Ավտովթար-հրդեհ Լոռու մարզում
Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ թիվ 9 դպրոցի դիմաց, բախվել են Opel մակկնիշի 34 CP 808 համարանիշի եւ BMW մակնիշի 36 AP 900 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով BMW մակնիշի ավտոմեքենայի հետնամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհը, փակել գազաբալոնների փականն ու հոսանքազրկել ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, ըստ նախնականան տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: