Փաշինյանը փորձում է գտնել ճիշտ դոզան
Ոստիկանությունում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, պետք է ունեն խիստ զգաստացնող նշանակություն: Մյուս կողմից ոստիկանի տեսնելիս ՀՀ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, նրան ընկալի որպես յուրայինի: Երրորդ հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ ունեցել է բարդություններ: Երբեմն եղել է, որ պատկառանքի դոզան եղել է չափից շատ՝ սահմանակցելով վախի եւ դրանից բխող նեգատիվ այլ զգացումների հետ: Երբեմն եղել է, որ պոզիտիվն այնքան շատ է եղել, որ ձգվածության եւ զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել: Սա իրականում ամենաբարդ խնդիրն է: Յուրաքանչյուր ոստիկան պետք է իրեն ընկալի որպես վարչապետի ներկայացուցիչ, որը շփվում է ժողովրդի, քաղաքացիների հետ, այդ թվում հանցագործների եւ իրավախախտների հետ: Հանցագործները պետք է զգան դաժան, ուժեղ եւ չսասանվող ձեռք, իսկ օրինապահ քաղաքացիները պետք է զգան թիկունք, ամրություն, վստահություն եւ պաշտպանվածություն: Ես համոզված եմ, որ մենք ունենք բավարար կամք այս խնդրի հետեւից մինչեւ վերջ գնալու»: