Պուտինի հսկայական բունկերները. ի՞նչ է ծրագրել Ռուսաստանը

Հուլիսի 7-9-ը Գերմանիայում կայանալու է Մեծ քսանյակի` G20-ի գագաթնաժողովը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, անցյալ շաբաթ հայտնեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը։ Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր՝ ենթադրում է, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն ու Թրամփն այսպես թե այնպես կհանդիպեն, կշփվեն։ Հարցին, թե երկու երկրների առաջնորդների առանձին հանդիպում հնարավո՞ր է, Պեսկովը պատասխանել էր. - «Նման նախապատրաստական աշխատանքներ, ցավոք, չեն տարվում»։ Գրեթե նույնն էր ասել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր տեսակետից՝ հանդիպումը տեղի կունենա, քանի որ նախագահները միաժամանակ կգտնվեն նույն քաղաքում, նույն շենքում, նույն դահլիճում, և, հավանաբար, սխալ կլինի, եթե նրանք չխոսեն», - հունիսի 28-ին Կրասնոդարում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր Լավրովը, հավելելով, որ «անհրաժեշտ է ձգտել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև երկխոսության նորմալացման»: Թրամփի ընտրվելուց հետո սա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների առաջին հանդիպումը կլինի, մինչ այդ երկու երկրների նախագահները միայն հեռախոսով են զրուցել՝ երեք անգամ։ Փոխարենը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այցելել էր Մոսկվա, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Վաշինգտոն։ Նշենք, որ երեկ Մոսկվայում Պուտինը հանդիպել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին։ Տարիներ շարունակ Պուտինն ու Քիսինջերը մտերիմ հարաբերություններ ունեն և հանդիպելու առիթը բաց չեն թողնում։ Թե ինչի մասին են զրուցել Ռուսաստանի նախագահն ու Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը, Կրեմլի տարածած հաղորդագրությունում չի նշվում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերի հայտնած տեղեկությունից հետո արդեն Կրեմլի Դմիտրի Պեսկովը նշեց, որ հիմա քննարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Համբուրգում նախատեսվող հանդիպման ձևաչափը: Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կողմերի համար շատ կարևոր է քննարկել Սիրիայի թեման: Հունիս 30-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցեր»: Մանրամասներ չեն փոխանցվում: Այսպես, Պուտինն ու Թրամփը կհանդիպեն հուլիսի 7-8-ը՝ Համբուրգում: Պաշտոնական Մոսկվան շեշտում է, թե` «անհրաժեշտ է ձգտել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև երկխոսության նորմալացման»: Պարզ է, որ Պուտինի և Թրամփի համար, մասնավորապես օրակարգի կարևոր թեման կլինի Սիրիայում պատերազմը: Այս հանդիպումը կայանալու է մի մթնոլորտում, երբ ամերիկացի և եվրոպացի մի խումբ նախկին դիվանագետներ, նախկին պաշտոնյաներ, քաղաքական հարցերով փորձագետներ ԱՄՆ-ի Սենատի լսումներում զգուշացրել են, որ եվրոպական երկրների ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը չի թուլանում, և դրան հակազդելու նպատակով Վաշինգտոնն ու Բրյուսելը պետք է ավելի սերտ համագործակցեն: ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում օրերս անցկացված լսումներում Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլաս Բըրնսն ասել է. «Կասկած չկա, որ Ռուսաստանը սիստեմատիկորեն աշխատել է՝ խարխլելու 2016թ. մեր նախագահական ընտրությունները, իսկ այս տարի՝ Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրությունները»: ՆԱՏՕ-ում Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) նախկին դեսպան Վեսկո Գարչևիչն ասել է, որ Ռուսաստանը 2016թ. փորձել է հեղաշրջում իրականացնել իրենց երկրում: Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը Սերբիայում ռուսամետ քաղաքական ուժ էր ստեղծել՝ փորձելով խոչընդոտել ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության գործընթացը: Ռիգայում ՆԱՏՕ-ի հիմնադրած հետազոտական կենտրոնի ղեկավար Յանիս Սարթսի խոսքով՝ «հարձակումների մասին իրազեկված երկրներն ավելի դիմացկուն են, քան նրանք, որոնք դրան ուշադրություն չեն դարձնում»: Հիշեցնենք, որ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը, ինչպես նաև կոնգրեսական այլ հանձնաժողովներ ուսումնասիրում են 2016-ի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մեղադրանքները: Ինչ արդյունքներ կլինեն այս շաբաթ սպասվող` աշխարհի ուշադրության կիզակետում գտնվող թիվ մեկ հանդիպումից հետո` դեռ վաղ է կանխատեսել: Մի բան ակնհայտ է, անկախ արդյունքներից հանդիպումը նախ սկիզբ է` հետագա շփումներն ինտենսիվացնելու համար, բայց դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում ընթացքը կլինի այնպիսին, ինչպես Մոսկվան էր պատկերացնում Թրամփի ընտրություններից առաջ և հետո` սկզբնական շրջանում: Նկատենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ Կրեմլն անհավանական չի համարում «միջուկային Արմագեդոնը»: ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության՝ ՌԴ-ի զինված ուժերի մասին վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հսկողության տակ կա երկու հսկայական ստորգետնյա բունկեր, հայտնում է «Ազատությունը»: Այդ գերպաշտպանված ամուր կառույցներում միջուկային պատերազմի վտանգի պարագայում պետք է ապաստանի Ռուսաստանի քաղաքական-զինվորական վերնախավը: Ընդհանուր հաշվով, ըստ Պենտագոնի փորձագետների, երկու բունկերներում կտեղավորվի մինչև 10 հազար մարդ: Մոտ 300 մետր խորության վրա գտնվող այդ հսկայական բունկերներից մեկը հենց Կրեմլի տակ է, մյուսը՝ Մոսկվայի պետական համալսարանին հարող տարածքում: Ըստ զեկույցի, «միջուկային Արմագեդոնը» վերապրելու համար կառուցված բունկերները միմյանց հետ կապված են թունելներով, բունկերներից կարելի է ստորգետնյա երկաթգծով հասնել հրամանատարական մյուս կառույցներ, ինչպես նաև 27 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Վնուկովո» կառավարական օդանավակայան: Ըստ Պենտագոնի փորձագետների, պաշտպանական ստորգետնյա երկու ուրիշ կառույցներ գտնվում են Մոսկվայից 60 կիլոմետր հարավ: Բունկերներում կան պարենի պաշարներ, ջեռուցում, թթվածին, կապի միջոցներ, բուժկետեր և կյանքի համար անհրաժեշտ այլ համակարգեր: «Գերապահով այդ բունկերներում մարդիկ կարող են ամիսներ շարունակ ապրել միջուկային գրոհներից հետո», - նշում են Պենտագոնի փորձագետները: Զեկույցում ասվում է, որ Կրեմլում անհավանական չեն համարում համաշխարհային պատերազմի հնարավորությունը, համոզված լինելով, որ ԱՄՆ-ը հետապնդում է Ռուսաստանում ռեժիմը փոխելու նպատակ: «Մոսկվայում ենթադրում են, որ Ամերիկան ցանկանում է աշխարհին պարտադրել մի ընդհանուր արժեհամակարգ, ինչը կընձեռի Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու և իշխանափոխության հասնելու հնարավորություն», - նշված է զեկույցում: Դա առաջին նմանօրինակ փաստաթուղթն է, որը հրապարակվում է «սառը պատերազմի» ավարտից հետո: Մինչ այդ Պենտագոնը Կոնգրեսի համար ամեն տարի կազմել է զեկույցներ Խորհրդային Միության զինված ուժերի մասին, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զեկույցների կարիք, ըստ ամերիկացի փորձագետների, այլևս չի եղել: Պենտագոնի հետախուզական գործակալության տնօրեն, ծովային հետևակի գեներալ-լեյտենանտ Վինսենթ Սթյուարթն ասել է, որ հաշվի առնելով բանակն արագ և արդյունավետ արդիականացնելու Մոսկվայի քաղաքականությունը՝ նորից ի հայտ է եկել Ռուսաստանի ռազմական ուժը և ծրագրերը գնահատելու անհրաժեշտություն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Էլ մուկ, էլ ձուկ. ԱԺ աշխատակազմի ղեկավարի մականունը պարզելու հետքերով Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը հայտարարություն է տարածել 9 անշարժ գույք, այդ թվում՝ Բուլղարիայում և Հունաստանում, և միլիոններ, միլիոններ. Գրիգոր Մինասյանի ու տիկնոջ հայտարարագրերը. 168.am Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին. Աբրահամյան 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր Կա´մ ունենալու ենք հայրենիք, կա´մ չենք ունենալու. որոշեք Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու Ո՞վ է եղել Սամվել բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը Գլխավոր դատախազն ու ՆԳ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Արգիշտի Քյարամյանը և Վահե Ղազարյանը ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ահաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվել Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Օրվա կադրը. Նիկոլը դիմավորում է Բելառուսի վարչապետին Հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ցուցադրվում է «Բագրատ Սրբազան․ Առաջնորդը» Ֆիլմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am