Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, որոնք կուղարկվեն ՀՔԾ. Դատախազություն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնկացությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, ով Վայոց Ձորի փոխմարզպետն է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը երեկ հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ արել: