Պուտինի ինտրիգն ու Քսենիա Սոբչակի «սյուրպրիզը»

Պուտինը թույլ չի տա, որ իրեն կարոտեն Օրերս քաղաքական բանավեճերի «Վալդայ» ակումբի ավանդական հավաքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հարցին: Փոխարենը նա, սովորության համաձայն, անեկդոտ է պատմել ու հերթական անգամ կոշտ կերպով քննադատել ԱՄՆ-ին։ «Վալդայ» ակումբի հերթական նիստն անցկացվել է Սոչիում: Այդ նիստին ելույթ ունենալուց հետո Պուտինը պատասխանել է փորձագետների (այդ թվում՝ արևմտյան) հարցերին։ Նիստին, ի դեպ, մասնակցել են նաև «Ալի Բաբա» չինական օնլայն խանութի հիմնադիր Ջեկ Ման և Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը։ Ավելի վաղ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսոկովն ասել էր, թե նախագահը կարևոր հայտարարություն է անելու, ինչը շատերին ստիպել էր մտածել, թե Կրեմլի ղեկավարն, ի վերջո, հաստակություն կմտցնի առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցում: Սակայն ոչ իր ելույթում, ոչ էլ հարցերին պատասխանելիս, Պուտին այդ մասին չի խոսել, իսկ քաղաքագետ Ֆեոդոր Լուկյանովի դիտարկմանն ի պատասխան, թե «դուք աշխարհին պետք եք», պարզապես անեկդոտ է պատմել ռուս օլիգարխի մասին, հավելելով, որ իրեն չեն կարոտի։ Պուտինին հարցեր են ուղղել նաև Քսենիա Սոբչակի հնարավոր առաջադրման մասին: Վերջինս, հիշեցնենք, հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանում նախագահը կին լինի, Պուտինը պատասխանել է՝ «Ռուսաստանում ամեն ինչ հնարավոր է»։ «Ինչ միամիտ էր Ռուսաստանը Ելցինի օրոք» Առավել կոշտ են եղել ՌԴ նախագահի՝ ԱՄՆ-ին վերաբերող գնահատականները: Միջուկային սպառազինության մրցավազքի մասին խոսելիս,Պուտինը պատմել է, թե «ինչ միամիտ էր Ռուսաստանը Ելցինի օրոք, ինչպես էր վստահում ամերիկացիներին, ինչպես էր պարտաճանաչ կերպով կատարում ամերիկյան կողմի հետ կնքված բոլոր համաձայնագրերը, ինչպես էին ամերիկացիները վերահսկում ռուսական միջուկային օբյեկտները, վերահսկում դրանց ոչնչացումը, փոխարենը չէին կատարում իրենց պարտավորությունները»։ «Ռուսաստանը չափից ավելի էր վստահում ԱՄՆ-ին, և դա ընկալվել է որպես թուլություն։ Մեր սխալն այն էր, որ մենք ձեզ չափից ավելի էինք վստահում, իսկ ձեր սխալն այն էր, որ դուք դա որպես թուլություն ընկալեցիք ու չարաշահեցիք մեր վստահությունը»,- արևմտյան փորձագետի հարցին ի պատասխան, «Վալդայ» ակումբում ասել է Պուտինը։ Ռուս-ամերիկյան հարաբերությունները, Պուտինի գնահատմամբ, չափազանց լարվել են ամերիկյան կողմի պատճառով: Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահն ընդգծում է, որ Մոսկվան առճակատման չի գնա՝ ձգտելով համագործակցել: Որպես արդյունավետ համագործակցության օրինակ նա նշել է ռուս-ամերիկայն գործակցությունը Սիրիայում: Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ռուսաստանում արևմտյան լրատվամիջոցների գործունեությանը: Պուտինը մասնավորապես, նշել է՝ եթե Ռուսաստանը զգա, որ իր լրատվամիջոցների գործունեությունն Արևմուտքում խոչընդոտվում է, «արագ և համաչափ պատասխան կտա»։ Պուտինն անդրադարձել է նաև ուկրաինական, հյուսիսկորեական և սիրիական խնդիրներին, ընդգծելով՝ չնայած առկա տարաձայնություններին ու բարդություններին, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը այդ խնդիրների կարգավորման հարցում պետք է համագործակցեն։ Սոբչակը պատրաստ է հանել իր թեկնածությունը՝ Նավալնիի գրանցման դեպքում Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ինչպես հայտնի է, հայտարարեց ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին։ Նա նշում է, որ 2012թ. բողոքի ալիքից անցած 5 տարիների ընթացքում իր քաղաքական հայացքները վերջապես ձևավորվել են, և ինքը պատրաստ է հայտնել դրանց մասին։ «Ես Քսենյա Սոբչակն եմ, 35 տարեկան եմ, ողջ կյանքս ապրել և աշխատել են ՌԴ-ում, և ինձ համար միևնույնը չէ, թե ինչպիսին կդառնա իմ երկիրը։ Ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում հասարակական ասպարեզում ցանկացած գործողություններին, և գիտակցելով նման հանձնարարության բոլոր ռիսկերն ու անհավանական դժվարությունները, ես որոշել եմ, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին իսկապես կարող է լինել քայլ՝ երկրին այդքան անհրաժեշտ փոխակերպումների ուղու վրա», նշել է նա։ Ուշագրավ էր, որ Սոբչակը նշել է, որ պատրաստ է հանել իր թեկնածությունն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նախընտրական արշավը գրանցելու դեպքում. «Եթե այնպես ստացվի, որ Նավալնիին գրանցեն ընտրություններում, ապա ես պատրաստ եմ քննարկել նրա հետ իրադարձությունների հնարավոր տարբերակները, այդ թվում իմ թեկնածությունը հանելը»։ Նա նշել է, որ Նավալնիի հետ քննարկել է նրա քննադատությունը նախագահական ընտրություններում իր հնարավոր առաջադրման վերաբերյալ. «Ես Ալեքսեյ Նավալնիին համարում եմ իմ դաշնակիցը և ընկերը» ։ Բացի այդ Սոբչակը հայտնել է, որ քաղաքական ծրագիր չի ունենալու: The Guardian-ի հետ հարցազրույցում նա խոստովանել է, որ ինքը հաղթանակի մեծ շանսեր, քաղաքական ծրագիր և կուսակցություն չունի, և իրեն մնում է գործել որպես պարպիչ՝ նախագահ Պուտինի քաղաքական ռեժիմից բոլոր դժգոհների համար։ «Ես քաղաքական կշիռ չունեմ, և ես արժանի չեմ որևէ քաղաքական ծրագիր գործարկելու իրավունքի»,-հայտարարել է Սոբչակը։ Նրա խոսքով՝ Պուտինը չի խնդրել իրեն առաջադրվել։ Կարծիքն այն մասին, որ իր արշավը կապված է Կրեմլի հետ, հնարավոր թեկնածուն անվանել է շահարկումներ՝ ուղղված իր վարկաբեկմանը։ Ի դեպ, Սոբչակը պատմել է, որ սպառնալիքներ է ստացել, երբ մեկնել է հանգստանալու ամուսնու հետ. «Կան թիկնապահներ, որոնք միշտ ինձ հետ են, երբ ես հանրային վայրում են: Կոնկրետ սպառնալիքներ իմ հասցեին, երբ ես պարզապես որոշ ժամանակով ամուսնուս հետ մեկնել եմ հանգստի: Երբ ես հասկացա, որ այժմ այդպիսի իրավիճակ է, երբ ինչու չմեկնել երկու շաբաթով մինչև ամեն ինչ հանդարտվի: Գտնել թիկնապահներ, զբաղվել սեփական անվտանգությամբ»: Ռուսական միջամտությունը չի ազդել ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա Մինչ Ռուսաստանը մոտենում է նախընտրական փուլի՝ ուշագրավ տեղեկություն ստացվեց ԱՄՆ-ից: Ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ռուսական միջամտությունը չի ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմփեոն: Փոմփեոյի այս հայտարարությունը կոշտ քննադատել և ոչ-կոռեկտ են գնահատել: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրինության կողմից հունվարին հրապարակված զեկույցում ասվում է, որ հետախուզական հանրույթը «չի գնահատել, թե ինչպիսի ազդեցություն է թողել ռուսական գործունեությունը 2016թ. ընտրությունների արդյունքների վրա», այլ ընդամենը հետաքննել է գործի հանգամանքները: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ դեմոկրատ Ադամ Շիֆն ընդգծել է, որ հետախուզությունը եզրահանգումներ չէր արել և չէր կարող անել ամերիկյան ընտրությունների վրա Մոսկվայի գործողությունների ազդեցության վերաբերյալ: «Սա արդեն առաջին անգամը չէ, երբ տնօրենը հայտարարություններ է անում, որոնք նվազեցնում են Ռուսաստանի գործողությունների ազդեցությունը: Սակայն սա պետք է լինի վերջին անգամը», - հայտարարել է Շիֆը: ԱՄՆ հատուկ ծառայությունները, հետախուզությունը, ազգային անվտանգությունը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը ոչ միայն միջամտել է ԱՄՆ ընտրական գործընթացներին, այլ նաև այդ ամենն արել է՝ օգնելու համար հանրապետական Դոնալդ Թրամփին՝ ի վնաս դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի: Նկատենք, որ ՌԴ-ն բազմիցս հերքել է իր առնչությունը ամերիկյան ընտրություններին, իսկ Թրամփը հերքել է ռուսաստանյան շահերի և իր նախընտրական շտաբի միջև որևէ կապ: Ամերիկյան ընտրություններում ռուսական հետքի շուրջ ԱՄՆ-ում միանգամից մի քանի կառույցներ են հետաքննություն իրականացնում՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի քանի հանձնաժողովներ, ինչպես նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am