Քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը հարձակում է ՌԴ-ի շահերի վրա․ Զատուլին
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև քաղաքացիական միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը, որը 9 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ է նախատեսում, հարձակում է տարածաշրջանում ռուսական շահերի և ազդեցության վրա, RTVI-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Ես մասնագիտությամբ պատմաբան-դասախոս եմ, ավարտել եմ պատմության ֆակուլտետը, բայց ես քաջ գիտեմ, որ գոյություն ունի էներգիայի պահպանման օրենք։ Որպեսզի Միացյալ Նահանգներն ինչ-որ բան ավելացնեն, պետք է ինչ-որ մեկից խլեն. ահա կոնկրետ Հայաստանում՝ Կովկասում, պետք է Ռուսաստանից խլեն նրա շահերը, ազդեցությունը և այդպես շարունակ»,- RTVI-ին ասել է Զատուլինը։
Զատուլինը հիշեցրել է, որ Մեծամորի ատոմակայանը, որն այսօր ռուսական գազի մատակարարումների հետ մեկտեղ Հայաստանին ապահովում է էլեկտրաէներգիայով, մի քանի տարվա պարապուրդից հետո վերանորոգվել և վերագործարկվել է Ռուսաստանի շնորհիվ։
Դրա շահագործումը դադարեցվել էր 1980-ականների վերջին՝ անվտանգության ենթադրյալ սպառնալիքի պատճառով, քանի որ ատոմակայանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում։
«Ես հիանալի հիշում եմ, թե ինչպես 90-ականների սկզբին, երբ ես գալիս էի Երևան, օրինակ՝ 1994-ին, Երևանի շրջակայքի բոլոր բլուրների լանջերը հատված էին, որովհետև ամեն պատշգամբում «բուրժույկա» վառարան էր դրված, որոնք փայտով էին վառում, քանի որ էլեկտրաէներգիա չկար։ Գիշերը Երևանն առանց լուսավորության էր, մթի մեջ ոչինչ չէր երևում»,- պատմել է Զատուլինը։
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը, «ուշքի գալով», խնդրեց Ռուսաստանին վարկ տրամադրել և վերանորոգել ատոմակայանը՝ վերագործարկման համար, ինչն էլ արվել է, նշել է ռուս պատգամավորը։
«Հիմա պարոն Փաշինյանը, ում համար սա բացարձակապես ոչինչ չի նշանակում, պայմանավորվում է ամերիկացիների հետ... Այսինքն՝ հեռանում է «Ռոսատոմի» հետ համագործակցությունից, որը մինչ այժմ աշխատում էր Հայաստանում, հօգուտ ամերիկացիների հետ համագործակցության։ Արդյո՞ք սա հարձակում չէ մեր շահերի, մեր ազդեցության, մեր հեռանկարների վրա։ Իհարկե, այդպես է»,- համոզված է Զատուլինը։
Զատուլինը հավելել է, որ նույն ճանապարհով է գնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին Վենսը մտադիր է այցելել փետրվարի 11-12-ը՝ Հայաստան այցից հետո։ ԱՄՆ փոխնախագահի այս ուղևորությունների նպատակը Զատուլինն անվանել է «տարածքներ ամրագրելու» մտադրությունը, ինչպես արդեն եղել է Ալյասկայում։ Միևնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ տեղի ունեցողը զարմանք չի առաջացնում։
NEWS.am
