջ եք ասում», «տեսանք՝ ոնց պաշտպանեցիք Արցախում», «գոհ ենք՝ էլ պետք չի»:

Ռուսաստանի քաղաքական էլիտան ու Ռուսաստանի դեմ քարոզչությանը հակազդելու հարցերով զբաղվող պատասխանատուներն ունե՞ն պատասխան, թե ինչո՞ւ հայ ժողովրդի մոտ Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այս պատկերը ստացվեց...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1981 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am