Փաշինյանի նկատմամբ իրավական ընթացակարգ կիրառելու հիմքեր կան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 24-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։

Նշվում էր նաև, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով, և, որ միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։

Ադրբեջանական կողմն իր հերթին՝ այս ամենը մեկնաբանել էր, որ կարողացել են առանց կրակոցի վերադարձնել «Ղազախի գյուղերը» և ադրբեջանական դրոշը բարձրացնել այնտեղ: Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին նաև զորքերի հետքաշման մասին:

Նշվածի ֆոնին մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել հետևյալ զինվորականներին.

-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանին,

-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանին,

-ՀՀ պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Ստեփանյանին,

-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանին,

-3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։

Սոցիալական ցանցերում, հանրության տարբեր շերտերի կողմից սա կոշտ ընդունվեց՝ «գեներալական ուսադիրներ՝ Տավուշից տարածքների և դիրքերի հանձնման դիմաց»: Գուցե որոշ դեպքերում որակումներում սահման է հատվել, բայց հանրության էմոցիոնալ և նման կոշտ արձագանքը նաև արդարացված է:

Մյուս կողմից, սա միակ դեպքը չէ, նման արձագանք եղավ, երբ 2023 թվականին ՀՀ Սահմանադրության օրվա առիթով՝ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով Զինված ուժերից 5 հոգու բարձրագույն զինվորական կոչումներ էին շնորհվել, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին՝ գեներալ-լեյտենանտի, իսկ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանին, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Գոռ Նիկոյանին, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Կարեն Գրիգորյանին և ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ Ազգային հերոս Գարեգին Պողոսյանին՝ գեներալ-մայորին: Նույնն է նաև կադրային նշանակումների դեպքում:

44-օրյա պատերազմից հետո և հետպատերազմյան զարգացումների, տարածքային կորուստների, բանակի հանդեպ իշխանության վերաբերմունքի ֆոնին նման արձագանքը, իհարկե, հասկանալի է, և, ինչպես նշեցինք, ունի օբյեկտիվ պատճառներ:

Այլ հարց է, որ առհասարակ, բարձրագույն զինվորական կոչումներ ստացողների մեջ կարող են լինել արժանի, գրագետ և կենսագրություն ունեցող սպաներ, որոնք երկրի պաշտպանության հարցում ունեցել են իրենց ներդրումը, պարզապես իրենց բախտը չի բերել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք են դարձել գեներալ:

Այսինքն, այն, որ եղել են զինվորականներ, որոնք նախկին հաղթանակած իշխանություների օրոք են դարձել գեներալ, դա բնավ չի նշանակում, որ իրենք առավել մեծ արժանիքներ ունեին, եթե չասենք՝ հակառակը, և որոնցից կան նաև ՔՊ-ականների շարքերում:

Կամ՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո որոշ գեներալներ հեռացվեցին համակարգից, և որոնց նկատմամբ երբեք էլ հասարակության կարծիքը միանշանակ չի եղել, մեղմ ասած: Հիմա նրանք հերոս են, որովհետև իշխանափոխությունից առաջ հեռացված են եղել բանակից, մինչդեռ բանակում ներդրում ունեցած և նախկինների օրոք օրինակելի զինվորական կենսագրություն ունեցող զինվորականներ մնացին և ճակատագրի հեգնանքով ընդունեցին 44-օրյա պատերազմը, ու հետո պարտության բեռը դրվեց նրանց ուսերին: Այլ հարց է, որ կա սահման՝ մինչև որտեղ գեներալները, զինվորականությունը կարող են հանդուրժել իշխանությունների քաղաքական օրակարգը:

Վերադառնանք երեկվա գեներալական կոչումների շնորհումներին և դրա հասարակական արձագանքին ու հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշեց անարձագանք չթողնել նորահռչակ գեներալների հասցեին մեղադրանքները:

«Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձինք մայիսի 24-ին ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ և զրպարտության տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել։
Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից և տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած սպաների վերաբերյալ զրպարտող հրապարակումներից:

Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրության առարկա է դարձնելու բոլոր նման հրապարակումները և ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները, համապատասխան իրավական ընթացակարգերի գործարկմամբ, հանիրավի թիրախավորման ենթարկվող սպաների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով»:

Այստեղ նախ հարկ ենք համարում հիշեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որ մոտ երկու ամիս է, տարբեր հարցումների միջոցով փորձում ենք պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք ճիշտ են ավելի քան 25 դիրքերի կորստի կամ հանձնման մասին սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, կամ՝ դիրքային ի՞նչ պատկեր ենք ունենալու, քանի՞ դիրք է հանձնվում, վերածվում սահմանապահ ուղեկալի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակը դուրս է գալու Տավուշի սահմանազատված հատվածներից, նախարարությունը նաև հանրությանը հետաքրքրող այս հարցերից և ոչ մեկի պատասխանը չի տվել:

Երեկ, երբ արդեն կար ԱԱԾ հայտարարությունը և ադրբեջանական հրապարակումները, որ տեղի է ունեցել զորքի հետքաշում, դարձյալ դիմել ենք ՊՆ-ին՝ պարզելու, թե քանի՞ տեղում և ո՞ր հատվածներում է տեղի ունեցել զորքի հետքաշում, և արդյո՞ք դա տեղի է ունեցել երկկողմ, դարձյալ նպատակահարմար չեն գտել պատասխանել, երբ դրանով, հնարավոր է, հերքվեին կամ մեղմվեին գեներալական կոչումներ ստացածներին, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարին ուղղված մեղադրանքները: Հայտնի չէ նաև, թե Ոսկեպարով անցնող գազատարն ո՞ւմ հսկողության տակ է մնում: Պաշտպանության նախարարությունը հստակ պատասխան չի տվել նաև մեր հարցերին՝ Տավուշում ականազերծում կատարելու, դիրքերը թողնելու և դուրս գալու հրաման Նիկոլ Փաշինյանը տվել է բանավո՞ր, թե՞ գրավոր, կա՞ ՊՆ-ում կամ ԳՇ-ում նման գրավոր հրաման, ո՞վ է այն բարձրաստիճան պաշտոնյան, որը Նիկոլ Փաշինյանի գրավոր կամ բանավոր հրամանի կամ հրահանգի հիման վրա համապատասխան հրաման է տվել կամ ստորագրել նման հրաման:

Սրանք կարևոր հարցեր են հենց միայն նրա համար, որ հետագայում Նիկոլ Փաշինյանն իր ապօրինի հրամանները կատարելու համար ինչ-որ պահի մեղադրանքներ չառաջադրի նույն այդ հրամանները կատարած զինվորականներին:

Չմոռանանք, որ Սյունիքից զորքի հետքաշումը տեղի է ունեցել Փաշինյանի բանավոր հրամանի հիման վրա, համենայն դեպս, ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան, թե ՊՆ-ում և ԳՇ-ում կա՞ արդյոք գրավոր հրաման, հասկացրել են, որ պետք է հիմք ընդունել այն, ինչ ասել է Փաշինյանը:

Գուցե մեր վերը նշված հարցերին չպատասխանելով, իսկ ՊՆ հաղորդագրության մեջ նշելով, որ գեներալ դարձածներին ուղղված մեղադրանքներն անհիմն են, Զինված ուժերը չի՞ ցանկանում Փաշինյանի քաղաքական որոշումների պատասխանատվությունն իր վրա վերցնել:

Բայց դա բանակին կամ կոնկրետ պաշտոնյաներին չի ազատում իրենց բաժին պատասխանատվությունից: Եվ հետո՝ երբ ասում ես՝ մեղադրանքներն անհիմն են, ասվածը պիտի ապացուցել:

Հիմա՝ ինչ վերաբերում է ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուն, անհարկի, տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած սպաներին, գեներալներին զրպարտելուն, որի մասին առնվազն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար գրել ենք և հրավիրել Պաշտպանության նախարարության ուշադրությունը, որպեսզի ինչ-որ կերպ կանխվի դա:

Ավելին, մի քանի անգամ ՀՀ պաշտպանության նախարարին գրավոր առաջարկել ենք հրապարակումների շարք սկսել և ցույց տալ, որ ՀՀ զինված ուժերում այսօր էլ ծառայում են կենսագրություն ունեցող սպաներ, գեներալներ, որպեսզի կոտրվի խորացող ատելության և անվստահության մթնոլորտը. համաձայնությունը տրվել է, մեկ հարցազրույցից հետո խախտվել է պայմանավորվածությունը: Իսկ բանակը, գեներալներին, սպաներին ու նրանց պատիվն առաջին հերթին, տարբեր առիթներով հենց Նիկոլ Փաշինյանն է վարկաբեկել, նսեմացրել, երբ 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատվությունը դրել է նրանց վրա, երբ խոսել է 11.000 դասալիքների մասին, որը չի հաստատվել, երբ զինվորականության շրջանում դավաճաններ է փնտրել, և, մեծ հաշվով, չի գտել, երբ բանակում 5-րդ շարասյան առկայությունից է խոսել՝ համարելով այն պարտության պատճառ, երբ պատերազմի օրերին հերոսացածները հետո դարձել են հակահերոսներ և մեղադրվել, երբ հայտարարել է՝ «հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես», այնուհետև սպառնացել, թե՝ ոչ ոքի չեն ներելու և հաշվի չի առնվելու ոչ մեդալ, ոչ ուսադիր: Այս ընդհանրական շարքը կարելի է շարունակել: Բայց թերևս ճիշտ է խոսել փաստերով:

Առաջին, 44-օրյայի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Ֆեյսբուքի իր էջում Նիկոլ Փաշինյանը գրել էր. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»:

Իսկ 2021 թվականի ԳՇ հայտնի հայտարարությունից հետո իշխանությունները ամեն առիթի Տիրան Խաչատրյանին պատասխանատու են համարում հարավային ուղղությամբ նահանջների համար: Հիմա կամ հերոսի կոչումն է անհիմն տրվել, կամ՝ դրանից հետո մեղադրանքներն են անհիմն, և արդյո՞ք գործ չունենք զրպարտության և վարկաբեկման հետ:

Երկրորդ, նույնը նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեպքում է եղել, պատերազմի օրերին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում, իր հրաժարականի պահանջից հետո Փաշինյանը Գասպարյանին մեղադրել է Շուշին կորցնելու մեջ, պատերազմական այլ դրվագների պատասխանատվություն է անուղղակի դրվել նրա վրա, Օնիկ Գասպարյանին իշխանությունները մեղադրել են նաև «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու մեջ, և այլն: Ի դեպ, երբ ՀՀ զինված ուժերի 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարությունը Փաշինյանը որակել էր ռազմական հեղաշրջման փորձ, այսինքն, Սահմանադրության պահանջի խախտման մեջ էր մեղադրել, սակայն, Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրում չկա այն պատճառը, որում Փաշինյանը մեղադրում էր նրան: Արդյո՞ք սա անհիմն մեղադրանք չէ:

Երրորդ, 2023 թվականի ապրիլին Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ մեղադրանքներ էր հնչեցրել գեներալների հասցեին: Խոսքը, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին էր վերաբերում, ով մեղադրվում է «Արեգա» բարձունքից նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար:

«Հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ինչի՞ համար, որ գնացել է, ընդ որում, իր լիազորությունները զանցառելով, ըստ էության գնացել, ասել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողե՛ք այդ բարձունքը: Սա չի պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատճառաբանություն, պետք է ունենա բացատրություն: Որովհետև ենթադրենք՝ Պաշտպանության բանակը հաջող հակագրոհ է արել և բարձունքը հետ է գրավել, և մեր բարձրաստիճան զինվորականը գնում հրամայում է, ասում է՝ հետ իջեք, թողեք բարձունքը, այսինքն՝ ըստ էության բարձունքը նորից հանձնեք թշնամուն: Ընդ որում, այդ մարդիկ դիմադրում են, բայց ինքը պնդում է՝ չէ որ չէ, բարձունքը հետ է հանձնում: Ու պրոբլեմն այն է, որ չկա բացատրությունը, ինչո՞ւ, ինչո՞ւ է հետ հանձնվում: Պայմաններ է ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության՝ գրավի տարածքներ, հետո, երբ փաստերը դրվում են, ինքն ասում է՝ հա, մեղավոր եմ, ընդունում եմ իմ մեղքը, բայց սա ամբողջ պատմությունը չի, բայց ինչի՞ ես արել դա, լավ, ինչի՞ ես արել:

….Այսինքն՝ կամ ինքը պետք է վերևից հրաման ստացած լինի, ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը, ես գիտեմ, որ ես էդ հրամանը չե՛մ տվել, ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ, բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»,- Ազգային ժողովում հայտարարել էր նա:

Միքայել Արզումանյանի գործը դատարանում է, նրա նկատմամբ մեղադրանքներն ապացուցված չեն, բայց երկրի ղեկավարն արդեն որոշել է դատավճիռը, նրան համարելով գործակալ, հայրենիքի դավաճան: Կարո՞ղ ենք սա ևս զրպարտանքի և սպայի պատվի դեմ քայլ համարել:

Չորրորդ, 2021 թվականի մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներթափանցում էր տեղի ունեցել, մասնավորապես, Գեղարքունիքի հատվածում: Սակայն միայն 2022 թվականի դեկտեմբերին է մեղադրանք առաջադրվել գեներալ Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ 2-րդ կորպուսի հրամանատարն էր, իսկ առաջխաղացումներից ամիսներ հետո նրան այլ բարձր պաշտոն էր վստահվել՝ 2021-ի օգոստոսի 9-ին Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Եվ սա այն դեպքում, երբ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ակնարկել էր, որ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների ժամանակ բանակը չի դիմադրել, չի կռվել: Իսկ ավելի ուշ ԱԺ-ում կասկածի տակ էր դրել այդ օկուպացված տարածքների՝ ՀՀ-ին պատկանելությունը: Սա ի՞նչ անվանել, եթե ոչ՝ բանակի վարկաբեկմանն ուղղված քաղաքականություն:

Հինգերորդ, պատերազմից հետո զինվորականներից պետական դավաճանության մեջ մեղադրվեցին, իսկ հետո արդարացվեցին: Հիմա սա անհիմն մեղադրանք չէ՞ր:

Վեցերորդ, «Հրթիռների գործով» անցնում են ռազմական նախկին ղեկավարներ, իսկ այդ հրթիռների անպիտան լինելը չի ապացուցվել, եթե չասենք, որ դրանց նորմալ լինելն է ապացուցվել: Կարո՞ղ ենք սա ռազմական նախկին ղեկավարներին և գեներալներին անհիմն մեղադրելու, զրպարտելու փորձ համարել:

Այս փաստերը ՀՀ պաշտպանության նախարարությունը հաշվի կառնի՞, կմեղադրի՞ Նիկոլ Փաշինյանին զինվորականությանն անհիմն մեղադրելու և զրպարտելու, բանակը վարկաբեկելու համար:

Ի դեպ, 2021 թվականի փետրվարին ՀՀ զինված ուժերն ինքն է այս մասին հայտարարել՝ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:

Եվ սա, թերևս, փաստական ողջ պատկերը չէ, այդուհանդերձ արդյո՞ք միայն այսքանը բավարար չէ եզրակացնելու, որ հանրության և զինվորականության, բանակի միջև թշնամական մթնոլորտի առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

168.am

դիտվել է 8474 անգամ
Լրահոս
Նիկոլենք Ավինյանի հոր բերանով ասացին՝ Նիկոլ ընտրողները Պողոսներ են և համբալներ (video) Հայաստանը 6 ամիս առաջ տեղեկացված է եղել, որ Արցախի դեմ պատերազմ է սկսվելու․ փորձագետ (video) Ավինյանի հայրը ասաց՝ երևանցի համբալներն են իր որդուն ընրել (video) Մենք մեր բնական դաշնակիցներին մենակ չենք թողնում, լավ իմացե՛ք․ իրանցի փորձագետ (video) Աննան հատակից բարձրացել է դրա համար ինքնասիրահարված է․ հոգեբան (video) Սուտ են լուրերը, թե՝ Սիրիայի հարցում Իրանն առևտրի է գնացել․ Էհսան Մովահեդիան (video) Երկրի ամենամեծ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է․ հարցում (video) Մի շտապեք, դեռ հայտնի չէ՝ Նիկոլը կգնա Բելառուս, թե ոչ (video) Նիկո՛լ, ես քեզ «կոչնչացնեմ»․ Վարդան Օսկանյան (video) Եղիշը թավալվում էր, ուզում էր իրեն վնասել. հետո պայթյունը եղավ. Ազատ գյուղի հրդեհի գործով վկա (video) Դատական նիստի ժամանակ իրավիճակը լարվեց․ Ես չեմ պատասխանելու ձեր հարցին, ինչ եք էլ ուզում (video) Հիշո՞ւմ եք, չէ՞, որ ԱՄՆ ն Նիկոլի հետ մեզ մութ ու ցուրտ ձմեռ էր խոստացել․ Ձյունիկ Աղաջանյան (video) Դատական նիստի ժամանակ վիճաբանություն սկսեց․ «Լռություն, հանգսիտ» «Ո՛չ հրաման է եղել, ո՛չ կատարում» (video) Թեժ վիճաբանություն․ «Նույն հարցը 10 անգամ տաք, էդ եմ ասելու», «Մի՛ շարունակեք» (video) Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո Նախարարի ընտանիքին առնչվող ՓԲԸ-ն պետգնումներում այս տարի ևս ակտիվ էր․ 168.am ԱՄՆ–ն ծրագրել էր փակել ատոմակայանը և կախել մեզ Թուրքիայի վզից (video) #ՈՒՂԻՂ․ Աննան բրաքաշ է անում բացասականը․ Վիգեն Հակոբյան (video) Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի Թող պատասխանեն՝ ով էր պատերազմի մեղավորը, ով տարավ, այսքան երեխու կnտnրեց. Զոհվածի եղբայր Նիկոլենց համար ՀՀ քաղաքացիները ժեխ են, թնդանոթի միս և համբալ. Տիգրան Ավինյանի հայրը պայթեցրել է համացանցը Փաշինյանը իրեն սպառել է․ Վարդան Օսկանյան Ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել․ մանրամասներ Վթար․ գազ չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am