Ինչ են իրավապահները հայտնաբերվել «Yerevan Today»-ի խմբագրությունում
«Yerevan Today» լրատվականի խմբագրությունում այսօր կատարված խուզարկության հետևանքով իրավապահները չեն հայտնաբերվել այն, ինչ փնտրել են: Լրագրողների հետ ճեպազրույցում Սևակ Հակոբյանը նշեց, որ, համենայնդեպս, այդպես արձանագրվել է՝ այն ինչ փնտրում են չկա, բայց տարել են տեխնիկան: Սևակ Հակոբյանը նաև նշեց, որ խմբագրություն խուզարկության են գնացել 9 հոգով, սակայն մեծ համակարգ է աշխատել՝ տեղում հեռախոսազրույցների միջոցով խորհրդակցել են այլ անձանց հետ: Կայքի խմբագրի խոսքով՝ խմբագրության աշխատանքը պարալիզացվել է՝ տարել են համակարգիչները, իսկ թե երբ կվերադարձնեն՝ հայտնի չէ: Միևնույն ժամանակ նա նաև նշեց, որ կփորձեն հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչից հետո համապատասխան հայտարարությամբ հանդես կգան: Ինչ վերաբերում է լուրերին, թե կայքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է պատկանում՝ Սևակ Հակոբյանը հերքեց, նշելով, որ Ռ.Քոչարյանը կապ չունի կայքի հետ: Նշենք, որ «Yerevan Today» լրատվականի խմբագրությունում խուզարկությունը մասնավորապես կապվում է այն հանգամանքի հետ, որ այս լրատվամիջոցում ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունն ավելի վաղ է հայտնվել, քան մյուս լրատվամիջոցներում: