Ինչի՞ դիմաց կհանվեն պատժամիջոցները Ռուսաստանից

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներն առաջին պաշտոնական հեռախոսազրույցն ունեցան: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կես ժամ տևած զրույցի ընթացքում երկու կողմն էլ հայտնել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վերականգնելու և բարելավելու տրամադրվածության մասին. «Մանրամասն քննարկվել են միջազգային արդի խնդիրները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, արաբա-իսրայելական հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վիճակը և Կորեական թերակղզին։ Անդրադարձ է եղել նաև ուկրաինական ճգնաժամի հիմնական կետերին։ Համաձայնություն է ձեռք բերվել գործընկերային հարաբերություններ հաստատել այս և այլ ուղղություններով»։ Կրեմլը, սակայն, չի նշում, թե արդյոք Թրամփն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները թուլացնելու հարցը։ Սպիտակ Տունը առայժմ այս հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն չի տարածել։ Պաշտոնական Մոսկվան նաև փոխանցում է, որ երկու նախագահները դրական են արտահայտվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի քայլերը համակարգելու հարցում։ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց հանդիպման հնարավոր օրը և վայրը ծրագրելու մասին հանձնարարականներ տալ։ Երկու երկրների առաջնորդները նաև համաձայնել են պարբերաբար շփվել իրար հետ։ Ռուսաստանում դրական են գնահատում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ անցած շաբաթ օրվա հեռախոսազրույցը, որն առաջինն էր Ամերիկայի ղեկավարի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունից հետո: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ, քաղաքական կամքի առկայության պարագայում, երկու երկրներն ունեն համագործակցության անսահման հնարավորություններ: Լավրովն անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին, նշելով, թե երկու երկրները կարող են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Մոսկվայի և Վաշինգտոնի համար առաջնահերթությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարն է: Լավրովի համոզմամբ, այդ հարցում երկու երկրները, քաղաքական կամքի առկայության պարագայում, ունեն համագործակցության անսահման հնարավորություններ: Լավրովի խոսքով, հունվարի 28-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում երկու նախագահները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի թեման: Լավրովը նաև նշել է, թե բուն զրույցը դրական էր թե՛ քաղաքական, և թե՛ մարդկային առումով: «Զրույցը, որը հասկանալի պատճառներով, կենտրոնացած էր հայեցակարգային խնդիրների վրա, առանց մանրամասների մեջ խորանալու, վկայեց, որ մի շարք ասպարեզներում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են»,- ասել է Սերգեյ Լավրովը: Վերջինիս փոխանցմամբ, Պուտինը և Թրամփը պայմանավորվել են շարունակել «այս աշխատանքը» ինչպես փորձագետների մակարդակով, այնպես էլ իրենց հնարավոր շփումների շրջանակներում: Դրանց ժամկետները և օրակարգը դեռ պետք է համաձայնեցվեն, ասել է ՌԴ արտգործնախարարն ու շարունակել. «Փորձագետների մակարդակով քննարկումները, թերևս կդառնան պարբերական այն բանից հետո, երբ վերջնականապես կձևավորվի Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին հարաբերությունների ոլորտը կարգավորող թիմը»: Լավրովի փոխանցմամբ, Թրամփը Պուտինի հետ զրույցում մարդու իրավունքների հարցը չի արծարծել: Նախագահների առաջին հեռախոսազրույցին, ըստ նրա, բնորոշ է եղել փոխադարձ հարգանքը․ նրանք մեկ մեկու խրատներ չեն կարդացել, փոխարենը՝ «յուրաքանչյուրը կենտրոնացել է իր երկրի ազգային շահերի վրա»: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա նախքան Համբուրգում այս տարվա հուլիսին կայանալիք «Մեծ քսանի» գագաթնաժողովը: Պուտինի խոսնակի փոխանցմամբ, երկու նախագահներն իրենց օգնականներին հանձնարարել են հնարավորինս արագ քննարկել մինչև գագաթնաժողովը հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: «Երկու նախագահները նշել են փոխհարաբերություններում հարգանքի կարևոր սկզբունքը: Ընդգծվել է, որ ամերիկացիները հարգանք են տածում ռուսների նկատմամբ, Պուտինն էլ ասել է, որ ռուսները հարգանքով են վերաբերվում ամերիկացիներին, այդ իմաստով դա շատ կարևոր զրույց էր»,- ասել է Պեսկովը և ավելացրել՝ «Անցած տարիների ընթացքում փոխադարձ հարգանքի պակասն է եղել մեր հարաբերություններում գրանցված նահանջի և վատթարացման պատճառը»: Ուշագրավն այն է, որ պաշտոնական Մոսկվայի հույսերը այնքան էլ իրականում հուսադրող չեն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հանման մասին, նա հայտարարել է մամլո ասուլիսի ընթացքում: Թրամփը չի հայտնել թեմաները, որոնք հունվարի 28-ին պետք է հեռախոսազրույցի ընթացքում քննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ընդգծել է, որ դեռևս վաղ է խոսել պատժամիջոցների հանման մասին: Ընդ որում, նա նշել է, որ կցանկանար լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, սակայն հասկանում է, որ դա հնարավոր չէ: Ամենից շատ նա ցանկանում է լավ հարաբերություններ Ռուսաստանի և Չինաստանի հետ: Մյունխենի անվտանգության տարեկան խորհրդաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը Focus հանդեսին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տեսանելի ապագայում կփոխի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության նկատմամբ: «Նա շատ արագ կհասկանա, որ ՆԱՏՕ-ն նախևառաջ ԱՄՆ-ի շահերին է ծառայում, այլ ոչ թե միայն զբաղված է, իբրև թե, կարիքի մեջ գտնվող անդամներին օգնելով: Բացի այդ, նա կհասկանա, որ ամերիկացիների միակ հուսալի դաշնակիցները եվրոպացիներն են», - ասել է Իշինգերը և ավելացրել. - «Թրամփն արդեն հասցրել է գժտվել Չինաստանի հետ, իսկ առաջիկայում դեռ կհիասթափվի Ռուսաստանից»: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցին: «Պատժամիջոցները սահմանափակ արդյունք են ապահովում, դրանք սահմանել ենք, քանի որ ավելի արժեքավոր գաղափար մեր գլխով չէր անցել: Եթե Թրամփը Պուտինին համոզի հեռանալ Ուկրաինայի արևելքից, ինչը կընձեռի մինսկյան պայմանավորվածությունները կատարելու հնարավորություն, ապա պատժամիջոցները կարելի կլինի անմիջապես չեղարկել», - ասել է Իշինգերը: Մինչդեռ, Կրեմլում բացառում են պատժամիջոցների չեղարկման դիմաց որևէ գործարք ԱՄՆ-ի հետ: Համենայն դեպս, այդ է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից առաջ պնդել ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Հիմա վաղ է խոսել ինչ-ինչ գործարքների մասին»: Հասարակական կարծիքի հետազոտման «Լևադա» կենտրոնը հրապարակել է զեկույց, որի համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների 41 տոկոսի համոզմամբ, իրենց երկիրը հիմա հավասարի իրավունքով տեղ է գրավել մոլորակի առավել ազդեցիկ տերությունների խմբում: 37 տոկոսն այդպես չի մտածում՝ նշելով, որ Ռուսաստանը առաջատար երկրներից հետ է մնում տնտեսական զարգացման առումով: Հարցվածների մեծ մասը՝ 39 տոկոսը, համոզված է, որ առաջատար երկրներում Ռուսաստանը համարում են մրցակից, 30 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը թշնամի են համարում, և միայն 16 տոկոսի համոզմամբ՝ այդ երկրներում Ռուսաստանին վերաբերվում են որպես գործընկերոջ: Հարցվածների 67 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը, ի հեճուկս պատժամիջոցների, պետք է շարունակի այսօրվա քաղաքականությունը, 62 տոկոսն էլ համարում է, որ անհրաժեշտ է մերվել պատժամիջոցներից բխող սահմանափակումների և դժվարությունների հետ: Ի դեպ, մեկ ուշագրավ տեղեկություն ևս. Լեհաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո ԱՄՆ-ը M1A2 Abrams տանկերը կտեղակայի Մերձբալթիկայում, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ սա ամերիկյան տեխնիկայի խոշորագույն տեղակայումն է ռուսական սահմանի վրա «սառը պատերազմի» տարիներից ի վեր։ Ամերիկյան տանկերը Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում կմնան նվազագույնը մինչև գարուն։ Նշվում է, որ Լեհաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները ծրագրավորվել էին նախքան ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելը։ Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Արևելյան Եվրոպայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի ներկայությունը համարում են նշան առ այն, որ ԱՄՆ-ը շարունակում է հակված մնալ դաշինքին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am