Զորացրված զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի վթարից տուժած հինգ անձանցից մեկն արդեն դուրս է գրվել
Սյունիքում զորացրված զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետևանքով հոսպիտալացված 5 անձանցից մեկն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից։ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ վթարի հետևանքով տուժած անձանցից որևէ մեկի կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում։
«Երեկվա վթարի հետևանքով տուժած անձանցից 1-ը դուրս է գրվել բուժհաստատությունից, 1-ի վիճակը գնահատվում է բավարար, 1-ինը միջին ծանրության, 2-ինը ծանր»,- հայտնել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ Մահացածներից մեկը վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։