Մի քանի շաբաթ է՝ կարծես պաուզայի վրա դրված լինի երկիրը․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քանի շաբաթ է՝ թվացյալ անդորր է լրահոսում, կարծես պաուզայի վրա դրված լինի երկիրը։
Իրականում հոռի երևույթները, իրադարձությունները թափով շարունակվում են, բայց գրեթե աննկատ են անցնում Օլիմպիադայով տարված հանրության կողքով։
Մի քանի լուր, որոնց մասին ամենայն հավանականությամբ չեք լսել...
1. Երեկ պարեկները մոտ 10 հոգով ծեծել են արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը, այնուհետև տարել հետները։ Երկու ժամից ավել չեն թողել, որ փաստաբանները մտնեն մոտը։
2. Խոսակցություններ կան, որ Սիսիանում սկսվել է հայկական դիրքերից զորքի դուրսբերումը։ Ասում են՝ ՊՆ-ից հերքել են, բայց դե անպաշտպանության նախարարության հերքումների գինն ինձնից լավ գիտեք...
3. Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մոտ նախկինում ադրբեջանցիների զբաղեցրած 3 դիրքում պետք է ՀՀ սահմանապահներ տեղակայվեին, ադրբեջանցիները մի պահ նահանջել են, հետո վերադարձել ու, ըստ լրագրող Դավիթ Գալստյանի տեղեկությունների, «հայ սահմանապահներին հանել դիրքերից»։ Հետո այնուամենայնիվ էլի հեռացել են, բայց միայն մեկ դիրքից։
Հիշեցնեմ, որ սահմանապահ զորքերը վաղուց հրամանատար չունեն, տարուց ավելի է՝ չի նշանակվում... [ /// ԹԱՐՄԱՑՈՒՄ. պարզվեց 4 օր առաջ վերջապես նշանակվել է ///] Այնպես չէ, որ Նիկոլի նշանակած հրամանատար ունեցած ժամանակ իրենցից եսիմ ինչ էին ներկայացնում, բայց հիմա է՛լ ավելի քաոսային է վիճակն այդ դուքյանում։
4. Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վրա «օնլայն խուլիգանության» գործ են կարում։ Կարապետն ամսից ավել է՝ տնային կալանքի տակ է։
5. «Հանրային հեռարձակողի խորհուրդ» կոչված դուքյանը հպարտ-հպարտ փաստաթուղթ է հրապարակել, որով ըստ էության խոստովանում է, որ 2021 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր շրջանում գրաքննել է Հանրային ռադիոն, ստիպել է, որ սահմանամերձ հողերի ադրբեջանական օկուպացիան չլուսաբանեն, նույնիսկ պահանջել է աշխատանքից հեռացնել այն լրագրողներին, որոնք այդ մասին շատ են խոսում։ Հրապարակել են. «Հա, յանմ ի՞նչ վատ բան ենք արել որ» ոճով։
6. Պարզվում է, որ դեռ 1 ամիս առաջ մասնավոր բիզնեսներին ՆԳՆ-ի համար տեսախցիկներ տեղադրելու պարտադրանքով օրենքն ԱԺ-ում արդեն առաջին ընթերցումն անցել է։ Առանց աղմուկ սղցրել են։ Բարի գալուստ Օրուելի «1984»...
Առանձին վերցրած այս թեմաներից ամեն մեկը մինչև 2018-ի հեղաշրջումը օրերի ու շաբաթների թեժ քննարկումների և սուր քննադատության առարկա կլիներ, բայց հիմա դրանց մեծ մասն ուղղակի չի նկատվում։
Հղումները՝ մեկնաբանություններում կդնեմ։
#երկիրՀԺ»։