Ռուսական անկումն ու հայկական շահը

Կրեմլը կհայտարարի Պուտինի ինքնաառաջադրման մասին Ռուսաստանի նախագահը դեռ չի հայտարարել 2018-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, սակայն ռուսաստանյան աղբյուրները գրում են, որ Կրեմլն արդեն ակտիվորեն աշխատում է Պուտինի նախընտրական արշավի ռազմավարության վրա: Ղրիմում Պուտինին աջակցող Համառուսաստանյան ժողովրդական ճակատ շարժումը հայտարարել է երիտասարդական թևի ստեղծման մասին, որի ներկայացուցիչները հուսով են, որ իրենց ներկայացրած ծրագրերը կդրվեն Պուտինի նախընտրական քարոզարշավի հիմքում: «Կոմերսանտ» թերթը գրում է, որ Կրեմլը առաջիկա ամիսներին կհայտարարի Պուտինի ինքնառաջադրման մասին։ Թեև չի բացառվում, որ գործող նախագահի թեկնածությունը պաշտոնապես առաջադրի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, ինչպես 2012-ի ընտրությունների ժամանակ: Թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում գրեթե բոլորը համոզված են, որ Պուտինը մասնակցելու ու հաղթելու է գալիք նախագահական ընտրություններում: Հարցականի տակ է թերևս միայն այն, թե ինչ տոկոսով կհաղթի Պուտինը և կունենա արդյոք իրական մրցակիցներ: Թերթի տվյալներով, նախընտրական արշավից առաջ Կրեմլը որոշել է թարմացնել Պուտինի վստահված անձանց ցուցակը՝ ներգրավելով երիտասարդների: «Մեզանից շատերին արդեն չեն կանչում խորհրդակցությունների», - ասում է Պուտինի վստահված անձ Ալեքսանդր Իպատովը՝ համաձայնելով, որ թոշակառուներին պետք է փոխարինեն երիտասարդները։ Կրեմլը մտադիր է հրաժարվել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներից, մարզիկներից, հատկապես նրանցից, ովքեր վարկաբեկել են իրենց։ Ինքնառաջադրումը նշանակում է, որ պետք է կազմակերպվի ստորագրահավաք: «Կոմերսանտը» գրում է, որ ինքնառաջադրումը քննարկվում է այսօր որպես հինական սցենար: «Ընտրություններին մասնակցելու որոշման մասին Պուտինը մտադիր է հայտարարել դեկտեմբերին: Այսինքն` դեռ ժամանակ կա վերջնական որոշում կայացնելու համար: Սակայն եթե նույնիսկ որոշվի, որ Պուտինը ինքնառաջադրվում է, ստորագրահավաք կազմակերպելու ուղղությամբ հիմնական աշխատանքը կանի «Եդինայա Ռոսիան»», - գրում է «Կոմերսանտը»: Հունիսին, օրինակ, Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, իշխող կուսակցության վարկանիշը կազմում էր 50 տոկոսից պակաս: Պուտինի վարկանիշը հունիսի տվյալներով նույնպես 50 տոկոսի սահմաններում էր։ Մինչդեռ ռուսաստանցի փորձագետները շեշտում են, որ Պուտինին պետք է հաղթել ընտրությունների առաջին փուլում, և ամենաթույլ օղակն այս առումով երիտասարդներն են: Ռուսների խնդիրը` գնաճը, գործազրկությունն ու աղքատությունը Վերջին շրջանում Ռուսաստանում անցնող բոլոր բողոքի ակցիաների ամենաակտիվ մասնակիցները երիտասարդներն են, իսկ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տեսահոլովակները դիտում են տասնյակ միլիոնավոր երիտասարդներ: Ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը Ռուսաստանի բնակչությանն ամենաքիչն է հետաքրքրում։ Այդ մասին են վկայում «Լևադա» կենտրոնի սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Հարցվածների մեծամասնությունը՝ 61 տոկոսը, ամենալուրջ խնդիրը համարում է գնաճը։ 1999 թվականի օգոստոսին նույն խնդիրն էր մատնանշում ռուսաստանցիների 86 տոկոսը, իսկ մեկ տարի առաջ՝ 72 տոկոսը։ Աղքատությունն ու աղքատացումը անհանգստացնում են բնակչության 45 տոկոսին, գործազրկությամբ մտահոգված է հարցվածների մեկ երրորդը։ Նույնքան մարդ էլ մտահոգված է կոռուպցիայով։ Հարցվածներից չնչին՝ ընդամենը չորս տոկոսն է հայտարարել, որ իրենց ամենաշատը անհանգստացնում է քաղաքացիական իրավունքների, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումները և անկախ լրատվամիջոցների վրա ճնշումները։ Ուլյուկաևի ձերբակալություն. պառակտում իշխանության ներսո՞ւմ ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի գործով մեկնարկած դատավարությունը Ռուսաստանում ամենաքննարկվողներից է։ Ուլյուկաևը Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին դաշնային նախարարն է, ում ձերբակալել են: Նրան մեղադրում են «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար, նախագահ Պուտինի ամենամտերիմ թիմակից Իգոր Սեչինից երկու միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, ռուսաստանցիների 49 տոկոսը համարում է, որ Ուլյուկաևի ձերբակալությունը, նրա գործով դատավարությունը ցուցադրական ակցիա է: Մինչդեռ նույն ռուսաստանցիների 57 տոկոսը հավատում է, որ Ալեքսեյ Ուլյուկաևը մեղավոր է։ Ալեքսեյ Ուլյուկաևին ձերբակալել են անցած տարի նոյեմբերի 15-ին «Ռոսնեֆտի» մոսկովյան գրասենյակում, ուր, մեղադրող կողմի պնդմամբ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարարը եկել էր երկու միլիոն դոլարի կաշառքը ստանալու համար։ «Ռոսնեֆտի» ղեկավարը այս գումարը Ուլյուկաևին փոխանցել է անձամբ, որպեսզի վերջինս չխոչընդոտի «Բաշնեֆտ» նավթային ընկերության վաճառքին: Ուլյուկաևն իր մեղքը չի ընդունում և ասում է, որ սա սադրանք է, որը կազմակերպել և իրականացրել է Իգոր Սեչինը։ Վերջերս Մոսկվայի Զամոսկովորեցկի դատարանը սկսեց այս գործով լսումները: Ռուսաստանցի փորձագետները նույնիսկ խոսում են ռուսական էլիտայի լուրջ պառակտման մասին։ Նրանց կարծիքով, Ուլյուկաևի գործը չափազանց հետաքրքիր է ոչ այնքան այն պատճառով, որ խոսքը կառավարության առանցքային նախարարի մասին է, այլ ավելի շատ նրա համար, որ մեղադրող կողմի հիմնական վկան, «Ֆորբս» ամսագրի տվյալներով, 2009-ից ի վեր Ռուսաստանում իր ազդեցությամբ երկրորդ մարդն է: Մեծ աղմուկ է բարձրացրել Ուլյուկաևի հայտարարությունն այն մասին, որ ինքը մեղավոր չէ, և որ իր ձերբակալությունը Սեչինի սադրանքն էր։ Ցայսօր Ռուսաստանում միայն երկու մարդ էր իրեն թույլ տալիս հրապարակավ քննադատել Սեչինին՝ Կադիրովն ու Մեդվեդևը: Իգոր Սեչինի ազդեցությունն այնքան մեծ է, որ ոչ ոք չի կարողանում հրապարակավ հակաճառել նրան։ «Ինչ-որ մեկը Ուլյուկաևի այս խիզախության հետևում կանգնած է», - գրել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը՝ ենթադրելով, որ այդ մարդը կարող է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը լինել: Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի օրոք Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևի կարծիքով, բախվել են այնպիսի բարձր դիրք ունեցող մարդիկ, այն էլ՝ դատարանում, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ում մասնակցությամբ կլինի հաջորդ բախումը․ - «Առանցքային նախարարը կաշառք է պահանջում երկրի առանցքային մարդկանցից մեկից՝ դաշնային ընկերություններից մեկի ղեկավարից: Հաջորդ քայլն այս տրամաբանությամբ պետք է լինի, որ վարչապետը նախագահից կաշառք պահանջի»: Պետդումայի նախկին պատգամավոր Վլադիմիր Սեմագոյի կարծիքով, Ուլյուկաևին պատերազմ հայտարարելով՝ Սեչինն իրականում ուզում է լուրջ վնաս հասցնել վարչապետ Դմիտրի Մեդվեդևին․ - «Սա ավելի շուտ հարված էր ոչ թե Ուլյուկաևին, այլ Մեդվեդևի շրջապատին: Բոլորին հայտնի է, որ Իգոր Սեչինը մի քանի անգամ Պուտինին բողոքել է Մեդվեդևից՝ պնդելով, որ վերջինս իր տեղում չէ»: Թրամփը կրկին` ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու մասին «Դա վաղ թե ուշ կլինի», նախօրեին ասել է ԱՄՆ-ի նախագահը Ֆինլանդիայի նախագահի հետ Սպիտակ տանը կայացած համատեղ ասուլիսում՝ միաժամանակ խուսափելով Ռուսաստանի վերջին տարիների գործողությունները Եվրոպայում բնութագրել որպես սպառնալիք: «Ես ասել եմ այդ մասին բարձրաձայն, հստակ, և տարիներ շարունակ: Ես կարծում եմ, որ լավ կլինի, եթե մենք շատ լավ, կամ առնվազն լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ: Դա շատ կարևոր է, և հուսով եմ, մի օր այդպես էլ կլինի: Ռուսաստանը մեծ տերություն է, միջուկային պետություն, երկիր, որի հետ մենք պետք է լեզու գտնենք»: Հայտարարությունը հնչել է ամերիկյան մամուլում ի հայտ եկած նոր տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփին պատկանող ընկերությունը բիզնես բանակցություններ է վարել ՌԴ-ում: Նախօրեին, մասնավորապես, Washington Post-ը գրել էր, թե Թրամփի անշարժ գույքի գործակալությունը ցանկացել է Մոսկվայում Trump Tower կառուցել, շփումների մեջ է եղել Կրեմլի հետ, սակայն, ծրագիրը ձախողվել է անցած տարվա հունվարին՝ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ: Այս հրապարակումից ժամեր անց, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նախագահ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը բացատրություններ է ներկայացրել Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողով՝ մանրամասնելով, թե բանակցություններ, իսկապես եղել են 2015-16 թվականներին, ավելին՝ կողմերն ընդհանուր համաձայնության են հասել, սակայն հետագայում «ծրագիրը չեղարկվել է՝ բիզնեսին առնչվող տարատեսակ հանգամանքների բերումով»: Կոնգրես ուղարկված երկու էջանոց հայտարարության մեջ Թրամփի փաստաբանը միաժամանակ ընդգծել է, թե Մոսկվայում երկնաքեր կառուցելու գործարքը որևէ կապ չի ունեցել Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ: Քոենը, ով այդ տարիներին Թրամփի կազմակերպության գլխավոր խորհրդականն ու փոխնախագահն էր, կոնգրեսականներին ուղղված հայտարարության մեջ նաև բացահայտել է, որ ժամանակին ինքը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին՝ խնդրելով աջակցել այս ծրագիրն իրականացնելու հարցում: Նախագահ Թրամփի փաստաբանը պնդում է, թե Կրեմլ ուղարկված այդ նամակը մնացել է անարձագանք, և որ ինքը չի հիշում նաև որևէ այլ շփում Ռուսաստանի նախագահի կամ նրա խոսնակի հետ: Ամերիկյան մամուլին, սակայն, առավել հետաքրքրում է նամակին առնչվող մեկ այլ մանրամասն: Թրամփի փաստաբանը խոստովանել է, որ ՌԴ իշխանություններին նամակով գրելու խորհուրդն իրեն տվել է Խորհրդային Միությունում ծնված, վեց տարեկանում Նահանգներ տեղափոխված, այժմ խոշոր գործարար Ֆելիքս Սեյթերը, ով պնդում է, թե «անձնական լավ կապեր ունի Կրեմլում»: Անշարժ գույքի բիզնեսով զբաղվող, «Թրամփ թաուերում» գրասենյակներ ունեցող 51-ամյա Սեյթերի անունը վաղուց է շոշափվում ամերիկյան մամուլում: Անցած ամիսներին լրատվամիջոցները մի շարք մանրամասներ էին հրապարակել ռուսական մաֆիայի հետ նրա կապերի, հանցավոր անցյալի ու դատական գործերի մասին: Այս շաբաթ էլ «Նյու Յորք թայմսը» նոր գույներ ավելացրեց պատկերին՝ պնդելով, թե Սեյթերը նախընտրական շրջանում նամակներ է ուղարկել Թրամփի փաստաբանին ու պարծեցել, թե կարող է ստանալ Պուտինի աջակցությունը, և կամ՝ «մեր տղան կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ, մենք կարող ենք դա կազմակերպել»: Հրապարակելով անձնական նամակների այս մանրամասները՝ «Նյու Յորք թայմսը» միաժամանակ հաղորդեց, որ առայժմ չկա որևէ փաստ, որը կապացուցեր, թե Սեյթերն ի վերջո հասել է իր նպատակին: Նախագահ Թրամփի փաստաբանը ևս հերքել է նրա միջամտությունը՝ պնդելով, թե գործարարը գերագնահատել է իր հնարավորությունները: Նախագահ Թրամփի փաստաբանը շարունակում է պնդել, որ Մոսկվայում շքեղ հյուրանոց ու գրասենյակներ կառուցելու ծրագիրը մեկն էր անհամար այն նախագծերից, որ Թրամփի ընկերությունը առաջ է տանում ողջ աշխարհով մեկ: ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Հնարավոր է, որ առաջիկայում ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ։ Այս մասին, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության իրենց աղբյուրին, հայտնեց Gazeta.ru օնլայն պարբերականը։ Այս անգամ պատժամիջոցների թիրախ կդառնան Ռուսաստանի բանկային սեկտորը, մասնավորապես «Банк России», «Газпромбанк», «Россельхозбанк» բանկերը: Այս խոշորագույն բանկերի դեմ պատժամիջոցները չեն կարող չանդրադառնալ Ռուսաստանի ողջ ֆինանսաբանկային համակարգի վրա։ Ընդ որում, Gazeta.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ը այս նոր պատժամիջոցներին միանալու հայտ է ներկայացրել նաև Եվրամիությանը: Մինչ այժմ Եվրամիությունը զգուշությամբ էր վերաբերվում ամերիկյան այն պատժամիջոցներին, որ հակասում էին Եվրոպայի շահերին։ Պատժամիջոցների մասին խոսել է նաև Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթը: «Բարաք Օբամայի ադմինիստրացիան ընտրության առջև էր կանգնած. ուզո՞ւմ ենք մենք պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, թե ոչ: Ոչ ոք չէր ուզում: Ինչպես ես եմ հասկանում, պատերազմ չէր ուզում նաև Ռուսաստանը: Եվ քանի որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված խախտել էր միջազգային նորմերը, Միացյալ Նահանգները պետք է իր անհամաձայնությունը արտահայտեր: Եվ հենց այդ պատճառով էլ սահմանվել էին այդ պատժամիջոցները», - պարզաբանել է դեսպանը: - «Իսկ նոր պատժամիջոցները, որ Սենատը վերջերս էր ընդունել, արդեն ԱՄՆ ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության փորձին ի պատասխան էր», - Эхо Москвы ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը, ով սեպտեմբերին արդեն վերադառնում է Վաշինգտոն: ՌԴ-ում ԱՄՆ վիզաների դադարեցումն ու մեր շահը Անցած հուլիսին, հակադարձելով ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի հանդեպ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներին, Կրեմլը Վաշինգտոնից պահանջել էր 755-ով կրճատել Ռուսաստանում գործող ամերիկացի դիվանագետների թիվը։ Ռուսաստանի՝ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության թվակազմը 755-ով կրճատման որոշումից հետո, Վաշինգտոնը որոշել էր դադարեցնել ողջ Ռուսաստանի տարածքում վիզաների տրամադրումը, միաժամանակ փոփոխվել են վիզաների ձևակերպման ժամկետները։ Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 23-ին։ Վիզաների տրամադրումը կվերսկսվի սեպտեմբերի 1-ից, բայց միայն Մոսկվայում։ Ամերիկյան վիզաների տրամադրումը դադարեցնելը վրեժ չէ, այլ ՌԴ իշխանությունների որոշմամբ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի կրճատելու հետևանք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը՝ խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված ռուսաստանցիների համար ԱՄՆ վիզաների տրամադրման դադարեցումը: Միևնույն ժամանակ նա ցավ է հայտնել, որ որոշ ռուս մեկնաբաններ տեղի ունեցածը ներկայացնում են որպես «մեր կողմից ցինիկ փորձ, որ դրանով փորձում ենք պատժել ռուսաստանցիներին ի պատասխան մեր կադրային կազմը կրճատելու պահանջի»։ «Դա բոլորովին այդպես չէ։ Սա վրեժ չէ, բայց մեր անձնակազմն այնքան է կրճատվել, որ ստիպված ենք վերաբաշխել մի շարք խնդիրներում մեր կադրային ռեսուրսները։ Վիզաների տրամադրումը դրանցից մեկն է»,-ընդգծել է դեսպանը։ Բայց այստեղ ամենաուշագրավը մեկ այլ տեղեկություն էր, որ հայտնեցին Երևանից և Թբիլիսիից: ՌԴ քաղաքացիները կարող են ստանալ ԱՄՆ մեկնելու վիզաներ այլ պետություններում, այդ թվում Հայաստանում, գործող ամերիկյան դեսպանատներից: Օրերս Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, թե պատրաստ են ԱՄՆ մուտքի վիզաներ տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին, եթե վերջիններս դիմեն Վրաստանում ԱՄՆ դեսպանություն: Ամերիկյան դեսպանատանը պարզաբանել են՝ երրորդ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը սովորական աշխատանքային գործընթաց է: Ընդ որում՝ նշվում է, որ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիները մուտքի վիզան կարող են ստանալ ութ օրվա ընթացքում: Նկատենք նաև, որ չնայած Ռուսաստանի և Վրաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, այդուհանդերձ, պաշտոնական Թբիլիսին, 2012-ից սկսած, Ռուսաստանի քաղաքացիների համար միակողմանիորեն չեղարկել է մուտքի վիզայի պահանջը, և արդեն 5 տարի է, ինչ ՌԴ քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել Վրաստան: Դիտորդները նկատում են, որ այս հնարավորությունը հետաքրքիր կարող է լինել ՌԴ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի բնակիչների համար: Ռուսաստանի քաղաքացիները կարող են ԱՄՆ մուտքի վիզա ստանալ աշխարհի այլ երկրների դեսպանատներում, այդ թվում՝ Երևանում, այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Սա, անշուշտ լավ հնարավորություն է` թե՛ Հայաստանի դեր, թե՛ տնտեսական զարգացման տեսանկյունից: Ռուս զբոսաշրջիկների այցելությունները Հայաստանում, այժմ արդեն ԱՄՆ վիզա ստանալու նպատակով, իրենց հերթից զբոսաշրջային շարժին ու աշխուժացմանը կնպաստեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Լույս չի լինի Երկրաշարժ է գրանցվել 5 բալ ուժգնությամբ Էլ մուկ, էլ ձուկ. ԱԺ աշխատակազմի ղեկավարի մականունը պարզելու հետքերով Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը հայտարարություն է տարածել 9 անշարժ գույք, այդ թվում՝ Բուլղարիայում և Հունաստանում, և միլիոններ, միլիոններ. Գրիգոր Մինասյանի ու տիկնոջ հայտարարագրերը. 168.am Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին. Աբրահամյան 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր Կա´մ ունենալու ենք հայրենիք, կա´մ չենք ունենալու. որոշեք Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու Ո՞վ է եղել Սամվել բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը Գլխավոր դատախազն ու ՆԳ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Արգիշտի Քյարամյանը և Վահե Ղազարյանը ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ահաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվել Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Օրվա կադրը. Նիկոլը դիմավորում է Բելառուսի վարչապետին Հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am