Արցախի հայաթափումը քաղաքակիրթ աշխարհի ամոթն է․․
Հայաստանի իշխանության ակտիվ աջակցությամբ՝ Հայաստանին բերած ահավիրքներին զուգընթաց, օրակարգ է մտցվել ադրբեջանական փախստականներին Հայաստանում բնակեցվելու հարցը։ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն է՝ արցախցիների հարցը հանել օրակարգից։ Ադրբեջանին անընդհատ պահել պահանջողի դերում, իսկ Հայաստանը, քավ լիցե, ոչ մի պահանջ չունի։ Մոռացության է մատնվել անգամ երեք հարյուր հազարից ավելի հայ փախստականները, որոնք Բաքվից ու Ադրբեջանի տարբեր շրջաններից մի շապիկով են եկել Հայաստան։ Հայաստանի իշխանության ղեկավարն արդեն ընդունել է, որ Հայոց պատմություն գոյություն չունի , կա Հայաստանի պատմություն, որը 6 տարի է , ինչ ստեղծվել է իր պաշտոն ստանձնելու հետ։ Հեռու չէ այն ժամանակը, որ կասի՝ Հայաստանի պատմություն գոյություն չունի, կա միայն Ադրբեջանի պատմություն, դրա համար ստեղծում է բոլոր հիմքերը։ Այն որ Ադրբեջանը կարող է խոսել փախստականներին Հայաստանում բնակեցնելու հարցը, իսկ Հայաստանի իշխանությունը ձայն չի հանում, հենց դրա վկայություններից մեկն է։ Ադրբեջանի 300 հազար փախստականներին հակակշռում են 300 հազար և ավելի հայ փախստականները, որոնց մասին արդեն մոռացվել է, որովհետր Ադրբեջանն ու Հայաստանը սինխրոն մի ողջ Արցախ են հայաթափել։ Արցախի հայաթափումը, որը քաղաքակիրթ աշխարհի ամոթն է, Ադրբեջանն ու նույն փութաջանությամբ Հայաստանը, պատմության արխիվն են նետում։ Հայաստանի իշխանությունը մի ձայն անգամ չի հանում՝ հայաթափված արցախցիներին իրենց տուն վերադարձնելու պատմական հարցի վերաբերյալ։ Թե ինչ են բանակցում՝ մարդ անգամ չի հասկանում։ Նպատակը մեկն է՝ ինչպե՞ ս հանձնել, ինչպե՞ս խաբել սեփական ժողովրդին, որ նա միայն սեփական տնից վռնդվելուց իմանա, որ երկիր է կորցնում։
Ինչևէ, Իրանն է արդեն բարձրաձայնում արցախցիների սեփական օջախ վերադառնալու հարցը։ «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարում է, որ «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները»: Սա ապտակ է առաջին հերթին Հայաստանին։ Որովհետև դա պիտի ասեր Հայաստանի իշխանության վերին աթոռին կառչածը ու ոչ թե մի անգամ, այլ օրը հազար անգամ․․․ Դրա փոխարեն նա օրը հազար անգամ իշխանական տարբեր խողովակներով հնչեցնում է արցախցիների ծտափայ օգնություն տալու ու փախստական ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու խնդիրը։ Օրը հազար անգամ խոսում ու փիար է անում Հայաստանի տարածքները միակողմանի զիջելու ու ինչ որ բանակցություն կոչվող «դզել - փչելու» վերանորոգման կետերում։ Օրը հազար անգամ՝ տարբեր խողովակներով, Հայաստանի բնակչությանն ահաբեկում է ադրբեջանական պատերազմով։ Պարզ թվաբանություն է՝ ինչքան կկարողանամ կհանձնեմ, ինչքան էլ չեմ կարողանա, Ադրբեջանը պատերազմով կվերցնի։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»