Եվրոպան ու Ռուսաստանը` Ալիևի կեղտոտ «լվացքատանը»

Իրապես սկանդալային բացահայտումներ, երկրի ու մերձավորների խայտառակություն, միայն այսպես կարելի է որակել Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի` OCCCRP-ի հրապարակած տվյալները` Ադրբեջանի նախագահի ու նրա մերձավորների առնչությամբ: «Ադրբեջանական լվացքատուն», այսպես են բնութագրում OCCCRP-ի երկուշաբթի օրը հրապարակված զեկույցի հեղինակները փողերի լվացման այն մեխանիզմը, որ գործել է 2012-ից 2014 թվականներին եվրոպական մի շարք երկրներում: Ծավալուն այս հետաքննության մանրամասները երկուշաբթի երեկոյան հրապարակվեցին բրիտանական հեղինակավոր The Guardian թերթում, հայտնում է «Ազատությունը»: Այդ հրապարակման համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու դրան մոտ կանգնած պաշտոնյաներն ու գործարարներն ընդամենը երկու տարում եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում հատուկ այդ նպատակով գրանցված չորս ընկերությունների միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել: Ադրբեջանից դուրս բերված գումարների լվացման մասին վկայող բանկային փաստաթղթերն առաջինը կարողացել են հայթայթել դանիական Berlingske թերթի լրագրողները: Դանիական մամուլի հետաքրքրությունն այս պատմության հանդեպ պատահական չէ: Ադրբեջանից դուրս բերված գումարները սկզբում փոխանցվել են դանիական Danske բանկի էստոնական մասնաճյուղ, որտեղից էլ հետագայում վերաբաշխվել են Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունների հաշվեհամարներին: «Այդ ընկերություններից երկուսը գտնվում էին Անգլիայի, ևս երկուսը Շոտլանդիայի տարածքում», - գրում է լոնդոնյան The Guardian-ը: Հետաքննող լրագրողների փոխանցմամբ, այդ աստղաբաշխական գումարները հետագայում օգտագործվել են մի շարք հիմնական ուղղություններով` թանկարժեք ունեցվածք ձեռք բերելու, բրիտանական մասնավոր դպրոցներում վարձավճարներ մուծելու և, թերևս ամենակարևորը, եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին, լրագրողներին և գործարարներին կաշառելու նպատակով: Զեկույցի հեղինակները մասնավորաբար նշում են ԵԽԽՎ իտալացի անդամ, այդ կառույցում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի անունը, ում ջանքերի շնորհիվ 2013-ին տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին վկայող զեկույցի ընդունումը: Հետաքննող լրագրողների պնդմամբ, բանկային փաստաթղթերը վկայում են, որ այդ ժամանակահատվածում Վոլոնտեն ադրբեջանական իշխանություններից շուրջ 2 միլիոն եվրո է ստացել. - «Եվս 820 հազար եվրո է ստացել Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների ղեկավարած հիմնադրամը: Ուշագրավ է, որ Լինտները 61 հազար եվրո է ստացել 2013 թվականի աշնանը՝ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց: Գերմանացի քաղաքական գործիչը դիտարկում էր այդ ընտրությունների ընթացքը՝ նշելով, որ «քվեարկությունը համապատասխանում էր Գերմանիայում ընդունված չափանիշներին»: Ըստ հետաքննող լրագրողների, Ադրբեջանում գործող մասնավոր ընկերություններից մեկից շուրջ 400 հազար եվրո էր ստացել նաև բուլղարացի տնտեսագետ Կալին Միտևը, որն անցյալ տարի ընդգրկվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) խորհրդի կազմում: Ուշագրավ է, որ Միտևի կինը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան է, որը 2010-ին այս կառույցի բարձրագույն պարգևը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային: Զեկույցի հեղինակների պնդմամբ, փողերի լվացման այս մեխանիզմին մասնակցել է ռուսական արտադրության սպառազինության վաճառքի մենաշնորհային իրավունք ունեցող РосОборонЭкспорт ընկերությունը: Danske բանկի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, РосОборонЭкспорт-ը 2012-ին 29 միլիոն ամերիկյան դոլար է փոխանցել փողերի լվացման այս մեխանիզմում ներգրավված ընկերություններից մեկին: Եվս 1 միլիոն 800 հազար դոլար է փոխանցվել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի որդուն պատկանող օֆշորային ընկերության հաշվեհամարներին: РосОборонЭкспорт-ը ևս մեկ փոխանցում է կատարել Մեհրիբան Ալիևայի հոր` Արիֆ Փաշաևի հետ առնչություններ ունեցող մի ընկերությանը: Այս բոլոր փոխանցումները կատարվել են այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը շուրջ 4 միլիարդ դոլարի սպառազինություն էր ձեռք բերել նույն РосОборонЭкспорт ընկերություններից: Ադրբեջանի նախագահի աշխատակազմն արդեն արձագանքել է հետաքննող լրագրողների բացահայտումներին: «Ո՛չ Ադրբեջանի նախագահը, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն հոդվածում տեղ գտած մեղադրանքներին: Մենք գիտենք, որ այս ամենի թիկունքում կանգնած է Ջորջ Սորոսը, որը միջազգային հանրության շրջանում կեղծարարի, խաբեբայի և ստախոսի համբավ ունի: Այն հանգամանքը, որ The Guardian թերթում հրապարակված հոդվածի հեղինակներից մեկը հայկական ծագում ունեցող լրագրողուհի Դիանա Նահապետյանն է, վկայում է, որ այս կեղտոտ մեղադրանքները նաև համաշխարհային հայության ձեռքի գործն են», - նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ: Մինչդեռ այս հրապարակումն ունեցավ հետևանքներ... Բրիտանական ընդդիմությունը պահանջում է պաշտոնական հետաքննություն սկսել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատի կողմից Միացյալ Թագավորության տարածքում փողերի լվացմամբ զբաղվելու մասին տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով: Այս մասին հաղորդում է բրիտանական ամենաազդեցիկ պարբերականներից մեկը` The Guardian-ը: Լիբերալ-դեմոկրատների նախկին առաջնորդ, խորհրդարանի անդամ Թիմ Ֆարոնը հայտարարում է՝ ադրբեջանական փողերի լվացման ողջ պատմությունը հնարավոր դարձավ այն պարզ պատճառով, որ «մասնավոր ընկերությունների գործունեության դաշտը մեծ Բրիտանիայում թույլ վերահսկելի է»: «Մեզ լիարժեք հետաքննություն է անհրաժեշտ, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ կեղտոտ փողերի միջոցով Միացյալ Թագավորության տարածքում չեն փորձել քաղաքական ազդեցության լծակներ ձեռք բերել: Ադրբեջանի կառավարությունը մարդու իրավունքների անդադար խախտումներ է թույլ տալիս, և այժմ պարզվում է, որ այդ վարչակազմը արդյունաբերական մասշտաբների ծախսեր է իրականացրել [Մեծ Բրիտանիայի տարածքում]»,- հայտարարել է Ֆարոնը: Լեյբորիստական կուսակցության ստվերային կառավարության կազմում ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Պիտեր Դոուդի խոսքով ևս շուտափույթ հետաքննության անցկացումը բխում է նախևառաջ Մեծ Բրիտանիայի պետական շահերից: «Փողերի լվացումը հարվածում է մեր տնտեսությանը, դա գողություն է, նման գործողությունների հետևանքով բրիտանական հասարակությունը կոռումպացվում է: Երկրի ֆինանսական համակարգը պետք է արդյունավետորեն նպաստի ներդրումների հոսքին, որը բարերար ազդեցություն կունենա ողջ տնտեսության վրա, այլ ոչ թե կավելացնի բրիտանացի և օտարերկրյա հանցագործների ու պլուտոկրատների օֆշորային հաշվեհամարներում եղած ֆինանսական միջոցները»,- նշել է Դոուդը: Եվրախորհրդարանում Մեծ Բրիտանիան ներկայացնող Կանաչների կուսակցության անդամ Մոլի Սքոթ Կատոն ադրբեջանական փողերի շուրջ ծագած սկանդալը շոկային է անվանում: «Մեծ Բրիտանիայում գործող ընկերությունների և օֆշորային գոտիների միջև հարաբերություններն այլասերում են [այլ պետությունների] վերնախավերին: Հետագայում էլ այդ նույն մարդիկ անազնիվ ճանապարհով վաստակած այդ միջոցներով սկսում են քաղաքական ազդեցություն գնել` կանխելով մարդու իրավունքների խախտումների և վատ կառավարման համար պատասխանատվության կանչվելու հեռանկարները»,- նշում է Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավորը: Հավելենք նաև, որ Transparency International Միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից եվրոպացի գործիչներին կաշառելու փաստերը և պատժել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ներգրավված են եղել այդ գործում: Transparency International-ի հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 7-ին կոռուպցիայի հետաքննությամբ զբաղվող ԵԽԽՎ հատուկ խմբին են ներկայացնելու ապացույցներ՝ պահանջելով դեպքի լիարժեք ու թափանցիկ հետաքննության իրականացում: Թամար Բագրատունի

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am