Երևանի «Դեյվ հոթել»-ում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողներ
Երեկ՝ հուլիսի 11-ին, Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան 4 հասցեում գործող «Դեյվ հոթել» հյուրանոցային համալիրում հետախուզման մեջ գտնվող անձինք կան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Հյուրանոցային համալիրում հայտնաբերվում են Երևանի բնակիչ 34-ամյա Վարդան Խաչատուրյանը, ով այս տարվա ապրիլի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ Քր օր․-ի 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Հովսեփյանը, ով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր այս տարվա ապրիլի 26-ից ՀՀ Քր․ օր-44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Նույն օպերացիայի արդյունքում ոստիկանների աչքից չի վրիպել նաև մեկ այլ հանցագործություն և նշված հյուրանոցային համալիրից ոստիկանները ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա Արտակ Գևորգյանին և նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտներով։ Այս դեպքի փաստով ոստիկանության Արբակիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։